Նիկո՛լ, դու չես հաղթել, 50%+1 չունես. Գյումրին կոկորդում է, ուզում է ծնկի բերել. մեզ ծախել են թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը. Գագիկ Համբարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Նիկոլի նման մարդը երբեք չի հաշտվում պարտության հետ: Բազմաթիվ դեպքերում տեսել ենք, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը հաղթում է, բայց որոշ ժամանակ անց տարբեր եղանակներով Նիկոլն ուզուրպացնում է իշխանությունը: Գյումրին նստած է Նիկոլի կոկորդում, ու իր պարտությունը Գյումրիում նա ծանր է տարել: Հիմա իշխանությունները կեղծ լուրեր են տարածում՝ իբրև թե Գյումրիում իշխանության ճգնաժամ ու ամենաթողություն է: Չկա՛ նման բան: Այդպիսի կեղծ լուրեր են տարածում, որպեսզի փորձի իշխանությունը վերցնել: Կարծում եմ՝ իրեն չբավարարող 2-3 մանդատը Նիկոլը կփորձի գողանալ Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի թիմերից. դա իրեն թույլ կտա նոր ընտրություն չկազմակերպել: Այս պահին իրենց թեկնածուն դարձյալ Սարիկ Մինասյանն է: Եթե մանդատագողությունը չստացվի, նոր կանցնեն հաջորդ քայլին. Գյումրիում իշխանություն խլելու համար նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի:
- Նիկոլը, որ կառավարության նիստին ասում է՝ Գյումրիի Անի թաղամասի ճանապարհները խայտառակ վիճակում են, այո՛, խայտառակ վիճակում են, բայց դրանք չեն վերակառուցվել, որովհետև Գյումրիի ընտրությունների արդյունքները Նիկոլ Անհողի քթով չէին, ու հենց իր ստանձնած պարտավորությունները պետք է կատարեր, ինչը չի արել: Նույնը վերաբերում է նաև Շիրակացի փողոցին:
- Շիրակի մարզից դեպի Թուրքիա ավտոմոբիլային ճանապարհ չկա և չի եղել: Թուրքիայի հետ կապը միայն երկաթուղով է՝ Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա-Կարս: Բայց հարցը նույնիսկ ավտոմոբիլային ճանապարհը չէ. թուրքերն առհասարակ հայ-թուրքական սահմանը բացելու մտադրություն չունեն:
- Ինչ վերաբերում է Գյումրիի ճանապարհաշինության ծրագրերին, հատկապես՝ Ռուսթավելի փողոցի շինարարությանը, ինքը նախկին իշխանությունների օրոք որպես պատգամավոր անձամբ դեմ էր քվեարկել այդ ծրագրերին, բայց իշխանության գալով՝ իրեն վերագրեց նախկինների սկսած ծրագրերը, ճանապարհները սարքելը, ավելին՝ հաճույքով, գալիս, շրջում էր, իրեն էր վերագրում…
- Նիկոլն արհամարհած ունի ցանկացած ընտրության արդյունք, ցանկացած օրենք, Սահմանադրություն… Ինքը փորձում է բացարձակ ստերով, մանիպուլյացիաներով, կեղծիքներով խլել իշխանությունը: Եթե ավագանու 3 նիստ տեղի չունենա, ճգնաժամ կլինի: Մի նիստ արդեն վիժեցրել են, երբ խուզարկեցին Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տունը… չի բացառվում՝ մյուս նիստին կրկին մեկին տանեն Քննչական կոմիտե: Սա իրավական բեսպրեդել է, որը սպասարկում է Նիկոլ Անհողին: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տան խուզարկությունն անում են հենց Գյումրու ավագանու նիստի ժամին, որպեսզի տապալեն ավագանու նիստը. 3 անգամ կտապալեն, հարցն իրենց ուզած ձևով կլուծեն:
