ԿԱ՛Մ ՉԼԻՆԻ ԻՐԱՆ, ԿԱ՛Մ… ԱՄՆ-Ի ԲԱՑԱՀԱՅՏ ՊԼԱՆԸ. ՔՊ-Ի ՄԻԱԿ ԱՌԱՋԱՐԿԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄ. ԱՊԱՏԻԿ ԷԼԵԿՏՈՐԱՏ՝ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն է։
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը շաբաթն առնվազն մի քանի անգամ անձամբ, ԱՄՆ պաշտոնյաների կամ այլ երկրների ներկայացուցիչների միջոցով հայտարարում է Իրանի հետ «հաջող» բանակցությունների մեկնարկի կամ շարունակականության մասին, հերթական էքսցենտրիկ հայտարարությունն արեց, ասելով՝ «Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, այսինքն՝ Հորմուզի նեղուցը… կեղծ լուրերը կասեն, որ ես սա պատահաբար եմ ասել… Ինձ հետ պատահական բաներ չեն լինում»,- այս սուր պատերազմական իրավիճակում հայտարարել է նա։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- «Թրամփի ուղի», «Թրամփի նեղուց», Կոսովոյում՝ «Թրամփի լիճ»… այս մեթոդաբանությունը նույնն է, և մենք տեսնում ենք՝ ինչպես են տրանսպորտային հաղորդակցություններն ԱՄՆ-ի կողմից օգտագործվում՝ որպես էքսպանսիայի գործիք: Այնպես որ, այն բոլոր հիմնադրույթները, որոնք տեղ են գտել ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի մեջ, բացարձակ մերկապարանոց են: Սա խոսում է մի բանի մասին, որ նոր ձևավորված աշխարհակարգի հիմքում ընկած է լինելու գեոտնտեսական բաղադրիչը՝ կա՛մ չլինի Իրան, կա՛մ լինի այնպիսի Իրան, որը հանդես չի գա՝ որպես Մերձավոր Արևելքի առանցքային դերակատար, որը կվավերացնի 2018թ. ստորագրված Կասպյան կոնվենցիան կամ 1982 թ. ծովային կոնվենցիան: Մենք գործ ունենք արխաիկ ուժի կիրառման ճանապարհով հիմնական գեոտնտեսական քաղաքականության իրացման փորձերի հետ: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում շարունակում է գործել Deep State-ը՝ «Խորքային պետությունը»:
- ԱՄՆ-ը այլևս չի թաքցնում, որ Իրանի հանդեպ ագրեսիան հետապնդում է մեկ նպատակ՝ Իրանի նավթագազային ռեսուրսների տնօրինումը: Իրականում Վաշինգտոնը միշտ էլ գերզգայուն է եղել իրանական նավթի, ռեսուրսների նկատմամբ: 1950-ական թթ., երբ բրիտանական դիրքերն Իրանում թուլացան, ԱՄՆ-ը Իրանում իրականացրեց առաջին գունավոր հեղափոխությունը, որի արդյունքում ձերբակալվեց Իրանի ազգայնական վարչապետ Մոհամմադ Մոսադեղը, և Իրանի ողջ նավթագազային ռեսուրսները բաժանվեցին մի քանի արևմտյան դերակատարների միջև: Այս կոնֆիգուրացիան տևում է մինչև 1979թ., երբ տեղի է ունենում իսլամական հեղափոխությունը, և ամերիկյան կապիտալը դուրս է մղվում իրանական տնտեսությունից:
- ԱՄՆ-ի մերձավորարևելյան ռազմավարության՝ Իրանի վրա պրոյեկտման աքիլեսյան գարշապարը կայանում է նրանում, որ Սիրիայում, Լիբիայում, Եմենում, Սոմալիում, Իրաքում, այլ վայրերում առաջնորդի չեզոքացումից հետո պետությունն ու քաղաքական համակարգը փլվում են, Իրանի պարագայում դա այդպես չէ, և առաջնորդի չեզոքացումը քաղաքական համակարգի կայունության վրա ոչ մի ազդեցություն չի գործում: Եվ հենց սա է թույլ տվել Իրանին դառնալ Մերձավոր Արևելքում կարևոր դերակատար: Այսօր մենք տեսնում ենք, որ Իրանը ոչ միայն առավել քան զինված պետություն է, այլև ինստիտուցիոնալ պետություն է, որը բավականին բարդ է խարխլել: Եթե Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Սոմալիում ազգային իշխանություններն ինչ-որ պահի իրենք էին փորձում դուրս գալ ԱՄՆ-ի վրա՝ բանակցային գործընթաց սկսելու նպատակով, Իրանը հրաժարվում է դրանից՝ այս կոնֆլիկտը դիտարկելով՝ որպես հնարավորություն: Իրանն ապրիորի իրեն դիտարկում է՝ որպես Մերձավոր Արևելքի թիվ մեկ գերտերություն: Այս մեգատարածաշրջանում, որպես ռեգիոնալ գերտերություններ, բախվում են Իրանն ու Սաուդյան Արաբիան, և հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ը փորձում է խնդիրներ ստեղծել այս երկու պետությունների միջև: Սաուդյան Արաբիան արդեն հայտարարել է միջուկային տերություն դառնալու մտադրության մասին, և սա արվում է Իրանին հակակշիռ ստեղծելու համար:

- ԱՄՆ-ը վերջին շրջանում փորձում է երկխոսել Չինաստանի հետ: Խոսքը Վաշինգտոնի և Պեկինի միջև հնարավոր ինստիտուցիոնալ համագործակցության մասին է: Այդ համագործակցությունը հաստատելու պոտենցիալ կա, և խոսքը տնտեսական փոխգործակցության մասին է: Չինաստանը կարևոր տնտեսական և առևտրային խաղացող է, բայց նա, այնուամենայնիվ, նոր աշխարհակարգի շրջանակներում չի դիտվում՝ որպես վտանգի գեներացման գոտի Մերձավոր Արևելքում:
- Հայաստանում Իրանի դեսպանն արդեն իսկ ուղիղ հայտարարել է, որ Իրանն այս պատերազմում միայնակ է:
Հիշեցնենք. Վահե Դավթյանի հետ զրույցում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին օրեր առաջ ասել էր.
«Իրանը գործում է գրեթե միայնակ։ Դուք գիտեք, որ մենք փաստացի միայնակ ենք պատերազմում թշնամու դեմ, և այս ազգային պաշտպանության ընթացքում ոչ մի երկիր մեր կողքից և մեր կողմից չի մասնակցում և չի աջակցում մեզ։ Մինչդեռ Միացյալ Նահանգները մարդկության պատմության մեջ ամենահզոր ռազմական ուժին է տիրապետում, իսկ Իսրայելի ռեժիմն ամբողջովին միլիտարիզացված համակարգ է, որը հագեցած է մեծապես ամերիկացիների կողմից նրանց տրամադրած կամ սեփական զինանոցից դուրս եկած գերժամանակակից սպառազինությամբ։ Ուստի, եթե այս պայմանները և իրավիճակը հաշվի առնենք, ապա պարզ կդառնա, որ նույնիսկ այս պայմաններում Իրանին՝ որպես միայնակ պատերազմող երկիր, որը պայքարում է բացառապես իր սեփական հնարավորությունների վրա հիմնվելով, արդեն իսկ կարելի է համարել հաղթող։ Թշնամին չի հասել իր նպատակներին, իսկ մեր հակառակորդների համար ծախսերն օրեցօր աճում են և շարունակելու են աճել։ Մենք լիովին վճռական ենք, որ Իրանն այս պատերազմից դուրս չի գա՝ որպես պարտված կողմ»։
- Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացներում զգուշություն է ցուցաբերում, և դա պայմանավորված է ԱՄՆ-ի որոշ քայլերով, մասնավորապես՝ պատժամիջոցների թուլացմամբ, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին նոր ռեսուրսներ ուղղել դեպի ուկրաինական ճակատ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելուն, Իրանն ունի լավ հետախուզություն, և ինքը շատ լավ գիտի Մերձավոր Արևելքի ռազմաբական բազաների, տնտեսական ու նավթագազային բոլոր օբյեկտների լոկացիան:
