Պաշտպանության նախարարության ուշացած «քոփի փաստ» պատասխանը. Ո՞ւմ բյուջեից է գնվել ամերիկյան ԱԹՍ-ը
Փետրվարի 9-ին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար»:
Ի դեպ, հրապարակվել էին նաև սարքերի լուսանկարներ:
Իսկ ԱՄՆ փոխնախագահը նույն ժամանակ մի փոքր այլ հայտարարություն է արել՝ ասելով.
«11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար»:
Համաձայնեք, որ Փաշինյանի և Վենսի ասածների միջև տարբերություն կա, այսինքն՝ ԱԹՍ-ի և տեխնոլոգիայի վաճառքը նույնը չէ:
Ըստ այդմ՝ 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձել էր բանավոր հարցմամբ պարզել՝ 11 միլիոն դոլարով անօդաչու թռչող սա՞րք է գնվել, թե՞ տեխնոլոգիա: Գերատեսչությունից մեզ խոստացել էին նախարար Սուրեն Պապիկյանի հետ ճշգրտումներից հետո պատասխանել, բայց ոչ մի պատասխան: Այդ ընթացքում՝ փետրվարի 9-ի գիշերը, ՀՀ պաշտպանության նախարարը հասցրել էր գրառում անել ֆեյսբուքյան իր էջում՝ ընդամենը նշելով.
«Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին: V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում»:
Բայց քանի որ նույնիսկ այս դեպքում երկու օր Պաշտպանության նախարարությունից չստացանք մեր բանավոր հարցի պատասխանը, որը պետք է փոխանցեին նախարարի հետ ճշգրտումներից հետո, փետրվարի 11-ին մենք գրավոր հարցում ուղարկեցինք պաշտպանական գերատեսչություն:
Հարցման մեջ հիշեցրել էինք ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը և դրանից տարբերվող ԱՄՆ փոխնախագահինը, և հետաքրքրվել էինք՝ «ի՞նչ է իրականում ԱՄՆ-ը Հայաստանին վաճառել, կամ ի՞նչ է Հայաստանը գնել 11 միլիոն դոլարով։ Ի վերջո, եթե տեխնոլոգիա է գնվել, ապա այն առնչվում է նաև այլ գերատեսչության, և հարց առաջացնում բյուջեների հետ կապված»:
Բացի այս, փորձել էինք պարզել, թե որքանով է այսօր հնարավոր այս ԱԹՍ-ների կազմակերպումը ՀՀ-ում, և այլն:
Եվ մինչև Սուրեն Պապիկյանի գլխավորած գերատեսչությունը կպատասխաներ այս անգամ էլ մեր գրավոր հարցմանը, ասուլիս է հրավիրում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և, անդրադառնալով ԱՄՆ-Հայաստան ռազմական համագործակցությանը, հայտարարում է, որ այդ V-BAT հետախուզական անօդաչու սարքերի նման սարքեր ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները չեն արտադրում:
«Եթե արտադրեին, բնականաբար, հարց չէր ծագի նմանատիպ տեխնոլոգիական լուծումներով որևէ արտադրանք գնել: «Shield AI» ընկերության կողմից արտադրվածն աշխարհում լավագույնների ցանկում է, և այժմ կարևոր մի նոր էջ է բացվում հենց Shield AI ընկերության հետ՝ արդեն ոչ թե ՊՆ-ի, այլ՝ հենց ԲՏԱ նախարարության համար՝ հնարավորության սահմանների շրջանակում գիտելիքների, տեխնոլոգիաների փոխանցման շուրջ երկխոսություն զարգացնելու, ինչպես նաև՝ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու կամ մշակումներ իրականացնելու առումով: Ահա սա արդեն տվյալ գործակցության շրջանակում նաև հավելյալ կարողություններ ՀՀ ներմուծելու մասին է արտադրության, հետազոտության համատեքստում»,- շարունակել էր նա:
Մեր հարցման պատասխանը ստանալու նպատակով ՊՆ-ին ուղղված մեր բազմաթիվ հարցումներից հետո, ի վերջո, ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 20-ի երեկոյան պատասխան գրություն ուղարկեց, որտեղ հիշեցվում է փետրվարի 9-ի Սուրեն Պապիկյանի գրառումը։ Իսկ ի՞նչն էր խանգարում, որ ՊՆ խոսնակը մեր բանավոր հարցին ի պատասխան՝ դա աներ:
Բայց այդ, մենք գրավոր հարցման մեջ առաջ էինք քաշել բյուջեի հարցը, այսինքն՝ Պաշտպանության նախարարությունը պետք է նշեր, օրինակ, որ 11 միլիոն դոլարը վճարվել է ՊՆ բյուջեից, և դրանով այսինչ թվականի արտադրության ԱԹՍ են գնել, հատկապես, երբ այդ ԱԹՍ-ների մեկ միավորի գինը բաց աղբյուրներում կարելի է գտնել, իսկ Սուրեն Պապիկյանն էլ գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ հանրայնացնում է, և մեր հարցմանն ակնկալվող պատասխանում չէր կարող լինել տեղեկություն, որը կարող էր վտանգավորություն պարունակել:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱԹՍ-ների արտադրության հեռանկարին, և թե ինչ ընկերություններ կարող են դրանում ներգրավված լինել, Պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս հարցն իր տիրույթում չէ: Պատասխանում առկա միակ ընդունելի հատվածը, թերևս, միայն սա է: Իսկ հարցմանն ամբողջական և ժամանակին պատասխան ստանալու առումով գործ ունենք ոչ պատշաճ աշխատանքի և լրագրողի աշխատանքի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի հետ, իսկ նման դեպքեր հաճախ են լինում: Խոսքը հարցումներին արձագանքելու մասին է։
Նշենք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր ասուլիսի ժամանակ, ըստ էության, չի բացառել «Shield AI» ընկերության կողմից տեխնոլոգիաների փոխանցման հնարավորությունը:



