ՔՊ-ի իրական «ձեռքբերումները»՝ միլիոններ, պադավատներ և կորսված հայրենիք
Ինչո՞ւ են ՔՊ-ականները սարսափում իշխանափոխությունից
Սպասվող ընտրություններում իշխանությանից զրկվելու վախը խուճապի է մատնել ՔՊ-ականներին։ Վախենում են հայտնվել այնտեղ, որտեղ էին մինչև 2018թ., վախենում են կորցնել սեփական ձեռքբերումները։
Սեփական ձեռքբերումները պաշտպանելու կռիվ են տալիս, ոչ թե ժողովրդի ու երկրի մասին են մտածում։
Ի տարբերություն շարքային քաղաքացու, այս տարիներին ՔՊ-ականները պետության հաշվին լուրջ հարստություն ու միջոցներ են կուտակել։ Ու երբ ասում են՝ թույլ չենք տալու, որ ընդդիմությունը ոտնատակ տա մեր ձեռքբերումները, պետք է հասկանալ, որ խոսքը սեփական ձեռքբերումների մասին է։ Այլ ձեռքբերումներ ՔՊ-ականները չունեն։
Նրանց «ձեռքբերումն» Արցախը կործանելն է, 3 պատերազմում պարտվելը, հազարավոր հայորդիներին մահվան բերան տալը, Հայաստանի տարածքների հանձնումը, Հայաստանով թուքերին միջանցք տալը, ցեղասպանության ուրացումն ու թուրքերին Հայաստան բերելու պայմաններ ստեղծելը։
Անգամ նրանց բերած «խաղաղությունն» է կեղծ ու շինծու։
Փոխարենը՝ ՔՊ-ականների համար իսկական ձեռքբերում է այն ամենը, ինչին հասել են իշխանությունը զավթելուց հետո։ Դատարկ գրպաններով, անտուն-անտեղ եկան իշխանության, հիմա բոլորը միլիոններ են վաստակում, մեկի փոխարեն՝ մի քանի բնակարանի, անշարժ գույքի ու թանկարժեք մեքենաների տեր են դարձել, ճոխությունների մեջ են ապրում, թանկաժեք խանութներից ու ռեստորաններից, հանգստյան տներից ու հյուրանոցներից են օգտվում, վայելում են իշխանության բարիքները՝ անտեսելով ժողովրդի սոցիալական խնդիրները։ Իշխանությունը կորցնելով՝ վախենում են իրենց հարստությունը կորցնել։ Դրա համար էլ կռիվ են տալիս, ոչ թե կռիվ են տալիս ժողովրդի չեղած ձեռքբերումները պաշտպանելու համար։
Կարծում եք՝ հե՞շտ է այդքան բարձր աշխատավարձերից ու պարգևավճարներից բաժանվելը։ Կյանքներում փող չէին տեսել, հիմա պետության հաշվին մեծ փողեր են աշխատում։ Հարյուր-հազարներով էլ չեն բավարարվում, անցել են միլիոններին։ Միլիոններով են իրենց պարգևատրում։
Իշխանությունից զրկվելը նշանակում է՝ զրկվել այդ միլիոններից, պետական հովանավորությունից, պետական լծակներն ի շահ իրենց օգտագործելուց, ճոխ աշխատասենյակներից, քարտուղարուհիներից ու պադավատներից, պետության հաշվին արտասահմաններում շրջագայելուց ու զվարճանքներից։ Էլի լիքը բաներից։ Դրա համար էլ կռիվ են տալիս։
Կարծում եք՝ ժողովրդի, երկրի մասի՞ն են մտածում։ Իրենց համար են անհանգիստ։
Կռիվ են տալիս կարճ ժամանակում, հայտնի ու անհայտ ճանապարհներով ձեռք գցած ունեցվածքը պաշտպանելու համար։ Մի քանի տարում բոլորը մեկ մարդու նման բնակարան են գնել, երբեմն՝ մեկից ավելի, առանձնատների տեր են դարձել ու հիմա պետության հաշվին հիփոթեք են փակում։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ տեղի կունենա, երբ կորցնեն իշխանության աթոռներն ու պետությունից ստացվող բարձր աշխատավարձերը, հավելավճարները, պարգևավճարները, խրախուսական գումարները։ Ո՞ր մեկն ասես։
