Բարի գալուստ վասալապետություն
Երեկ Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Երևան։
Այս նախադասությունը Հայաստանի հերթական, բայց նոր մակարդակի նվաստացման մասին պատմություն է, որն անկարևոր է դարձնում այդ պատվիրակության այցի նպատակը, հանդիպումների ձևաչափը, սպասվող արդյունքները, և այլն։ Երևան է այցելել Հայաստանը պաշտոնապես անարգող պետության բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակությունը, որին ոչ միայն որևէ հանդիմանանք չի ներկայացվել, այլ, ըստ ամենայնի, դիմավորել են ամենաբարձր մակարդակով։
Խնդիրը պաշտոնյաների այցերը չեն, որոնք երբևէ ոչ միայն կարող են, այլև պետք է տեղի ունենան պատերազմած երկրների պարագայում։ Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Ադրբեջանի հետ պատերազմը ոչ միայն դեռևս չի ավարտվել, այլ շարունակում է ամենատարբեր դրսևորումներով։ Շարունակվում է միակողմանիորեն՝ Ադրբեջանի ամեն մի պատերազմական ակտի դիմաց Հայաստանից հղվող հորթային ուրախության պայմաններում։
ՔՊ-ական իշխանությունը, որ հատկապես վերջերս մասնագիտացել է պատերազմներից առանձնապես «հիբրիդայինի» գծով, առավոտից երեկո իրեն պատռելով՝ անհասցե «հիբրիդային պատերազմի» թիրախի դեմ պայքարելու մասին, ծպտուն չի հանում Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային, պատմական ժառանգության վերաբերյալ։
Ավելին՝ ՔՊ-ականներից ամենագլխավորը վերջերս պաշտոնապես հավաստիացրեց, որ շարունակելու է ծպտուն չհանել, իսկ մեկ այլ՝ ոչ այնքան գլխավոր, բայց ադրբեջանամետության գծով զգլխիչ ՔՊ-ական անուղղակիորեն ասաց, թե Ադրբեջանի արածն իր ներքին գործն է։
Պատմական ու մշակութային ժառանգությունը վանդալիզմի միակ ուղղությունը չէ, որով զբաղվում է Ադրբեջանն անդադար։ Ամեն օր, առանց բացառության՝ ամեն օր Բաքվի բանտերում վանդալիզմի են ենթարկվում մոտ երկու տասնյակ մեր հայրենակիցներ, որոնց մասին ՔՊ-ական իշխանությունը մոռացել է։
Դեռևս չի հայտարարվել, բայց առաջիկայում կասվի, որ նրանց դատելն ու ցմահ ազատազրկման դատապարտելը ևս Ադրբեջանի ներքին գործն է։ Ահա այս պայմաններում Հայաստան է ժամանում Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակությունը, որը ոչ այլ ինչ է, քան նվաճող երկրի իշխանների այց սեփական վասալներին։
Հայ ժողովուրդն իր արժանապատվությունը հողին է հավասարեցրել արցախյան պատերազմի հազարավոր զոհերի մարմինների հետ։ Գործող իշխանությունը, այո, հայկական անարժանապատվության քայլող, ավելի ճիշտ՝ ավտոշարասյուներով շրջող մոնումենտ է։
Բայց անարժանապատվության ոչ պակաս հավաքականություն է նույն այդ ժողովուրդը, որը հանդուրժում է մի կողմից՝ սեփական որդիների ու նրանց հետ՝ սեփական արժանապատվության հուղարկավորության մեղավորներին, մյուս կողմից՝ բոլոր նրանց, ովքեր առաջինների դեմ իբր պայքարելով, ավելի խորն են հողի մեջ մխրճում արժանապատվության վերջին փշրանքները։
Հարություն Ավետիսյան