- Հորմուզի նեղուցը փակվել է, և Եվրոպայում կա նավթի ու գազի պակասորդ: Այս իրավիճակին առավել քան հմտորեն փորձում է ադապտացվել Թուրքիան, որը փորձում է դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա բնական գազի արտահանումը՝ «Թուրքական հոսքի» և «Երկնագույն հոսքի» միջոցով: Ռուսաստանը փորձելու է այդ պակասորդը լրացնել ոչ ուղիղ մատակարարումների տեսքով, բայց դա չի նշանակում, որ չկան շրջանցող ուղիներ, և այդ ուղիներից մեկը Թուրքիան է, և դա է պատճառը, որ Թուրքիան բավականին կրավորական կեցվածք է հիմա ցուցաբերում:
- Այն փաստը, որ Թուրքիան այս հակամարտության մեջ ստանձնել է հակաիսրայելական կեցվածք, տեղավորվում է նրա գեոտնտեսական քաղաքականության մեջ: Ռուսաստանը դեռ կշարունակի զգուշություն ցուցաբերել: Ասել, որ Ռուսաստանը միանշանակ ու միարժեք պրոիրանական դիրքավորում ունի այս կոնֆլիկտում, ես գոնե դրանում կասկածում եմ:
- Իրանի արտահանումների ծավալը հասկանալի պատճառներով նվազել է, այդ թվում՝ դեպի Չինաստան, և դրանից կարող է օգտվել Ռուսաստանը՝ փորձելու լրացնել պակասող ծավալները:
- Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված անվտանգային ճարտարապետությունն այսօր քարուքանդ է լինում: Կձևավորվի միջազգային հարաբերությունների նոր համակարգ, որի հիմքում ընկած կլինի աջ գաղափարախոսությունը՝ հիմնված ազգային, պահանողական գաղափարերների վրա:
- Միջուկային զենքի տարածումը պետք է վերահսկվի, և այս առումով ՄԱԳԱՏԷ-ին պետք է տրվեն իրական գործիքներ՝ պետությունների ներքին որոշումների վրա ազդելու վրա, այլապես ցանկացած պահի միջուկային զենքը կարող է հայտնվել, օրինակ, զանազան ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում:
- Մենք պետք է ուշիուշով հետևենք Թուրքիայում միջուկային զենքի զարգացման ճանապարհին: Սա բերվում է նաև ադրբեջանական օրակարգ: Ալիևն արդեն իսկ մի քանի անգամ հայտարարել է խաղաղ ատոմի զարգացման մասին, բայց հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Պակիստան կապերը, որը միջուկային տերություն է, իհարկե, Ադրբեջանն ինչ-որ պահի խաղաղ ատոմը կվերափոխի ռազմական ատոմի: Այս առումով առավել ևս մենք չպետք է թույլ տանք, որ փակվի Մեծամորի մեր ատոմակայանը:
- Հայաստանի իշխանությունների և առկա մարտահրավերների մասին: Մենք պետք է հասկանանք, որ գործ չունենք պետական գործչի հետ: Նիկոլ Փաշինյանը զբաղված է քաղաքական կարիերիզմով, և նրա մտահորիզոնը սահմանափակվում է միայն ընտրական ցիկլերով: Ի՞նչ եք ուզում մի քաղաքական ուժից, որն առաջարկ չունի հանրությանը, և միակ բանը, որ անում է հիմա, սեփական ժողովրդին ահաբեկելն է՝ եթե ինձ չընտրեք՝ կլինի պատերազմ: Ինձ՝ քաղաքացուս, ՔՊ-ն չունի ոչ մի առաջարկ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ ենթակառուցվածքային: Այսինքն՝ պարզ է, որ այս քաղաքական վակուումի պարագայում իրենք պետք է իրականացնեն «ուրախ ավտոբուս» օպերացիան՝ տեղեկատվական մակերեսի վրա մնալու համար: Բայց, ցավոք, մենք չունենք քաղաքական այնպիսի համակարգ, որ այս անկարողությունը քաղաքական փոփոխության հիմք լինի:

- Պետության անվտանգության համար, այն էլ՝ այսպիսի ծանր իրավիճակում, խիստ վտանգավոր է քաղաքականապես չեզոք քաղաքացիների թվի աճը, ովքեր ասում են՝ ոչ մեկի չեմ հավատում, չեմ գնալու ընտրությունների… Սա պարարտ հող է ստեղծում իշխանության վերարտադրության համար: Երբ երկիրը գտնվում է ճգնաժամային պայմաններում, խիստ վտանգավոր է, երբ ապատիկ էլեկտորատն ունենում է մեծ կշիռ:
- Եթե ուզում ես հստակեցնել ու պահպանել քո ինքնությունը, անհրաժեշտ է պահպանել «մենք-նրանք» և «ես-նա» սկզբունքը, այլապես դժվար է պահպանել ազգային ինքնությունը: Հիմա այդ գծերը փորձում են ջնջել ու մեզ համոզել, որ հակահայկական հռետորաբանությամբ և հակահայկական ծրագրեր իրականացնող ադրբեջանցիների հետ մենք չունենք որևէ հակասություն:
- Ադրբեջանում հայատյացությունն ինստիտուցիոնալ մակարդակի վրա է: Մի օրինակ՝ Հայաստանը բենզին է ներկրում SOCAR ընկերությունից: Միևնույն ժամանակ SOCAR-ի դուստր ձեռնարկությունը Շվեյցարիայում ֆինանսավորում է հակաարցախյան, հակահայկական լոբբիստների խմբերին: Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր էլ ֆինանսավորվում են բավականին մեծ հետազոտական խմբեր, որոնց գլխավոր նպատակն է՝ ցույց տալ, որ Հայաստանն արհեստածին պետություն է, հայերն էլ ազգային ինքնություն չունեն… Մենք տեսնում ենք, որ 2020-ից՝ 44-օրյա պատերազմից ի վեր ադրբեջանցիները կայանում են՝ որպես քաղաքական ազգ: Եվ սրան նպաստում է Հայաստանի իշխանությունը՝ մեզ վերածելով օբյեկտի, որը սպասարկում է Ադրբեջանի քաղաքական շահերը:
- TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, որը, լուծելով Նախիջևանի հարցերը, տանելու է Ադրբեջանի ներքին գաղութականացմանը Հայաստանի միջոցով, ինչը տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանին չէր հաջողվում անել, որովհետև Նախիջևանն ուներ ներքին կլան, պաշտպանված էր Սահմանադրությամբ: Սա նախագիծ է, որը Հայաստանին դարձնում է գործիք՝ Ադրբեջանի պետականության կայացման ու երկարաժամկետ կտրվածքում զարգացման հարցում:
- Նախիջևանին ու Արցախին տնօրինելով՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում տարածաշրջանում առանցքային դերակատար դառնալ:
- Նեոլիբերալ գաղափարներն ու մոտեցումները Հայաստանի իշխանւթյան կողմից դիտարկվում է՝ որպես առանցքային արտաքին քաղաքական գործիքակազմ, և սա՝ այն դեպքում, երբ նույն Եվրոպայում ձախ գաղափարախոսությունների, ձախ պոպուլիզմի, նեոլիբերալների դարաշրջանն ավարտվում է: Հակալիբերալ ուժերը Եվրոպայում նոր դիրքեր են գրավում, հայտնվում են Խորհրդարաններում: Քաղաքացուն պետությունից վեր դասելն ամբողջովին տեղավորվում է նեոլիբերալ քաղաքականության մեջ: Հուսամ՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո կունենանք նոր իրականություն, որը կվերանայի մեր հարաբերությունները Եվրոպայի և աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ:

- «Հիբրիդային պատերազմ» եզրույթը խիստ մանիպուլյատիվ է կիրառվում: Դա մի քանի գործիքակազմերի կիրառում է, ներառյալ՝ ռազմական, տեղեկատվական, հոգեբանական, և այլ գործիքակազմերը: Հայաստանի դեմ, այո, կիրառվում է հիբրիդային պատերազմի գործիքակազմը, բայց ոչ Ռուսաստանի կողմից:
- Ֆինանսական անվտանգության տեսանկյունից մենք խիստ վտանգավոր իրավիճակում ենք: Եվ սա ես չեմ ասում, սրա մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքները:
- Շատ կարևոր ցուցիչ է, երբ պետությունն իրականացնում է ենթակառուցվածքային նախագծեր: Հայաստանում դա չի արվում, այնինչ շատ կարևոր է: Ենթակառուցվածքային նախագծերի միջոցով դու նաև յուրացնում ես այդ տարածքը, ամրապնդում ես քո սուվերենությունը քո տարածքում: Քանի՞ խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացրել ՔՊ-ն վերջին 8 տարիների ընթացքում՝ 0: Եթե պետությունը չի ապահովում ինդուստրիալիզացիա, տնտեսական կարողությունների, լավ ապրելու մասին խոսելը զուր է:
- Թուրքիան վերականգնում է իր սեփական դիրքերը համաեվրասիական լոգիստիկ կապերի մեջ՝ ցույց տալով, որ Թուրքիան այն առանցքային լոգիստիկ հանգույցն է, որը կարևորագույնն է Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու հարցում: Թուրքիան ցույց է տալիս, որ հանդիսանում է Միջին միջանցքի շատ կարևոր խաղացող: Եվ TRIPP-ը նրան դրա համար է պետք:
- Եթե խոսվեր Հայաստանի ամբողջական տրանսպորտային ապաշրջափակման մասին, TRIPP-ն այդքան վտանգավոր չէր լինի: Հակառակ դեպքում խոսել միայն 40-42 կմ-ի ապաշրջափակման մասին՝ նշանակում է խոսել Հայաստանի անկլավիզացման մասին: Դա Հայաստանին շրջափակման է տանելու: Պարալիզացնելով Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքը, որը բխում է Հայաստանի կենսական շահերից, մենք էապես նվազեցնում ենք մեր տրանսպորտային անվտանգության մակարդակը: Չստուգված տվյալներ կան, որ TRIPP-ի համար տրամադրվում է 500 մետր լայնության տարածք, որը հաստատվելու դեպքում լուրջ հարցեր է առաջ բերում: Ինչի՞ համար է այդ հսկայական տարածքը, ի՞նչ են պատրաստվում տեղակայել այդտեղ:
- Եվ սրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք պաշտոնական մակարդակում զարգացող հայկական երկաթուղային մոդելի փոփոխության մասին խոսակցություններ: «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան ղազախական կողմին հանձնելու մասին է խոսում Փաշինյանը: Եթե ղազախական կապիտալը բերվում է մեր երկաթուղային ցանց, դա նշանակում է Միջին միջանցքի՝ Թուրանի միջանցքի ակտուալացում Հայաստանի տարածքում: Ռուսական կապիտալի դուրսբերումը մեր երկաթուղային համակարգից բխում է Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերից:

Հիշեցնենք. օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հարցին՝ արդյոք Պուտինի հետ իր հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնվե՞լ է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան շտապ երրորդ կողմի փոխանցելու հարցը, քանի որ այն ղազախական ընկերության փոխանցելու վերաբերյալ քննարկվումներ կան, Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ հարցին գործընկերային լուծում կտրվի.
«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է…
Այնպես չէ, որ ՌԴ գործընկերների հետ նստում-քննարկում ենք… որովհետև ՌԴ գործընկերները դեռ չեն ասել՝ լա՛վ, համաձայն ենք, եկեք այդպես անենք: Նկատի ունեմ՝ քննարկումն այլ ռեժիմ է, բայց նման գաղափարներ կան թևածող»,- ասել էր նա:
Դեռ փետրվարի կեսերին Փաշինյանը հայտարարել էր, թե երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
«TRIPP-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը։ Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ո՞նց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»։ Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է, ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ»,- նշել էր նա։
Տևական ժամանակ խոսվում էր, նաև ինքն էր նշել, որ կոնցեսիան կարող է փոխանցվել Քաթարին, Բահրեյնին կամ, նույնիսկ, Արաբական Միացյալ Էմիրություններին։ Հիշեցնենք նաև, որ Ղազախստանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է: Հետևաբար՝ գործարքի արդյունքում Թուրքիան և Ադրբեջանն ավելի մեծ լծակներ են ստանալու երկաթուղու վրա ազդեցություն ունենալու համար։

- Եթե սահմանագծման և սահմանազատման գործընթացում կիրառվի այն մեթոդաբանությունը, որը կիրառվում է Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններին, ապա Հայաստանը կարող է հայտնվել անկլավային պայմաններում, եթե Ադրբեջանը շարունակի այն ագրեսիվ, միլիտարիստական քաղաքականությունը: Եթե գազամուղի երթուղու փոփոխությունը ոչ թե տեխնիկական է, այլ կապված է դեմարկացիոն, դելիմիտացիոն գործընթացների հետ, դա շատ վտանգավոր է:
Հիշեցնենք, օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանից Հայաստան մտնող գազատարի մի հատվածը: Հաղորդվում է, որ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ գազատարի հայաստանյան հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում և ականապատվել է 90-ական թվականներին։
«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հեռացնել ականապատված գոտուց և կառուցել նոր գազատար՝ անվտանգ հեռավորության վրա»,- նշված էր տեղափոխման հիմնավորման մեջ։
- Վրաստան-Հայաստան գազամուղի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխումը ներկայացնել որպես «տեխնիկական հարց»՝ նշանակում է գիտակցաբար նվազեցնել խնդրի իրական խորությունը։ Իրականում սա երկար տարիներ կուտակված, բայց համակարգային մակարդակում չլուծված ռիսկերի դրսևորում է։
Խնդրի ակունքները գալիս են 1990-ականներից, երբ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային այս բարդ հանգույցը վերածվեց ականապատված գոտու։ Այդ ժամանակից ի վեր գազատարի մի հատված փաստացի դուրս է մնացել լիարժեք շահագործման ռեժիմից․ անհնար է ոչ միայն դրա կայուն տեխնիկական սպասարկումը, այլև մշտական վերահսկողությունը:
Այժմ առաջարկվում է կառուցել շուրջ 5548 մետր երկարությամբ նոր հատված՝ վտանգավոր գոտին շրջանցելու համար։ Վրաստանը կառուցում է իր հատվածը, Հայաստանը՝ իր։
Խոսքը մեր էներգետիկ համակարգի ողնաշարի մասին է։ Հայաստանը տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ բնական գազ է ստանում Վրաստանի տարածքով՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» երթուղով, որը միանում է «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» գազատարին։ Եվ հենց այս միացման հանգույցում է ձևավորվում այն խոցելիությունը, որն այսօր ստիպում է վերակառուցել լոգիստիկան:
Սահմանազատման գործընթացն այս պատկերը ոչ թե պարզեցրել է, այլ՝ սրել։ Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում, իսկ առանձին հատվածներ փաստացի անցել են հակառակորդի ուղիղ հասանելիության տիրույթ։
Ուշագրավ է նաև, որ նախաձեռնությունը գալիս է Երևանից։

- Խոսվում է ևս 10 տարով Մեծամորի ատոմակայանի կյանքը երկարացնելու մասին՝ մինչև 2046թ.: Ռոսատոմը պնդում է, որ դա հնարավոր է, ինչը մեծապես կամրապնդի մեր էներգետիկ անվտանգությունը: Միևնույն ժամանակ, 123 հայտնի համաձայնագրով հանվել է ԱՄՆ-ից Հայաստան միջուկային տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ընդ որում՝ առաջարկվող մոդուլային ռեակտորների կառուցման տեխնոլոգիաները դեռևս հավուր պատշաճի փորձարկված չեն:
- Կոլեկտիվ Արևմուտքում կա ռիսկերի ընկալում և պրագմատիկ հաշվարկ: Նույն Եվրամիության ներսում տնտեսական և քաղաքական կայունություն ապահվելու համար պետք է կանխատեսելիության գոտում պահել Թուրքիային, Ադրբեջանին, թուրքական աշխարհի մյուս պետություններին: Օրինակ, Հունգարիան, Սլովակիան այդ քաղաքականությունն են վարում: Բայց Եվրոպայի քաղաքական էլիտաները նաև թուրքական ուղղությունը դիտարկում են՝ որպես իր տնտեսական կայունության ապահվման միջոց, ինչն ուղիղ համեմատական է իրենց քաղաքական վերարտադրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։




