Հայաստան-Լեհաստան համագործակցության խորացումն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ. Շիրազ Խաչատրյան
Այս օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր Լեհաստանում, որի շրջանակում մասնակցել է «Defence24 Days» համաժողովին, շրջել համաժողովի տաղավարներում ու ծանոթացել ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցադրվող նմուշներին:
Բացի այս, նա Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ, ինչին անդրադարձել ենք:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել նաև Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշի հետ, որի ժամանակ քննարկվել է ընթացիկ տարվա փետրվարին ստորագրված ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագրի շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության իրականացման կարևորությունը, և որպես հետագա համագործակցության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ռազմական կրթությունը, փորձի փոխանակումը և համատեղ վարժանքներին մասնակցությունը։
Բացի այս, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ բացելու վերաբերյալ։ Սա՝ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության:
Իսկ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի և Սուրեն Պապիկյան բանակցություններից հետո լեհական կողմից հայտնել են, որ Լեհաստանն ու Հայաստանը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել:
«Կայունության, անվտանգության և համագործակցության ձգտող երկրները մեր երկխոսության գործընկերներն են։ Ահա թե ինչու մենք հետաքրքրված ենք համատեղ ռազմական վարժանքներով, ռազմական համալսարանների միջև համագործակցությամբ և Լեհաստանի և Հայաստանի պաշտպանական արդյունաբերության միջև փորձի փոխանակմամբ»,- լեհական աղբյուրների հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարը:
ՀՀ զինված ուժերի ներգրավումը միջազգային և համատեղ զորավարժություններին, անշուշտ, նպաստում է մեր բանակի մարտունակության բարձրացմանը, առհասարակ, պետք է աշխատել բոլորի հետ համագործակցել:
Այս կարծիքին է նաև «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը, բայց, ըստ նրա, կարևոր է՝ ինչ ֆորմատով և ինչ հնչեղությամբ, այսինքն, պետք է հաշվի առնել, թե դա ինչ չափով է աշխարհաքաղաքական բաղադրիչ պարունակում, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Լեհաստանին:

«Կարևոր է հասկանալ՝ գետնի վրա ինչ կա և որքանով է ռիսկային տեղեկատվական հնչեղությունը, հաշվի առնելով գլոբալ առումով աշխարհում դերակատարների հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ: Այսինքն, պետք է հասկանալ՝ արդյո՞ք ավելի շատ ինչ-որ բանի մեջ չենք ներքաշվում, քան իրական հողի վրա արդյունք է լինելու:
Ըստ այդմ՝ ավելի լավ է լուռ համագործակցեն նման դեպքերում, ինչպես Հնդկաստանի հետ շատ դեպքերում, Ֆրանսիայի հետ, իհարկե, չհաշված սպառազինության գնման հետ կապված արտահոսքերը, բայց սա էլ հայկական կողմից չի լինում: Իսկ Հայաստան-Լեհաստան համագործակցության խորացումը, հատկապես՝ համատեղ զորավարժությունների թեման միայն երկկողմ պաշտպանական օրակարգ չի, այլ այն ունի ավելի լայն՝ աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի համար Լեհաստանը թշնամական երկիր է, որը ՆԱՏՕ-ի ամենակոշտ հակառուսական դիրքավորումն ունեցողներից է, ավելին, ակտիվ մասնակցում է Ուկրաինային ռազմական աջակցության գործընթացին, ուստի Մոսկվան սա չի ընկալելու միայն ՀՀ անվտանգային համակարգի արևմտյան ուղղությամբ վերակողմնորոշման փուլ կամ քայլ, այլ ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ ակտիվ ռազմական համագործակցության ֆոնին, դա հանգեցնելու է հայ-ռուսական հարաբերությունների նոր վատթարացման, ինչը կարող է տարածաշրջանում Երևանի նկատմամբ առավել հաշվենկատ քաղաքականության վերածվել:
Համոզված եմ, որ այսօրինակ պրոցեսներին ուշադիր հետևում են Թուրքիան և Ադրբեջանը, որ Հայաստանը ռազմական գործընկերային նոր ցանց է ուզում ստեղծել արևմտյան բևեռի հետ, զուգահեռ առաջ են մղելու իրենց օրակարգը՝ ուժեղացնելով ճնշումը, որ նման կապերն ինստիտուցիոնալ տեսք չստանան: Ասածս այն է, որ եթե ինչ-որ բան էլ արվում է, առնվազն պիտի լռություն պահպանվի, այն էլ ՌԴ-ի դեմ տարբեր տեղերում ակտիվ զորավարժությունների պայմաններում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Defence 24 Days-ի շրջանակում իր ելույթում Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ՆԱՏՕ-ին առաջարկել է արագացնել պաշտպանական ծախսերի աճը՝ հաշվի առնելով անվտանգային սպառնալիքները: Մասնավորապես, ըստ նրա, ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է հասնեն պաշտպանական ծախսերի՝ ՀՆԱ-ի 5 տոկոս մակարդակին նախատեսվածից 5 տարի շուտ (մինչև 2030թ.)։
Իսկ Հայաստան-Լեհաստան հարաբերությունների համատեքստում հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իր գործունեությունը դադարեցրեց «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը: 2019 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից 168.am-ին հայտնել էին, թե «ՀՀ-ում «Լյուբավա-Արմենիայի» գործունեության դադարեցման որոշումը պայմանավորված է բացառապես տնտեսական հանգամանքներով»:
Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Նովակովսկին լեհական Lubawa SA ընկերության հայաստանյան ձեռնարկության լուծարման այլ պատճառներ էր ներկայացրել:
«2018 թվականի հայկական հեղափոխությունը «Լյուբավա»-ի ակտիվացման և գործարար համագործակցության ամրապնդման հույս էր ներշնչել։
Ի վերջո, «Լյուբավան» Հայաստանը լքելու որոշում կայացրեց Փաշինյանի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ նա ընկերությանը մեղադրել էր նախկին կառավարության հետ համագործակցության համար, և ասել, որ ընկերությունը չի կարող ակնկալել նոր՝ «հեղափոխական» թիմի վստահությունը»,- լրատվամիջոցին պատմել էր Յեժի Նովակովսկին։

Նշենք, որ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը 2014 թվականից էր Հայաստանում գործում և զբաղվում էր բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են՝ կեղծ թիրախները, տեխնիկական և այլ վրանները, սաղավարտները, զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը և այլն, ու այս ամենը՝ նատօական ստանդարտներով:



