Բաժիններ՝

Բյուջեի հաշվին՝ դեպի ընտրություններ. ՔՊ-ի համար արգելքներ չկան

Ընտրություններից առաջ քաղաքական իշխանությունը գյուղացիներին սիրաշահելու հերթական նախընտրական ծրագիրն է պատրաստվում իրականացնել։ Քաղաքական ակնկալիքներով՝ բյուջեից կրկին փող կբաժանեն։ Խոսքն 900 մլն դրամի կամ շուրջ 2,5 մլն դոլարի մասին է։

Տարիներ շարունակ պարարտանյութի գների սուբսիդավորում չէին իրականացնում, ընտրություններից առաջ հիշել են, որ գյուղացին դրա կարիքն ունի։

Խնդիրն այն չէ, որ գյուղացուն օժանդակություն են տալիս։ Գյուղացին այդ օժանդակության կարիքը միշտ էլ ունի, նախորդ տարիներին էլ ուներ, բայց հենց ընտրություններից առաջ են հիշել դրա մասին։

Պետական բյուջեից պարարտանյութի յուրաքանչյուր պարկի համար մինչև 3 հազար դրամ կբաժանեն՝ գյուղատնտեսությանն աջակցելու համար։

Կարդացեք նաև

Թեպետ ակնհայտ է, որ այս ծրագիրն ընդունման պահին արդեն ուշացած է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն վաղուց մեկնարկել են, ու հազիվ թե գյուղացին կնստի-կսպասի, թե կառավարության սուբիդավորված պարարտանյութը երբ տեղ կհասնի, որպեսզի ցանք իրականացնի։ Բայց, իհարկե, դա քիչ է անհանգստացնում կառավարությանը, որովհետև սրա իրական նպատակը բոլորովին այլ է։

Պատճառաբանում են, որ տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումներով պայմանավորված՝ ներքին շուկայում պարարտանյութի գները բարձրացել են։

Իրականում բարձրացել են, բայց այդ բարձրացումը տեղի չէր ունենա, եթե ժամանակին մտածեին այդ մասին ու գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նախաշեմին քայլեր ձեռնարկեին պաշարներ կուտակելու ուղղությամբ։ Առավել ևս, որ նախապես շատ էլ լավ գիտեին, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում ու ինչ կարող է սպասվել դրա հետևանքով, նաև պարարտանյութերի գների հետ։

Թե՞ չգիտեին, որ Հայաստան պարարտանյութերի ներկրման հիմնական շուկաներից մեկն էլ Իրանն է։ Ու Իրանում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող ազդեցություն չունենալ ներմուծումների վրա։

Ոչինչ չեն արել Իրանում ու տարածաշրջանում սպասվող զարգացումների հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով ու հիմա պետական բյուջեից հսկայական գումարներ պիտի վճարեն պարարտանյութերի գները սուբսիդավորելու համար։ Չնայած, եթե ընտրություններ չլինեին, հազիվ էլ հիշեին գյուղացու հոգսերը կիսելու մասին։ Տրվող 3 հազար դրամները ոչ այնքան այդ հոգսերը կիսելու, որքան ընտրություններից առաջ գյուղացիների աչքը մտնելու համար է։

Դեռ չենք ասում, որ ժամանակին խոսում էին Հայաստանում պարարտանյութերի արտադրություն կազմակեպելու մասին։ Եվ ի՞նչ են արել դրա համար։

Կազմակերպած լինեին, հիմա նման խնդիրներից ինչ-որ չափով զերծ կլինեինք։

Ընտրությունների նախաշեմին, որքան էլ օրենքով պարարտանյութերի գների սուբսիդավորումը նախընտրական կաշառք չի համարվում, ու դրա համար որևէ մեկը քաղաքական իշխանությանը պատասխանատվության չի կանչի՝ անուղղակի կամ ուղղակի կաշառք բաժանելու համար, ինչպես չեղած բաների համար կանչում են ընդդիմադիրներին ու քրեական գործեր հարուցում նրանց վրա, այնուհանդերձ բոլորն էլ հասկանում են, թե ինչի համար են բաժանում այդ գումարները։

Սուբսիդավորման անվան տակ տրվող այդ 3 հազարական դրամների մեջ քաղաքական ակնկալիքներ կա։ Գումարը քաղաքական իշխանությունը պետական բյուջեի հաշվին տալիս է գյուղացիներին՝ նրանց ձայները ստանալու համար։

Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնց արգելված է նույնիսկ ապագայի խոստումներ տալը, այդպիսի արգելքներ քաղաքական իշխանությանն համար չկան, ինչից էլ վարչախումբը լի ու բոլ օգտվում է։ Բյուջեի հաշվին համատարած նախընտրական ծրագրեր է իրականացնում, գումարներ է բաժանում՝ ներկայացնելով, թե դրանք բխում են կառավարության ընթացիկ գործունեությունից, ու կառավարությունը չի կարող ընտրությունների պատճառով դրանք չիրականացնել։

Այդպես էլ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցին անտոկոս վարկեր տրամադրել գյուղացիներին։

Գյուղացիներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորում նախկինում էլ էին անում, բայց մասնակի։ Հետո հրաժարվեցին դրանից՝ պատճառաբանելով, թե այդ գումարներն այլ նպատակների համար են օգտագործվում ու չեն ծառայում գյուղատնտեսությանը։

Հիմա ի՞նչ եղավ, որ որոշեցին կրկին վերադառնալ դրան ու ոչ միայն՝ մասնակի, այլև՝ ամբողջությամբ սուբսիդավորել գյուղվարկերի տոկոսները։

Անտոկոս վարկն, ըստ էության, պարտքով փող է, որը կառավարությունը բանկերի միջոցով տալիս է գյուղացուն՝ ընտրություններից առաջ։ Իհարկե, ի տարբերություն պարարտանյութի գնի սուբսիդավորման, անտոկոս վարկերը մի օր պիտի վերադարձնեն։

Նախկինում էլ կարող էին անտոկոս վարկեր տրամադրել, բայց որոշեցին հենց ընտրությունների նախօրյակին անել, ինչպես բազմաթիվ այլ ծրագրեր, ու դրանց թվում՝ նաև կենսաթոշակների բարձրացումը, ինչը մինչ այդ որևէ տեղ ամրագրված չէր, բայց հանկարծ որոշեցին, որ կարող են բարձրացնել։

Նախորդ ընտրություններից հետո, 5 տարվա ընթացքում ընդամենը 4-5 հազար դրամով էին բարձրացրել կենսաթոշակները, միտք էլ չունեին էլի բարձրացնել, բայց ընտրությունների նախօրյակին որոշեցին միանգամից 10 հազար դրամանոց քայլ կատարել։ Արեցին ոչ թե նրա համար, որ այդքան անհանգստացած էին կիսասոված բազմաթիվ թոշակառուների համար, այլ, որովհետև իշխանությունը կորցնելու վտանգ են տեսնում ու պատրաստ են հանուն իրենց աթոռների՝ դատարկել բյուջեն՝ փաստի առաջ կանգնեցնելով ընտրություններից հետո եկողներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930