- Մենք ապրում ենք մի երկրում, երբ այս իշխանությանը ծառայող իրավապահ համակարգը Վարդան Ղուկասյանին կարող է մեղադրել մարդակերության մեջ:
- Նիկոլը փորձում է ԱԺ ընտրություններից հետո հուսալքված հասարակության գործոնն օգտագործել Գյումրին ՔՊ-ացնելու համար, և սա այն դեպքում, երբ գյումրին երբեք ՔՊ-ական ղեկավար չի ունեցել: Տեսաք՝ օրերս կալանավորեցին Մարտուն Գրիգորյանի որդուն, չի բացառվում, որ իրեն ու փոքր որդուն էլ կալանավորեն ու դա օգտագործեն որպես ճնշման գործիք՝ նրա թիմից մարդ գողանալու համար…
- Նիկոլը կարող է գործ հարուցել ցանկացած մարդու նկատմամբ. իմ նկատմամբ էլ է գործեր հարուցել, միջնորդավորված էլ ամեն ինչ անում է, որ ինձ համար ֆինանսական բարդություններ ստեղծի…
- Նիկոլը երևի միայն հաճույք ստացել է Ալիևին պարտվելուց: Մնացած դեպքերում նա արժանապատվորեն պարտվել չի սիրում:
- «Արցախը Հայաստան է, և վերջ» ասելով՝ դու քանդում ես ողջ բանակցային գործընթացը: Եվ եթե դու դուրս ես գալիս գործընթացից, դու լեգիտիմացնում ես հակառակորդիդ բոլոր քայլերը, այդ թվում՝ ագրեսիան: Արցախի հանձնումը Նիկոլի ու Ալիևի համատեղ օպերացիան էր: Արցախը պլանավորած էր 44-օրյա պատերազմի ժամանակ հանձնել, բայց այդ ժամանակ ռուսները քայլ ձիով արեցին, որը կիսատ մնաց: Հետո փորձեցին Արցախը հայաթափել բլոկադայի միջոցով. դա էլ չստացվեց: Հետո տեսան, որ այդ սովի պայմաններում անգամ արցախցիները շարունակում են ապրել Արցախում, մինի պատերազմով վերցրեցին Արցախն ու հայաթափեցին այն:
- Նիկոլը լավ գիտի՝ իր իրական ձայները որքան են: Ու նրա հիստերիան դրանով է պայմանավորված: Նույնիսկ այդքան ռեպրեսիաների, կեղծիքների պայմաններում նա չունեցավ իր ցանկալի արդյունքը:
- Որոշ «ընդդիմադիրներ» խաղում են իշխանության դաշտում՝ ընդդիմության թիրախավորումը հանրության ինչ-որ շերտի կողմից օգտագործելով նրանց դեմ: Ընդդիմությունը պետք է միասնական գործի:
- Ըստ Նիկոլի՝ իշխանության լեգիտիմությունը 50%+1-ն է: Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցներից մեկի ժամանակ: Ինքն այդքան ձայն ունի՞ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Իհարկե ո՛չ: Այնպես որ, Նիկո՛լ, դու չես հաղթել, դու 50%+1 չունես:
- ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը երեկ ՍԴ-ում բացահայտ նշում էր՝ 3 տեղամասերում ընտրությունների արդյունքների չեղարկումները ԲՀԿ-ի ձայների վրա չեն ազդել: Մինչդեռ հենց իշխանության համակիր Դանիել Իոաննիսյանը, ոչ թե ընդդիմության փաստաբան Արամ Օրբելյանը կամ ընդդիմադիր քաղաքացի Գագիկ Համբարյանը կամ ընդդիմադիր լրատվամիջոցի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն են ասում, որ եթե երեք տեղամասերի արդյունքները չչեղարկվեին, ԲՀԿ-ն կունենար 4.003% ձայն ու կանցներ Խորհրդարան: Ու այդ թիվը նա ստացել է պարզ մաթեմատիկական հաշվարկով:
- Եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան, պատգամավորական մանդատները վերցնելը շատ կարևոր է, բայց եթե ԲՀԿ-ն չի անցնում, իսկ մյուս ուժերն անում են այն, ինչ 8-րդ գումարման Ազգային ժողովի ժամանակ էին անում ընդդիմադիր պատգամավորները, ապա մանդատ վերցնելը ճիշտ չէ: Մանդատ վերցնելիս ծրագիր պետք է ունենաս: Չվերցնելը որոշ չափով կդելիգիտիմացնի Խորհրդարանը: Անընդհատ Նիկոլին պետք է ասես՝ դու 50%+1 չունես, դու լեգիտիմ չես, ինչպես ինքն է անում: Սա կոչվում է կաթիլային դիվանագիտություն:
- 16 տարի իշխանություն լինելուց հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պարտվեց ու հանգիստ ապրում է Հունգարիայում, որովհետև երբեք իր երկրի շահերի դեմ չի գործել: Ընդդիմադիր դառնալուց հետո Նիկոլը չի կարող հանգիստ ապրել Հայաստանում, դրա համար նրա համար իշխանությունը կյանքի ու մահվան հարց է:

- Նիկոլի Հայաստանում ֆինանսները պետք է լինեն այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք հլու-հնազանդ կկատարեն Բաքվի ու Անկարայի պահանջները:
- Կա խոսք, և կա գործ. ռուսների խոսքն ու գործն իրար հակասում են: Հիշենք, որ քայլիստները պատերազմից հետո ծակուծուկերում թաքնվել էին, սնկերի նման դուրս եկան Պուտինի տխրահռչակ հայտարարությունից հետո, երբ ասաց՝ «Никол Воваевич не предатель»: Իրենք են փրկել Նիկոլի իշխանությունը 2021թ.: Ռուսն է Նիկոլին մեր վզին փաթաթել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո:
- Թուրանական ճանապարհը, էդ TRIPP-ը դեռևս 120 տարի առաջ Թուրքիայում մշակված ծրագիր է, որը հիմա ռեինկարնացվել է Էրդողանի կողմից: Ռուսը, եթե մեր մասին չէր մտածում, գոնե իր մասին մտածեր, որ ամերիկյան դրոշի տակ վերցված TRIPP պանթուրանական ճանապարհի գոյությունը թույլ չտար:
TRIPP-ի հետ կապված՝ կան մինիմում և մաքսիմում պլաններ, մինիմումը՝ թուրքական աշխարհների կապումը, մաքսիմումը՝ տարածաշրջանային խոշոր գերտերությունների՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի քայքայումը: Ռուսաստանը չի՞ գիտակցում, որ դրանով իր կողմից անվերահսկելի է դառնում Հարավային Կովկասը, որ հետո կորցնելու են Հյուսիսային Կովկասը, Չեչենական պատերազմը դաս չեղա՞վ, երբ Ռուսաստանը համարյա կորցրել էր Հարավային Կովկասը, ու միայն Պուտինի՝ իշխանության գալը փրկեց իրավիճակը: Յակուտները թուրքական ծագում ունեցող ժողովուրդներ են… Ռուսաստանին, այսպես շարունակվելու դեպքում, քայքայում է սպառնում. սա չի՞ հասկանում Ռուսաստանը, որ մինչև Սիբիր կարող են հասնել… Պուտինի կոռումպացված վարչակազմը կարճատև օգուտ ստանալու համար համագործակցում է հակառուսական գոդնիսանովների, իլևների, Ալիևի նախկին խնամի աղալարովների հետ… Սրանք բոլորը դոլարային միլիարդատերեր են և սպասարկում են ոչ ռուսական շահեր: Ես ուզում եմ հասկանալ՝ էլ ի՞նչ պիտի անի Նարիշկինի նմանը Ռուսաստանի դեմ, որպեսզի Պուտինը նրանից ձերբազատվի: Ո՞նց կարող է Պուտինի նման մարդը հայտարարել, որ Էրդողանն իր ընկերն է: Ինչպես ասում են, «Я не верю словам Москвы»:
- Ես ասել եմ ու կրկնում եմ՝ Նիկոլին մեր վզին փաթաթել է Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո: Հայաստանում 2018 թվին Արևմուտքի հետ մասնակցելով այդ գունավոր հեղափոխությանը, ռուսների կողմից վերահսկվող հիմնարկների աշխատողները ո՞նց էին լցվել փողոց ու Նիկոլին կողմ։
Ես հասկանում եմ, որևէ երկիր ունի իր շահերը, և դա նորմալ է, և պետք է մենք էլ մեր շահերն ունենանք, բայց էստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է՝ մենք կարող ենք քննադատել բոլորին, բայց մենք նաև հասկանում ենք, որ Ռուսաստանը և Իրանն ունեն այստեղ կենսական շահեր, և Ռուսաստանին և Իրանին է ամենաշատը ձեռնտու ուժեղ Հայաստանի լինելը։
Իր ճակատագրի մասին մտածելով՝ Ռուսաստանը մի փոքր էլ թող մտածի մեր մասին: Ռուսաստանը մտածո՞ւմ է իր մասին… Ես նոր նշեցի, թե նույն նեոպանթուրանիզմի և նեոպանօսմանիզմի քաղաքականության արդյունքում և դրա թիկունքում կանգնած արևմտյան հովանավորչության արդյունքում ի՞նչ է լինելու Ռուսաստանի հետ։ Դե թող Ռուսաստանը, մի փոքր մտածելով իր մասին, նաև մտածի հայ ժողովրդի մասին, որովհետև մենք իրոք վատ չենք եղել էս 200 տարիների ընթացքում:
Նույն Ռուսաստանը 1813 և 20, 1826 թթ․-ին վերջնականապես Արևելյան Հայաստանը վերցրեց իր վերահսկողության տակ։
- Ցավով պետք է արձանագրենք, որ մեր հասարակությունը տառապում է պատմական ամնեզիայով։
- Գոնե էն պետությունները, որոնք մտածում են իրենց մասին, էդ մասին մտածելով՝ կարող են նաև մեզ փրկել այս տարածաշրջանում։

- Ես երբեք հակառուս չեմ եղել, ընդհակառակը։ Ես նաև կտրականապես դեմ եմ կեղծ հակառուսականությանը կամ կեղծ պրոարևմտականությանը։ Այո՛, փորձում են ամեն ինչ բարդել ռուսների վրա, ասենք, օրինակ, ասում են՝ 1918, 1921 թվին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով ռուսները մեր հողերը տվեցին թուրքերին։ Բա էդ Մոսկվայի պայմանագրից առաջ, 1921 թվականի մարտի 14-ին՝ 2 օր առաջ Լոնդոնում Արևմուտքը ինչպե՞ս թաղեց Հայկական հարցը վերջնականապես, այսինքն՝ էն, ինչ որ կարելի է Արևմուտքին, ռուսին չի կարելի:
Ես նաև կտրականապես դեմ եմ էս հակառուսականությանը. պատմական գործընթացները մենք պետք է վերլուծենք որպես հայ, որպես անկախ հայեր, նաև անդրադառնալով այն փաստերին, թե ինչպես Արևմուտքը մեզ թուրքերին ծախեց 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրից հետո։ Ի՞նչ ստացավ թուրքերից. էդ նույն ֆրանսիացիներն ինչպե՞ս վերցրեցին մանդատը, որ Կիլիկիայում պետք է ձևավորեն անկախ հայկական պետություն, վերջում փախան, 1921 թվականի աշնանը ծախեցին, թուրքերի հետ, Անկարայում գաղտնի պայմանագիր կնքեցին ու թողեցին հեռացան։ Բայց էդ պայմանագիրը մինչև հիմա ուժի մեջ է…
Մանրամասները՝ տեսանյութում:

