Բաժիններ՝

«Ես հայերից նեղացել եմ, քանի որ կարմրուկի մասին կեղծ լուրեր տարածեցին և վնասեցին մեր բիզնեսն ու նախագծերը». վրացի գործարար

«Մեզ մոտ կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել: Կեղծ մեկ տեղեկատվությունը կարող է վնասել մի ամբողջ տարածաշրջանի բիզնեսի զարգացումը, մենք ուղղակի զարմացած ենք, թե ովքեր և ինչ նպատակով են տարածում նման կեղծ լուրեր»,- Galatv.am-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնել վրացի գործարար Ջամբուլ Գոգիտիձեն:

Նա հաջողակ գործարար է, զբաղվում է հյուրանոցային բիզնեսով, Հայաստանի իր գործընկերների հետ համատեղ կազմակերպում է համերգներ, փառատոններ, առանձնահատուկ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ:

Ջամբուլ Գոգիտիձեի հավաստմամբ` իրեն պատկանող հյուրանոցային համալիրից հայերը միշտ օգտվել են հարմար, զեղչված գներով, ընդունել են հազարավոր մարդկանց և խմբերի:

«Քոբուլեթիում մենք կազմակերպում ենք միջազգային փառատոն՝ Վրաստանի, Հայաստանի և այլ երկրների պարային խմբերի, երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, կատարվում էր մրցանակաբաշխություն, տալիս էինք թանկարժեք մրցանակներ. մի խոսքով կայացած փառատոն էր, որին անցյալ տարի մասնակցել է շուրջ 1200 մարդ՝ նաև Լեհաստանից, Մերձբալթյան երկրներից: Ամենաշատ մասնակիցները Հայաստանից էին, մենք նրանց ընդունում էինք, տեղավորում, ամենահարմարավետ պայմանները ստեղծում նրանց համար, սակայն այս տարի ինչ-որ համաճարակի կեղծ ապատեղեկատվության պատճառով հայկական խմբերը չժամանեցին Վրաստան, և մենք լուրջ ֆինանսական կորուստներ ունեցանք: Զգալի տույժ-տուգանքներ ենք մուծել, քանի որ համերգային դահլիճ էինք վարձակալել»,- նշում է Ջամբուլ Գոգիտիձեն:

«Մեզ Երևանից հայտնեցին, որ Հայաստանում խուճապ կա, և շատերն իրենց գումարները հետ են վերցրել ու հրաժարվում են մեկնել Աջարիա: Մենք ուղղակի չէինք հավատում, սակայն մեր գործընկերներից պարզեցինք մանրամասները, ուսումնասիրեցինք հայկական հեռուստաընկերությունների ցուցադրած տեսանյութերը և հիմա փորձում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի վրացական կողմից այդ տեղեկատվությունը հերքող պաշտոնական հայտարարություն հնչի»:

Ըստ վրացի գործարարի` Քոբուլեթիում կարմրուկի դեմ պատվաստումներ արվել են ձմռանը, դա սովորական, ընդունված գործընթաց է, որը կատարվում է բոլոր երկրներում՝ նաև Հայաստանում, իսկ հիվանդության տարածվածության կամ մասսայական դեպքերի մասին լուրերը կեղծ են:

«Նման բան չկա, կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել: Որպես ապացույց կարող եմ նշել, որ այս տարի Քոբուլեթի, նաև Բաթումի այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Շատ են գալիս հատկապես Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Լեհաստանից: Մենք մեր գլխի ճարը կտեսնենք, այլ հանգստացողների կընդունենք, այլ տուրիստական կազմակերպությունների հետ կհամագործակցենք. հարցը դրանում չէ, պարզապես մենք միշտ լավ էինք վերաբերվում հայերին, նրանց ընդառաջում էինք, մատչելի գներ առաջարկում, համատեղ միջոցառումներ կազմակերպում, իսկ հիմա նման պատասխան ենք ստանում: Մենք մի քիչ նեղացել ենք, բայց ոչինչ. գիտենք, որ ժողովուրդը այդ ապատեղեկատվության հետ կապ չունի, դա հատուկ շահագրգիռ մարդիկ են անում, ովքեր փորձում են այստեղ հանգստացող հայերին ուղղորդել Սևան կամ Ծաղկաձոր, բայց մենք լավ գիտենք, թե ինչ գներ են այնտեղ: Ամեն դեպքում, մենք հայերին հարգում ու սիրում ենք, և շատ կուզենայինք շարունակել մեր փոխշահավետ համագործակցությունը»,- եզրափակել է վրացի գործարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս