ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտպանել է կանանց դպրոցական սպորտին տրանսգենդեր մարզիկների մասնակցության արգելքները

ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտպանել է նահանգների այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր մարզիկներին մասնակցել աղջիկների և կանանց դպրոցական ու ուսանողական մրցումներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Որոշումը նշանակալի հաղթանակ էր պահպանողական ուժերի համար՝ երկրի ամենասուր մշակութային և քաղաքական վեճերից մեկում։

Այդ վճիռը թույլ է տալիս Այդահոյին, Արևմտյան Վիրջինիային և Հանրապետական կուսակցության կողմից ղեկավարվող ավելի քան երկու տասնյակ այլ նահանգների կիրառել այն նորմերը, ըստ որոնց՝ ուսանողներն ու աշակերտները պետք է հանդես գան այն սպորտային թիմերում, որոնք համապատասխանում են ծննդյան պահին նրանց կենսաբանական սեռին, այլ ոչ թե գենդերային ինքնությանը։

Որոշումն արտացոլում է Գերագույն դատարանի շարունակական միտումը, որտեղ պահպանողական մեծամասնությունը պաշտպանում է այս հարցը կարգավորելու նահանգների իրավունքը։ Ավելի վաղ դատարանն արդեն հաստատել էր Թենեսիի իրավունքը՝ սահմանափակելու անչափահասների հասանելիությունը գենդերային վերահաստատման բժշկական օգնությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է որոշումը՝ այն անվանելով «մեծ հաղթանակ», և Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ դատարանը «օրակարգից հանեց այս անհեթեթ իրավիճակը»։

Գործերը հարուցվել էին տրանսգենդեր ուսանողների կողմից, որոնք պնդում էին, թե նման արգելքները խախտում են օրենքի հավասար պաշտպանության սահմանադրական երաշխիքը և կրթության մեջ խտրականության բացառման մասին դաշնային օրենքը (Title IX)։

Սահմանափակումների կողմնակիցները պնդում են, որ դրանք անհրաժեշտ են մրցումներում արդարությունն ապահովելու և աղջիկների ու կանանց համար սպորտային հնարավորությունները պաշտպանելու համար։ Ընդդիմախոսները կարծում են, որ այդ միջոցները համաչափ չեն և անդրադառնում են խոցելի ուսանողների մի փոքր խմբի վրա՝ դպրոցական սպորտը վերածելով քաղաքական մարտադաշտի։

Մեծամասնության որոշման մեջ դատավոր Բրեթ Քավանոն մերժել է այն փաստարկները, ըստ որոնց նման սահմանափակումներն անօրինական խտրականություն են՝ սեռի կամ գենդերային ինքնության հատկանիշով։ Նրա կարծիքով՝ նահանգներն իրավասու են կանանց սպորտին մասնակցությունը որոշել կենսաբանական սեռի հիման վրա։

Դատարանի ձայները բաժանվել են 6-3 հարաբերակցությամբ, ընդ որում՝ որոշմանը դեմ արտահայտված դատավորներից մի քանիսը դրան համաձայնել են մասնակիորեն։

Գործերից մեկը վերաբերում էր Այդահոյի 2020 թվականի օրենքին, որը բողոքարկել էր համալսարանի տրանսգենդեր մարզուհին։ Ստորին ատյաններն ավելի վաղ այդ օրենքը ճանաչել էին հակասահմանադրական։ Մյուս գործը վերաբերում էր Արևմտյան Վիրջինիայի 2021 թվականի օրենքին, որն արգելում էր տրանսգենդեր դպրոցականին մասնակցել աղջիկների թեթև աթլետիկայի մրցումներին։

Օրենքների կողմնակիցները վկայակոչում էին տղամարդկանց և կանանց միջև ֆիզիկական բնութագրերի տարբերությունները՝ պնդելով, որ դա ազդում է մրցումների արդարության վրա։ Ընդիմախոսները պնդում էին, որ նման արգելքները հաշվի չեն առնում բժշկական ու հորմոնալ առանձնահատկությունները և հիմնված են ավելի շատ քաղաքականության, քան գիտական տվյալների վրա։

Դատավոր Քավանոն իր կարծիքում նշել է, որ սպորտի շատ տեսակներ «զրոյական գումարով խաղ» են, որտեղ մեկ մարզիկի մասնակցությունը կարող է նշանակել տեղի կամ պարգևի կորուստ մեկ ուրիշի համար։

Որոշումն ընդունվել է կրթության, առողջապահության և հասարակական կյանքի ոլորտներում տրանսգենդեր մարդկանց մասնակցությունը կարգավորելու ուղղությամբ պահպանողականների քաղաքական նախաձեռնությունների ուժեղացման ֆոնին։ Ավելի վաղ Թրամփի վարչակազմը նույնպես միջոցներ էր ձեռնարկում՝ սահմանափակելով այն դպրոցների ֆինանսավորումը, որոնք թույլ էին տալիս տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց թիմերում։

Թեման լայն արձագանք էր ստացել 2022 թվականին կանանց մրցումներում տրանսգենդեր լողորդ Լիա Թոմասի ելույթներից հետո։

Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացի ընտրողների զգալի մասը պաշտպանում է կանանց սպորտում տրանսգենդեր կանանց մասնակցության սահմանափակումները։

Որոշման կողմնակիցներն այն անվանել են «արդարության պատմական հաղթանակ», մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են այն որպես «ցավոտ որոշում»՝ հիմնված ենթադրությունների, այլ ոչ թե փաստերի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031