«Մեղրիի մաքսատանը շարժ կա, Իրանից գիշերով էլ են եկել, ցերեկով էլ, եկողները հիմնականում երրորդ երկրի քաղաքացի են». Մեղրիի համայնքապետ
Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը շարունակվում է. այսօր պատերազմի 5-րդ օրն է։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է տարածաշրջանում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության կրիտիկական նշանակության օբյեկտի հաջող խոցման մասին։
Մարտի 1-ին սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը, արևմտյան մի քանի ԶԼՄ հայտնում են, որ Իրանում նոր գերագույն առաջնորդ են ընտրել Մոջթաբա Խամենեիին։ Առաջնորդի մյուս թեկնածուներից են եղել Ալիռեզա Արաֆին, Հասան Խոմեյնին (նրանց մասին գրել եմ այստեղ)։
Իրանից պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Հարևան Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին ի՞նչ իրավիճակ է Մեղրիում, արդյո՞ք Իրանից մարդկանց մեծ հոսք կա։
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի խոսքով՝ Մեղրիում ընդհանուր իրավիճակը լավ է, որևէ բան չի փոխվել, սակայն Մեղրիի մաքսատանը շարժ կա։
«Իրանից գիշերով էլ են եկել, ցերեկով էլ, մաքսատանը շարժ կա։ Բայց այնպես չէ, որ եկողների շարժն այնքան շատ է, որ կառավարել չի լինում, հոսքը մեծ չէ։ Իրանից ովքեր գալիս են, Մեղրիում չեն մնում, գնում են։ Եկողների մեծ մասը տարբեր պետությունների քաղաքացիներ են, իհարկե, իրանցիներ էլ կան, բայց ավելի քիչ տոկոս են կազմում, քան երրորդ երկրի քաղաքացիները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Անդրեասյանը։
Նա վստահեցնում է՝ մաքսատանն իրավիճակ կառավարելի է, նորմալ, բնականոն ռեժիմով աշխատում է։
«Մինչև այս պահը ո՛չ ահազանգ ունենք, ո՛չ որևէ միջադեպ։ Եթե, Աստված ոչ անի, իրավիճակն այսպես շարունակվի ու հոսքը շատ լինի, մենք Մեղրիում չենք կարող, օրինակ, 2-3 հազար հոգու տեղավորել։ Մեղրիում նման մեծ հյուրանոցներ չունենք, հիմնականում հյուրատներ են, 20 սենյակներով։ Եթե մեծ հոսք լինի, այդ ժամանակ մարզկենտրոնը, պետությունը որևէ քայլ կիրականացնեն։
Կրկնում եմ՝ այս պահին չենք սպասում, որ շատ մեծ հոսք կլինի Իրանից, Աստված տա, ամեն ինչ շուտ ավարտվի, ամեն ինչ ընկնի բնականոն հունի մեջ»,- ընդգծեց Խաչատուր Անդրեասյանը։



