Պայթելու է համակարգը. օդի աղտոտվածություն և քաղցկեղ. ինչո՞ւ է պետությունը հրաժարվում պատասխանատվությունից. Անահիտ Ավանեսյանը պետք է բացատրի. Լուսինե Յաղջյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը hամաճարակաբան, դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի դասախոս Լուսինե Յաղջյանն է։
Լուսինե Յաղջյանը սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև կրթությունը շարունակել է Առողջապահական գիտությունների ֆակուլտետում (Ջոնս Հոփքինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության դպրոցի հետ համագործակցությամբ), փիլիսոփայության դոկտոր (Ph.D.) է համաճարակաբանության գծով (ԱՄՆ, Օհայո, Սինցինատիի համալսարան, Շրջակա միջավայրի առողջության ամբիոն, համաճարակաբանության բաժին), Օհայո, ԱՄՆ (ղեկավար՝ դոկտոր Սյուզան Փինի): 2009–2013թթ.՝ Հետդոկտորական հետազոտող, քաղցկեղի կանխարգելում և հսկողություն (Վաշինգտոնի համալսարան, Սենթ Լուիս և Սայթմանի քաղցկեղի կենտրոն, ղեկավար՝ դոկտոր Գրեհեմ Քոլդից): 2013 թվականից աշխատում է ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանում՝ որպես դասախոս։ Ունի 23 տարվա փորձ առողջապահության և քաղցկեղային հիվանդությունների էպիդեմիոլոգիա ոլորտում:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Հայաստանի առողջապահության պատկերը շատ մտահոգիչ է, վիճակը՝ շատ տխուր: Առողջապահական համակարգի բոլոր ջանքերն ուղղված են վերջին փուլին, երբ հիվանդն արդեն հիվանդանոցում է, մինչդեռ առաջնային ու երկրորդային կանխարգելման փուլերը շատ կարևոր են: Դժբախտաբար, ես չեմ տեսնում, որ դա Հայաստանում արվում է: Առավելագույնն արվում են երկրորդային կանխարգելումներ, որոնք էլ, եթե ճիշտ չարվեն, կբերեն համակարգի կոլապսի:
- Մինչև վերջերս ուռուցքաբանության գծով Հայաստանում կոնկրետ ռեգիստր չի եղել: Վերջերս այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արվում են, բայց իմ փորձերը՝ կապի մեջ մտնել պատասխանատուների հետ, ոչ մի արդյունքի չբերեցին: Տարիներ են պետք, որ այդ ռեգիստրը վավերացվի: Պետք է ակտիվ հետևել այդ հիվանդներին, անընդհատ կապի մեջ լինել նրանց հետ: Առանց դրա՝ հստակ, ճշգրիտ տվյալներ ուռուցքաբանական հիվանդությունների մասին հնարավոր չէ ունենալ:
- Սքրինինգի ծրագրերն են ավելացվում Հայաստանում, ինչն իր հետ նոր խնդիրներ է առաջացնում: Թեստավորում կամ բուժում իրականացնող բժշկական հաստատությունները պետք է պատրաստ լինեն մեծ քանակով պացիենտներին սպասարկելու, որովհետև եթե մեծ քանակով նոր պացիենտներ հայտնաբերվեն ու չբուժվեն, սքրինինգի ամբողջ նպատակը կկորչի:
- Պաշտոնական զեկույցներում ներկայացված ցանկացած անցկացված հարցում պետք է ունենա կոնկրետ նպատակ, որ ասես՝ սա է կոնկրետ պատճառը, ու սրա հիման վրա կարող ենք անել հետևյալ քայլերը: Հարցումները միայն գեղեցիկ աղյուսակներ գծելու համար չեն: Ի՞նչն է ավելի կարևոր՝ գյուղում ապրող մարդու զուգարանը դրսո՞ւմ է, թե՞ ոչ, թե՞ այն, որ դուք երկիր աշխատուժ եք բերում մի երկրից, որտեղ հիգիենան շատ ցածր մակարդակի վրա է, և կան բազմաթիվ վիրուսներ:
- Այդ զեկույցներում հարցումներից մեկը դեպրեսիային էր վերաբերում: Հարցման մեջ հետևյալ հարցը կար՝ ովքե՞ր են ավելի շատ դեպրեսիայի մեջ ընկնողները՝ 44-օրյա պատերազմում կորուստ ունեցողնե՞րը, թե՞ չունեցողները: Պարզ է, չէ՞, որ ունեցողներն են ավելի շատ: Հետևաբար՝ ո՞րն է այս հարցման վրա պետական ռեսուրս վատնելու իմաստը: Աբսուրդ հարցեր կան այդ հարցումների մեջ, ու պարզ չէ դրանց նպատակը:
