Սննդաբանը նշել է՝ ում համար է օգտակար կծու սնունդը, իսկ ում՝ վտանգավոր
Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում նշել է բժիշկ-սննդաբան Նատալյա Լազուրենկոն։
Մասնագետի խոսքով՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։ Հատկապես կարևոր է սպիտակուցներով հարուստ մթերքների մարսողությունը, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ ամինաթթուներ։
Սակայն, ինչպես զգուշացնում է սննդաբանը, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։ Դա հաճախ արտահայտվում է սուր ցավերով, կծկումներով և այլ տհաճ ախտանշաններով։
Լազուրենկոն ընդգծել է, որ ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց կծու սնունդը հակացուցված է, մինչդեռ առողջ մարդկանց համար համեմունքների չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել։