Չերևացող միջոցների մասին էլ չենք խոսում։ Նախկինում փող չունեին սուրճի համար, իշխանության գալուց հետո շատերը հանկարծ սկսեցին միլիոնների նվիրատվություններ ստանալ։ Ինչո՞ւ նախկինում նման նվիրատվություններ չէին ստանում, իշխանության գալուց հետո սկսեցին ստանալ։ Ձեռք գցած փողերն ուրիշների անունով նվիրատվություն են անում իրենց, կարծես ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է կատարվում։
Նախկինում ոչինչ չէին «բաշարում», հարազատ-բարեկամներով հանկարծ դարձան հաջողակ գործարարներ, մեծ փողերի հետ են խաղում։
Երազում չէին կարող պատկերացնել, որ երբևէ այսպիսի դիրք, հնարավորություն, հարստություն ու միջոցներ կարող են ձեռք բերել։ Հիմա, երբ այդ ամենը վտանգի տակ է, խառնվել են իրար, հաթաթա են տալիս, ընդդիմադիրներին քրեական գործերով են վախեցնում, բանտերով են սպառնում, շինծու մեղադրանքներով կալանավորում են մարդկանց։ Հանուն իրենց են անում, իշխանութունը բռնազավթած պահելու համար են անում, իրենց կործանարար ծրագրերը մինչև վերջ հասցնելու համար են անում, ոչ թե ժողովրդի համար։
Ժողովուրդն ի՞նչ ձեռքբերում է տեսել, որ ժողովրդի ձեռքբերումներն են ուզում պաշտպանել։
Ժողովրդի մասին մտածող լինեին, այսքան տարի մի բան էլ ժողովրդի համար արած կլինեին։ Իրենք հարստացել են, շարքային քաղաքացին մնացել է նույն խեղճ ու կրակ, սոցիալապես անպաշտպան վիճակում։
Շարքային քաղաքացու այդ ո՞ր ձեռքբերումն է, որ ուզում են պաշտպանել։ Շարքային քաղաքացու վրա այնքան ֆինանսական բեռ են դրել, որ տակից չի կարողանում դուրս գալ։ Մի կողմից՝ հարկերով են խեղդում, մյուս կողմից՝ համատարած թանկացումներով։ Հարկերը բարձրացրել են, տուրքերը բարձրացրել են, տուժերն ավելացրել են, քաղաքացուն դարձրել «տուգանքի մատերիալ»։ Գույքահարկը, աղբահանության վճարները, տրանսպորտի գինը, հազար ու մի այլ վճարումներն անգամներով են թանկացրել ու բեռը դրել քաղաքացու վրա։
Ժողովրդի այս «ձեռքբերումնե՞րն» են երևի ուզում պաշտպանել։ Թե՞ ուզում են ավելի շատ հարկեր դնել քաղաքացիների վրա, ավելի շատ պարտքեր վերացնել, որպեսզի ավելի շատ կարողանան իրենց պարգևատրել ու ավելի շատ հարստանալ։
Ո՞րն է ժողովրդի ձեռքբերումը, որն ուզում են պաշտպանել՝ Արցախի կորո՞ւստը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթո՞ւմը, թե՞ չեղած խաղաղությունը, որի պայմաններում Հայաստանը կանգնած է թուրքացման վտանգի տակ։
Ո՞րն է ժողովրդի ձեռքբերումը, այն, որ բնակչության գրեթե 22 տոկոսն աղքատ է, իսկ 40 տոկոսի եկամուտներն աղքատության վերին գծից ցածր են։
Թե՞ այն, որ 8 տարում աղքատությունը Հայաստանում գրեթե չի նվազել, բայց ՔՊ-ականներն ու իրենց շրջապատը կտրուկ հարստացել են, փոխել են իրենց կյանքն ու կենցաղը։
Ի՞նչ ձեռքբերում է ունեցել ժողովրդը, որն ուզում են պաշտպանել՝ մնալով իշխանության։
Ժողովրդի ձեռքբերումն այն կլինի, որ շուտ հեռանան իշխանությունից։ Այլապես՝ ժողովրդի չեղած ձեռքբերումներին միայն կորուստներն են ավելանալու։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