- Հայտարարվել էր, թե Հայաստանի առողջապահության նախարարությունը սկսել է կազմել քաղցկեղի ռեգիստր, որը կստանա և կհավաքագրի տվյալներ քաղցկեղով հիվանդների մասին: Սակայն ես տեսնում եմ, որ տվյալների ճշգրիտ հավաքագրման բացակայություն է: Սա ոչ միայն ազդում է առողջապահական վիճակագրության և պլանավորման ճշգրտության վրա, այլև խոչընդոտներ է ստեղծում։ Ավելին, հնարավոր չէ գնահատել որևէ իրականացված ծրագիր, եթե դրա տվյալները ճշգրիտ չեն, գնահատման համար օգտագործվող գործիքներն անբավարար են, իսկ մեթոդները՝ հստակ սահմանված չեն:
- Առողջապահական համակարգերի կայուն և արդյունավետ զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կառավարման որոշումների ընդունման և ռեսուրսների բաշխման գործընթացները հիմնված են հավաստի վիճակագրական տվյալների վրա։ Այդպիսի տեղեկատվության միջոցով հնարավոր է ստանալ ամբողջական պատկեր բնակչության հիվանդացության, մահացության միտումների, բժշկական հաստատությունների ծանրաբեռնվածության, ծառայությունների որակի, աշխարհագրական և սոցիալական հասանելիության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ապահովման վերաբերյալ: Հայաստանում դա չի արվում, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվում:
- Տարիների կտրվածքով անհետևողական հաշվետվողականություն, բացակայող փաստաթղթեր, որոնք չեն ներառում COVID-ի և 44-օրյա պատերազմի մահացության տվյալները: Փոխարենը՝ պաշտոնական զեկույցները լի են անպետք գրաֆիկներով և անիմաստ տեղեկություններով (զուգարանի գտնվելու վայրը, ևն):
- ԱՄՆ-ում քաղցկեղից վաղաժամ մահացության տարիքային ճշգրտված ցուցանիշները վերջին երկու տասնամյակում նվազել են մոտ 20%-ով։ Ընդ որում, սա տեղի է ունեցել կանխարգելման շատ ագրեսիվ միջոցառումների իրականացման շնորհիվ: Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում բուժման մեթոդներն էլ են ավելի նորարարական, սքրինինգային ծրագրերն էլ են ավելի ագրեսիվ արվում: Մինչդեռ Հայաստանում, ըստ Առողջապահության նախարարության տված ցուցանիշների, 7 տարում 23%-ով հիվանդացության նվազում կա:
- Անահիտ Ավանեսյանի հրապարակած վիճակագրությունը ներառում էր սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերը 100,000 բնակչի հաշվով (նվազում 100.9-ից 2018-ին՝ 85.7-ի 2025-ին կամ 15% նվազում 7 տարում) և քաղցկեղից (նվազում 75.6-ից 2018-ին՝ 58.4-ի կամ մոտ 23%՝ 7 տարում)։ Այդ ինչպե՞ս: Վերջին տարիներին մարդիկ հնարավորություն են ունենում գնալ արտասահման, բուժվել, գալ, հետևաբար՝ այդ դրական ցուցանիշները Հայաստանի ձեռքբերումը չեն, այլ այդ երկրներինն են: Մարդկանց մոլորեցնում են՝ կեղծ տվյալներ ներկայացնելով:
- Քաղցկեղի պատշաճ վիճակագրությունը պահանջում է ամբողջական ընդգրկում և տվյալների ստանդարտ տարրերի գծով պատշաճ հաշվետվողականություն։ Նույնիսկ, եթե ռեգիստրը հիմնադրված է, ժամանակ կպահանջվի դրա աշխատանքը ստուգելու և տվյալները ճիշտ օգտագործելու համար։
- Արդյո՞ք արտերկրում ախտորոշված քաղցկեղի դեպքերը պատշաճ կերպով հաշվառվում են: Հայաստանից դուրս այլ երկրներում բուժված քաղցկեղով հիվանդների դրական դեպքերը չեն կարող արտացոլել Հայաստանի առողջապահության համակարգի որակը։
- Խմելը, ծխելը և օդի աղտոտվածությունը քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառներից են: Եթե բոլորը դադարեն ծխել, թոքի ուռուցքների 70-80%-ը չի լինի: Օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու դեպքում կարող է կրճատվել ուռուցքային հիվանդությունների 30%-ը: Սրանք ահռելի թևեր են: Սքրինինգը, իհարկե, իրավիճակը կարող է փոխել, եթե գիտակցում լինի, որ սքրինինգի նպատակը շուտ ախտորոշումից հետո մարդուն արագ բուժելն է: Եթե խմելը կամ ծխելը թողնելը մարդուց է կախված, ապա օդի աղտոտվածության հարցը պետք է լուծի պետությունը, դա իշխանությունների անելիքն է:
