«Ունենք իրավիճակ, երբ հաջորդ քայլը պետք է իրականացնի ընդդիմությունը, զարգացումները պահանջում են քաղաքական քայլեր». Վարդան Հարությունյան

«Տեղի ունեցավ այն, որ մենք վերադառնում ենք հին ժամանակներ ու ունենում ենք խնդրահարույց ընտրություններ»,- այս մասին 168.am հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունների, դրա արդյունքների և ԲՀԿ-ի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման մասին։

Իրավապաշտպանի խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգի խախտումներ են եղել, ովքեր են այդ խախտումներն արել և այլն, կարևոր չէ, կարևորն այն է, որ ներկայիս իշխանությունների վարքը, հրապարակային հայտարարությունները, հայտարարությունների ոճը վկայում են այն մասին, որ այս ընտրությունները խնդրահարույց են։

«Սա արդեն շատ լուրջ խնդիր է, որի տակից պետք է դուրս գա ոչ թե իշխանությունը, այլ խնդիրը ծանրանալու է ՀՀ ուսերին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ստեղծված իրավիճակում, ըստ իրավապաշտպանի, ընդդիմությունը պետք է կարողանա պաշտպանել իր շահերը, ինչն ընդդիմության գործառույթն է։

Կարդացեք նաև

«Զարգացումները քաղաքական են և պահանջում են քաղաքական կամ քաղաքականացված քայլեր։ Մնացյալի վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, ընդդիմության որոշելիքն է, իրենք պետք է ասեն՝ ինչ են անելու։

Ունենք մի իրավիճակ, երբ հաջորդ քայլը պետք է իրականացնի ընդդիմությունը։ Ըստ էության իշխանությունն իր քայլն արել է, հայտարարություններն արել է և այդ բոլոր հայտարարություններն էլ օրենքի հետ խնդիր ունեն, արդեն ասացի՝ և՛ ոճը, և՛ բովանդակությունը։ Ամբողջը սա է, շատ տխուր վիճակ է»,- շեշտեց Վարդան Հարությունյանը։

Հարցին՝ նախկինում, երբ Հայաստանում տեղի էին ունենում ընտրություններ, որից ընդդիմությունը դժգոհում էր, միջազգային տարբեր կառույցներ սկսում էին հանդես գալ օրվա իշխանություններին դատապարտող հայտարարություններով, այսօրվա լռությունը միջազգային կառույցների կողմից զարմանալի չէ՞, Վարդան Հարությունյանը պատասխանեց.

«Միջազգային կառույցների կողմից գնահատականներ դեռ լինելու են, այնպես չէ, որ այս լռությունը հավերժ է լինելու։ Պարզ է, որ տարբեր դիվանագիտական, քաղաքական ու տարածաշրջանային խնդիրներ հաշվի առնելով, նաև Արևմուտքի հարցերը, որն ինչ-որ տեղ կարող է աչք փակել, ինչ-որ տեղ՝ լռել, մի պահ կգա, որ այլևս այդ լռությունը չի լինելու։

Միջազգային տարբեր կառույցներ, ընտրություններին հետևող կազմակերպություններն իրենց խոսքը դեռ կասեն։

Նախկինում մեր ընտրություններին մասնակցող ընդդիմադիր և իշխանական ուժերը լինում էին խիստ քաղաքականացված, բայց այսօր ունենք ընդդիմություն, որն ըստ էության քաղաքական գործընթացներին անտեղյակ է, այդ գործընթացների մեջ երբեք չի եղել և քաղաքականացված չէ։ Նրանք քաղաքական պայքարի փորձ էլ չունեն, ընդդիմության գոնե առաջին համարն այդպիսին է, իսկ երկրորդ, երրորդ համարները՝ քիչ թե շատ։

Նրանք պետք է կարողանան քաղաքականացնել ամեն ինչ, գեներացնեն դա, այնպես կազմակերպեն, որ մարդիկ իրենց հետևից գնան, կամ այդ զարգացումներն ունենան որոշակի զարգացումներ։ Չեմ ուզում շատ մեղադրել, բայց քաղաքականության բացակայությունն իր խոսքն ասում է»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին համապետական ընտրությունների նախնական արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 4 % ձայն, ըստ որի՝ մտնելու էր խորհրդարան։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որից հետո ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն՝ դուրս մնալով ԱԺ-ից։ Դրանից հետո ընդդիմությունը բողոքի ակցիա անցկացրեց ԿԸՀ շենքի մոտ՝ պահանջելով վերաքվեարկություն կամ նոր ընտրությունների անցկացում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930