Պենտագոնը հրապարակել է նոր ռազմավարական փաստաթուղթ. Չինաստանն այլևս թիվ 1 առաջնահերթությունը չէ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուրբաթ հրապարակած իր ռազմավարական փաստաթղթում հայտարարել է, որ ամերիկյան զինուժի հիմնական ուշադրությունն այժմ կենտրոնացած է ոչ թե Չինաստանի, այլ հայրենիքի և Արևմտյան կիսագնդի վրա, տեղեկացնում է NBC News-ը:
2026 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարության մեջ շարադրված առաջնահերթությունները (չորս տարին մեկ հրապարակվող զեկույց, որը վերջին անգամ լույս էր տեսել 2022-ին) զգալիորեն տարբերվում են Բայդենի վարչակազմի առաջնահերթություններից, քանի որ ջանքերն առավելապես ուղղված են ներքին նպատակներին, ինչպիսիք են սահմանների պահպանությունը և պայքարը թմրամիջոցների դեմ:
Փաստաթղթում նշվում է, որ երկիրը մեկուսացման նպատակներ չի հետապնդում, պարզաբանվում է, թե ինչու է ԱՄՆ-ն ցանկանում, որ դաշնակիցներն ավելի մեծ դերակատարում ունենան, մինչդեռ զինվորականները մեծ ուշադրություն են դարձնում հայրենիքին: Հայրենիքի վրա կենտրոնացումն արտահայտված է այն բաժնում, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն այլևս չի զիջում Արևմտյան կիսագնդի հիմնական տարածքները։ Նշվում է նաև, թե ինչպես է Պենտագոնը նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրելու «հուսալի տարբերակներ, որոնք կերաշխավորեն ԱՄՆ ռազմական և առևտրային հասանելիությունը հիմնական տարածքներին՝ Արկտիկայից մինչև Հարավային Ամերիկա, հատկապես Գրենլանդիային, Ամերիկյան ծոցին, Պանամայի ջրանցքին և այլ տարածաշրջաններին»։
«Մենք կհոգանք, որ Մոնրոյի դոկտրինը պահպանվի նաև մեր օրերում»,- ասվում է փաստաթղթում՝ նկատի ունենալով 19-րդ դարի արտաքին քաղաքական դոկտրինը, ըստ որի՝ ԱՄՆ ազդեցության գոտին տարածվում է ողջ Արևմտյան կիսագնդի վրա։
Պենտագոնի համար երկրորդ առաջնահերթությունն այժմ Չինաստանն է, որը 2022 թվականի զեկույցում բնութագրվում էր որպես ԱՄՆ ամենանշանակալի ռազմավարական մրցակից՝ «մասամբ Հարավչինական ծովում Պեկինի տարածքային հավակնությունների և ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ նրա ագրեսիվ վարքագծի պատճառով»։
Նոր զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ն չի ձգտում «խեղդել կամ նսեմացնել» Չինաստանին, այլ պետք է զսպի այդ երկիրն «ուժի, այլ ոչ թե առճակատման միջոցով»։
Փաստաթղթի համաձայն, Պենտագոնը «ռազմական հզորությամբ կապահովի նախագահ Թրամփի հեռատես ու իրատեսական դիվանագիտությունը՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար, ինչը բոլորիս՝ Միացյալ Նահանգներին, Չինաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին թույլ կտա վայելել արժանապատիվ խաղաղություն»։
Պենտագոնի երրորդ առաջնահերթությունը դաշնակիցների միջև բեռի բաշխման արդյունավետության բարձրացումն է, ներառյալ Կանադան ու Մեքսիկան՝ Արևմտյան կիսագնդում, և եվրոպացիները՝ իրենց մայրցամաքում։ Չորրորդ առաջնահերթությունը պաշտպանական-արդյունաբերական բազայի վերականգնումն է։
Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է քառամյա սահմանագծին, Մոսկվան զեկույցում հիշատակվում է համեմատաբար հակիրճ։ Ռուսաստանը նկարագրվում է որպես «մշտական, բայց կառավարելի սպառնալիք ՆԱՏՕ-ի արևելյան անդամների համար տեսանելի ապագայում»։ Նշվում է նաև, որ Պենտագոնը կհոգա, որ ամերիկյան զինված ուժերը պատրաստ լինեն «պաշտպանվելու ԱՄՆ հայրենիքի դեմ ուղղված ռուսաստանյան սպառնալիքներից»։