Օդի աղտոտվածության պրոբլեմին մեծ դեր է հատկացվում քաղցկեղի զարգացման մեջ, որովհետև օդն այն բանն է, որով պետք է պետությունը զբաղվի: Դա մարդու կամքից կախված չէ, ուզեն-չուզեն՝ մարդիկ այդ օդը պետք է շնչեն: Ապացուցված է, որ օդի աղտոտվածությունը շատ է ազդում, ուրեմն ինչո՞ւ չեն զբաղվում դրանով, ինչպես նաև՝ խմելու ջրի որակով:
- Թող Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բացատրի՝ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին 3 տարվա մեջ շագանակագեղձի հիվանդացությունը բարձրացել է 60%-ով, կրծքագեղձինը՝ 20%-ով, ու ոչինչ դրա դեմ չի արվում: Ես կուզեմ լսել նրա պատասխանը:
- Թմրամոլության տարածման հետ զուգահեռ՝ աճում է հեպատիտների ու սպիդով հիվանդների թիվը: Առկա թվերը ցույց են տալիս, որ պատկերը գնում է դեպի վատացում: Բժշկական կենտրոններում սա պետք է նկատի ունենան:

Այլ երկրներից եկածները պետք է ստուգում անցնեն, որ վարակ չունենան, իրենց երկրներից վարակները չբերեն Հայաստան: Նույնը վերաբերում է տուբերկուլյոզին: Հնդկաստանը, Չինաստանը ու Պակիստանը տուբերկուլյոզի վարակակիրների թվով առաջին տեղերում են: Ինչո՞ւ ենք մենք վտանգում մեր քաղաքացիների առողջությունը, մանավանդ, որ եկողները չեն իմանում, որ իրենք հիվանդ են, ու վարակելու են շրջապատին… Իսկ այդ հիվանդությունները երկարատև ու ամբողջ կյանքի համար թանկ բուժում են պահանջում: Ո՞վ է վճարելու դրա համար, եթե մեր ազգաբնակչությունը վարակվի:
Եթե պետությունը դա չի անում, գոնե գործատուները պետք է փորձեն դա կանխել: Լուծումը հետևյալն է՝ ոչ մի գործատու իրավունք չպիտի ունենա աշխատանքի ընդունել այդ երկրներից եկած աշխատողների, եթե չունի նշված հիվանդությունների՝ նրանց թեստի պատասխանը:
ԱՄՆ-ում և այլ երկրներում երկարատև աշխատանքի մեկնողները պարտադիր պետք է այդ թեստերի պատասխանները ներկայացնեն:
- ԱՄՆ-ում և՛ սպերմայի, և՛ արյան դոնոր լինելու համար որոշակի գումար են ստանում: Եվ եթե հաշվի առնենք դա, չի բացառվում, որ թմրամոլները ևս ցանկանան սպերմա տալ ու վտանգ հանդիսանալ այն կանանց համար, ովքեր դրա ընդունողն են լինելու: Դա ազգային անվտանգության խնդիր է, և պետք է խիստ վերահսկողություն լինի:
- Եթե սպերմայի դոնորների ռեգիստր չկա Հայաստանում, ու դոնորների թիվն էլ քիչ է, ուրեմն որոշ ժամանակ անց կլինի սերունդ, որտեղ քույր ու եղբայր լինելու հավանականությունը մեծ է, աճում է՝ դրանից բխող բոլոր գենետիկ հետևանքներով՝ հիվանդություններ, մահացություն, առողջական խնդիրներ, գենետիկ դեֆեկտներ և այլն: Կրկնում եմ՝ դա ազգային անվտանգության հարց է:
- Հայաստանում ներդրված առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի մասին: Ուշ թե շուտ պայթելու է համակարգը, եթե քայլեր չեն կատարվում, մանավանդ, որ հիվանդների հոսքը շատանալու է, բժիշկների ծանրաբեռնվածությունը՝ մեծանալու: ԱՄՆ-ում էլ կա այդ պրոբլեմը. իմանալով, որ հիվանդն ապահովագրված է, բազմաթիվ թեստեր են նշանակվում, բայց կա մասնագետ, որն ասում է՝ որն է պետք, որը՝ ոչ: Հայաստանում կա՞ այդ մասնագետը. ես վստահ չեմ: Կստացվի այնպես, որ իսկապես բուժման կարիք ունեցող հիվանդները պետք է սպասեն: Եվ ես խղճում եմ այն բժիշկներին, ովքեր ստիպված այդ մեծ հոսքով հիվանդներին ընդունելու են, բացատրեն, խոսեն վիճակի մասին: Դա ծանր է և ֆիզիկապես, և հոգեբանական առումով:
- Ես Ձեր կոլեգաներին խորհուրդ կտայի կրկին հարցեր տալ Անահիտ Ավանեսյանին՝ հիվանդացությունը բարձրանում է, ինչպե՞ս եք Դուք դա բացատրում, ինչպե՞ս եք Դուք դա գնահատում՝ որպես իրավիճակի լավացում, երբ թվերը ցույց են տալիս լրիվ հակառակ պատկերը:
Մանրամասները՝ տեսանյութում:

