ԱՄՆ-ն ու Պարսից ծոցի երկրները պատժամիջոցներ են սահմանել «Հըզբոլլահի» ֆինանսական կառույցների դեմ
Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կենտրոնը (TFTC), որի կազմում ընդգրկված են ԱՄՆ-ը, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, երեքշաբթի հայտարարել է «Հըզբոլլահ» շարժմանն առնչվող Al-Qard Al-Hassan, Bayt al-Mal կառույցների, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ համակարգված պատժամիջոցների սահմանման մասին,. հաղորդում է Al Arabiya-ն։
Ինչպես հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, պատժամիջոցների տակ են հայտնվել հինգ կազմակերպություն և 16 ֆիզիկական անձ։
Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցների ցանկում ներառված ցանցերը «սպառնում են տարածաշրջանային կայունությանը, միջազգային անվտանգությանը, փոխադարձ շահերին և գլոբալ առևտրին»։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ «Հըզբոլլահի» հասանելիության սահմանափակումը ֆինանսավորմանը նպատակաուղղված է «միջազգային ֆինանսական համակարգի պաշտպանությանը, Լիբանանի բնակչությանն աջակցելուն և ահաբեկչական ցանցերին հակազդելուն»։
TFTC-ն ստեղծվել է 2017 թվականին՝ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի օրոք։ Դրա խնդիրն է՝ ահաբեկչության ֆինանսավորման ցանցերի հայտնաբերումը, հետևումը և դրանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, համատեղ ազդեցության միջոցների, ներառյալ՝ պատժամիջոցների համակարգումը, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում պետությունների կարողությունների ամրապնդմանն աջակցելը։
Ըստ կազմակերպության կայքում զետեղված տեղեկությունների՝ TFTC-ի համանախագահներն են ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան։

