Թուրքիան աջակցել է Սևծովյան շրջապտույտ ավտոմայրուղու կառուցմանը
Business Грузия-ի փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 28-րդ նստաշրջանում հաստատել է Սևծովյան շրջապտույտ ավտոմայրուղու կառուցման մտադրությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան: Վերջինիս խոսքերով՝ թուրքական պատվիրակությունը հանդես է եկել այդ ավտոմայրուղու կառուցումը շուտափույթ կազմակերպելու օգտին:
Կոժարան հավելել է, որ Ուկրաինան ամբողջովին աջակցում է այդ նախագծին և պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում: Կոժարայի խոսքերով՝ այդ նախագծի իրագործումն իր ազդեցությունը կունենա ոչ միայն Սևծովյան տարածաշրջանի վրա, այլև նշանակալից դերակատարություն կունենա ողջ եվրասիական տիրույթում:
Նախագծի համաձայն, Սևծովյան շրջապտույտ ավտոմայրուղու երկարությունը կազմելու է մոտ 7000 կիլոմետր: Հիմնական երթուղին անցնելու է հետևյալ քաղաքներով՝ Ստամբուլ-Սամսուն-Տրապիզոն-Բաթում-Փոթի-Երևան-Բաքու-Նովոռոսիյսկ-Դոնի Ռոստով-Տագանռոգ-Մարիուպոլ-Մելիտոպոլ-Օդեսա-Քիշնև-Բուխարեստ-Կոստանցա-Խասկովո-Սոֆիա-Նիշ-Բելգրադ-Տիրանա-Էդիռնե-Կոմոտինի-Ալեքսանդրուպոլիս-Ստամբուլ: