Ես ուրիշ սցենարից էլ եմ վախենում… Երևանի երթևեկությունը միտումնավոր են կաթվածահար անում… Առանց թիկնազորի սրանք զրո են. Հարություն Մնացականյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գործարար-ֆերմեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Հարություն Մնացականյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ռուսաստանն ունի իր ընդգծված պետական քաղաքականությունը: Երբ Ռուսաստանը Հայաստանին դիտում էր որպես բարեկամ, Հայաստանի գյուղմթերքի ֆիտոսանիտարական խնդիրների վրա աչք էր փակում, հիմա չի փակում: Երբ դու քո արտաքին քաղաքականությունը վարում ես այնպես, որ դրա հակազդեցությունը չունես, ուրեմն չպետք է դա անես:
- 2018-2025թթ. ապրանքաշրջանառությունը որ նայեք, Հայաստանը բոլոր ուղղություններով կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից: Հայաստանի ՍԱՏՄ-ն ընդհանրապես չի աշխատում, մեր պտուղ-բանջարեղենը ստանդարտներին չի համապատասխանում, և դա ֆերմերի մեղավորությունը չէ:
- Պետք էր այս իրավիճակը կանխատեսել ու ծաղիկը չդարձնել արտահանման գերակա ուղղություն: Դու ծաղկից ոչինչ չես կարող ստանալ, այն փչանում ու թափում ես, չես կարող պահածո կամ այլ բան պատրաստել ծաղկից… Հիմա վարդեր արտադրողները թափում են կամ շատ էժան գներով տալիս են սուպերմարկետներին: 96 միլիոն հատ ծաղկից եթե 5 միլիոնն էլ արտահանվի, դա ընդամենը 5%-ն է: Մեր ծաղիկ արտադրողները եվրոպական շուկայում մրցունակ չեն: Ու այսօր իրենց քայլերով մարդկանց անելանելի վիճակում են դնում իշխանությունները, երբ դա ներկայացնում են պետության հաղթանակ… Ես ապշում եմ: 15 միլիոն ծաղիկ էլ արտահանվի էս 10 միլիոն եվրո սուբսիդիաներով, դա ոչ մի խնդիր չի լուծում Հայաստանում:

- Ես ուրիշ սցենարից էլ եմ վախենում: Կարող են 1 միլիարդ դոլար արտաքին պարտք վերցնեն, փոխհատուցումները անեն, ու վերջում էդ գումարը հայ ժողովուրդը փակի: Նիկոլի արածը հակառուսական քաղաքականություն չէ, հակահայկական է: Նիկոլը Ռուսաստանին ոչ մի վնաս չի տալիս, վնաս տալիս է մեզ:
- Այս տարի թութ, կանաչի ընդհանրապես չի արտահանվել, բայց գներն այդպես էլ չիջան: Նոր-նոր լոլիկի գինն է իջել. ցանցերում 148 դրամ էր: Իսկ սա նշանակում է՝ ֆերմերը հանձնել է առավելագույնը 80-90 դրամով: Պարզ է, որ ֆերմերն արդեն իսկ վնասով է աշխատում: Եթե ջերմատնային տնտեսությունները ձախողվեն, վաղն ուտելու ենք կա՛մ թուրքական լոլիկ, կա՛մ թանկ լոլիկ: Լինելու է այն, ինչ եղավ ձվի շուկայի հետ, երբ անցյալ տարի գինը գցեցին մինչև 10-12 դրամ, հիմա ձուն 80-100 դրամ է:
- Ռուսաստանից Հայաստան է ներմուծվում Հայաստանի բնակչության ամբողջական սպառման և նաև անասնապահության ոլորտում օգտագործվող հացահատիկի 80%-ից ավելին: Դա ցորենի, գարու, եգիպտացորենի, տարեկանի և այլ մշակաբույսերի տեսքով է: Այսինքն՝ մեր ամբողջ անասնապահության ոլորտը, հանապազօրյա հացը ռուսական ցորենից է ստացվում: Ռուսաստանից մեծ ծավալներով ներկրվում է մեր ամենօրյա օգտագործման ձեթը, ձավարեղենը՝ սիսեռ, ոսպ, հնդկաձավար, բրնձի տեսակներ, վարսակի փաթիլներ, Ռուսաստանից էժան գնով ներկրվում են օղիներ: Ռուսաստանից ներկրվում է հեղուկ գազ, բնական գազ, դիզելային վառելիք, բենզին և այլն: Էսօր էդ ձուն անգամ որ ուտում ենք, ռուսական ցորենի հաշվին ենք ուտում:
- Անգամ Վրաստանը, որը Ռուսաստանին իրեն թշնամի է համարում, և անգամ պատերազմի մեջ է եղել այդ պետության հետ, նույնիսկ ռուս-վրացական ողջ պատերազմի ընթացքում իրենց առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ չդադարեցրին: Հիմա մենք Վրաստանից վատ վիճակում ենք. Ռուսաստանը մեր ողջ գյուղատնտեսական արտադրանքն է արգելել: Ամոթ է, սուտ մի՛ խոսեք, թե մեր ապրանքները եվրոպական շուկա են արտահանվելու: Բրոշյուր էլ տպում եք այբբենարանի նման, թե ինչ պիտի անի ֆերմերը: Եվրոպա մթերք արտահանող ֆերմերը դրանք շատ լավ գիտի, ով էլ երբեք չի արտահանել, թող չարտահանի:
- Մի ավտո ծիրան են ուղարկել Ֆրանսիա: Հես ա մաքսազերծվի, կասեն՝ մենք մտանք ֆրանսիական շուկա, բայց չեն էլ պատկերացնում՝ ինչ է իրական արտահանումը: Ու ես ցավում եմ, որ բնակչությունը հավատում է սրան:

- Եթե այսպես շարունակվի, թանկացումն անխուսափելի է շատ ապրանքների գծով, որովհետև ռուսական շուկայից կախվածության մեջ գտնվող մեր տնտեսության համար ոչ մի դիվերսիֆիկացիա չի արվել: Դու պիտի ունենայիր մթերման կայան, Եվրոպայի հետ ակրեդիտացված լաբորատորիաներ, Եվրոպայում ունենայիր պահեստային տնտեսություններ, արած լինեիր վերլուծություններ: Դու ոչինչ չես արել, բայց ուզում ես մտնես եվրոպական շուկա: Իսկ դրա համար դու, որպես իշխանություն, ի՞նչ ես արել:
- Ասում են՝ Լեհաստան ծիրանի արտահանում պիտի լինի, քանի օր է՝ իշխանությունը լուրերով թնդացնում է, թե՝ տեսեք-տեսեք, Լեհաստան ծիրան է արտահանվելու… իրականում իշխանությունը ոչ մի մասնակցություն չունի, ոչինչ չի արել դրա համար, մասնավորն է արել: Բացառապես ֆերմերն իր կապերի միջոցով է արել: Նույնն արել է Դավիթ Դավթյանը, ով ծնեբեկ արտահանեց Սինգապուր: Այդտեղ էլ պետությունը ոչ մի կապ չունի:
- Ես Եվրոպայում տեսել եմ գինիներ, որոնք ավելի էժան են, քան սովորական ջուրը: Մենք էս մեր որակի գինիներով ու կոնյակներով ո՞նց ենք մտնելու եվրոպական շուկա, ո՞նց ենք մրցակցելու իսպանական, ֆրանսիական, իտալական գինիների ու այլ սպիրտային խմիչքների հետ: Չինաստանը վրացական գինիների վրա ավելի քիչ մաքսատուրք է սահմանել, քան հայկական գինիների վրա:
- Հայաստանից Ամերիկա ծիրան չի մտնում, որովհետև հայկական ծիրանի մուտքն ԱՄՆ արգելված է. էմբարգո է դրված: Թե ինչո՞ւ՝ չգիտեմ…
