Ադրբեջանցիների «վերադարձի» թեման սկսեց առարկայական բնույթ ստանալ. 2025թ. հունվարի 9-ին Փաշինյանը հրապարակավ առաջարկեց «երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ»

Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոտ մեկ տարի առաջ՝ 08.01.2025-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասուլիսում հիշեցրեց, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները Հայաստանի կառավարության կողմից փոխհատուցում են ստացել. «Հետևաբար այստեղ իրավունքներն էլ են սպառված»։

Ծանրագույն պայմաններում գտնվող Հայաստանի իշխանությունը 35 տարի առաջ ինչո՞ւ է որոշել փոխհատուցել երկրից հեռանալու ցանկություն հայտնած ադրբեջանցիներին. որպեսզի հետագայում նրանց իրավունքների հարց չառաջանա։ Մինչև 2022-ը նման հարց չի էլ եղել, բայց հետո փաստացի առաջացել է։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ընկալել իրողությունները։ Հայաստանի իշխանությունը կարծել է, ինչպես 25.07.2023-ին մամուլի ասուլիսում ասել է ՀՀ վարչապետը, թե Բաքուն «ադրբեջանցիների վերադարձի» հարց է բարցրացնում, որպեսզի Երևանն արցախահայերի իրավունքների հարց չբարձրացնի։

Հաջորդած գրեթե երեք տարիներին Հայաստանը ծպտուն չի հանել այդ իրավունքների մասին, բայց «ադրբեջանցիների վերադարձի» հարցն օրակարգից դուրս չի գալիս։ Այսինքն, Հայաստանի ղեկավարները սխալվել են իրենց գնահատականներում՝ երկիրը ներքաշելով վտանգավոր խոսակցության մեջ։

Սակայն տպավորություն է, որ իշխանությանն այսօր ավելի շատ հետաքրքրում է, ոչ թե իր իսկ սխալների արդյունքում ստեղծված իրավիճակից դուրս գալը, այլ, թե ում վրա է պետք գցել պատասխանատվությունը։ Նախ վարչապետը դրանում մեղադրեց հենց հայերին՝ 23.11.2024-ին զուգահեռ տանելով Արևմտյան Հայաստանի ու «արևմտյան Ադրբեջանի» միջև։

Նրան երկրորդեց ԱԺ նախագահը՝ ասելով, թե «մենք խոսում էինք Արցախի մասին, իրենք էլ խոսում են «արևմտյան Ադրբեջանի» մասին»։ Ալեն Սիմոնյանն «արևմտյան Ադրբեջանի» համար մեղադրում է «Ղարաբաղի ներկայացուցիչներին». ըստ նրա, Ադրբեջանն ընդամենը «հայելային քայլ» է անում։

Արդյունքում, ադրբեջանցիների «վերադարձի» թեման ոչ միայն լեգիտիմացվեց, այլև սկսեց առարկայական բնույթ ստանալ։ 09.01.2025-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ առաջարկեց «երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ»՝ ստեղծելով համատեղ հանձնաժողով։

Նախորդ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում «նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձի ապահովման» հարցը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն էլ Արցախի հայաթափումից մեկ ամիս չանցած կարևորել էր «Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը «ներքին լսարանի» կամ «հայելային քայլի» նպատակով չէ, որ նման հարց է առաջ բերում, մինչդեռ Հայաստանի իշխանությունը, որը նախ լեգիտիմացրել, ապա հենց ի՛նքն է առաջարկել հարցը քննարկելու համար ձևավորել «մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով», նախընտրական շրջանում առհասարակ ժխտում է խնդրի գոյությունն ու ադրբեջանցիների «վերադարձի» թեմայի պատասխանատվությունը դնում «ընդդիմության» վրա։

Ոչ միայն իշխանությունը, այլև «ընդդիմությունն» ու քաղհասարակություն ներկայացվող շրջանակը լուրջ չի վերաբերվում այս հարցին ու որևէ լուծում չունի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930