- Դեպի Ռուսաստան հայկական ձկնամթերքի արտահանման արգելքն ամենացավոտն է: Արտադրանքի ծավալը մեծ է, ներսում չեն կարողանալու սպառել, դրսում էլ մրցունակ չէ, չեն կարողանալու իրացնել: Եթե արգելքը մի 3-4 ամիս տևի, կարող են ուղղակի սպասել, ավազաններում պահել ձկներին, հետո տեսնեն՝ ինչ է լինում: Սա միակ բանն է, որ կարող են անել այս պահին մեր ձկնաբույծները:

- Մի դույլ ելակ ծախող պապիկ ասում էր՝ լավ է, փոխարենը՝ ինքնիշխան ենք: Ուզում եմ ասել՝ հորեղբա՛յր ջան, ինքնիշխանությունը նաև ինքնաբավության մասին է, կամ՝ առևտուրն ինքնիշխանության հետ ի՞նչ կապ ունի: Հայաստանում արտադրվող ամբողջ տոմատի մածուկի հումքը պարսկական է: Այնքան լոլիկ չունենք, որ տոմատ արտադրենք, ի՞նչ ինքնիշխանությունից եք խոսում:
- Պետության ղեկավար ես, առաջինը դու պետք է պահես մարդու անմեղության կանխավարկածը: Երբ մարդիկ տեսնում են՝ երկրի թիվ 1-ը չի պահում դա, իրենք էլ դա չեն անում:
- Երբ դու նախընտրական քարոզարշավի ժամանակ տանը մորթած խոզի կաշին կտրտում, բաժանում ես, չե՞ս մտածում, որ թքում ես քո իսկ ընդունած սպանդանոցների օրենքի վրա: Դու հակագովազդ ես անում ախր:
- Ակցիզային հարկերի թանկացման հետևանքներն իրենց վրա զգալու են խմողները, ծխողներն ու մեքենա վարողները:
- Ես ավելի քան վստահ եմ, որ ՔՊ-ն Երևանում ճանապարհային կանոնները միտումնավոր է փոխել այնպես, որ Երևան քաղաքում լինեն մշտական խցանումներ: Քաղաքի երթևեկությունը բացարձակապես կաթվածահար է: Սա անում են, որ փողոցային պայքար չլինի, մարդկանց շարժը սահմանափակվի, ավելի շատ մարդիկ օգտվեն իրենց տրանսպորտային համակարգից, որը վնասով է աշխատում:
- Եթե մեր կուսակցությունը կորոշի վերցնել մանդատները և մտնել խորհրդարան, մենք ՔՊ-ի հետ էդ զզվելի խոսույթի մեջ չենք մտնելու, բայց, կրկնում եմ, դեռևս որոշված չէ՝ մանդատ վերցնելո՞ւ ենք, թե՞ չէ: Եթե վերցնենք, էդ զզվելի խոսույթը չենք օգտագործելու:

- Պատգամավոր չէ կամ նախագահի տեղակալ չէ, կամ նախագահ չէ, դուք տղա եք, արա, դե եկե՛ք մենք որպես մարդ խոսենք… Իրենք, երբ հավասար պայմաններում լինեն, զրո են։ Այո, իրենք հավաքական Ալեն Սիմոնյանի կերպար են, որը քաղաքացու թևերը բռնել է տալիս թիկնազորով, որ թքի մարդու վրա… Իսկ հավասար պայմաններում էդ ում վրա Ալեն Սիմոնյանը թքել էր, էդ տղան Ալեն Սիմոնյանի գլուխը կարող է ցխել…
- Մենք ունենք հետագիծ, կենսագրություն, ի տարբերություն Վահագն Ալեքսանյանի և մյուս ՔՊ-ականների: Մեր կենսագրությունը 8 տարվա չէ: Մեր կենսագրությունը մենք ենք ստեղծել, ոչ թե հայտնի մարդու քավորությամբ ենք հասել դրան՝ ինչպես ՔՊ-ում է: Մենք Ազգային ժողովում փորձելու ենք քաղաքական մշակույթ փոխել:
Մանրամասները՝ տեսանյութում:

