Ուիթքոֆն ու Քուշները Կիև են բերել խաղաղության ավելի վատ պայմաններ, քան նախկինում էին․ Գերագույն ռադայի պատգամավոր
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Կիև են բերել խաղաղության համաձայնագրի ավելի վատ պայմաններ, քան նրանք, որոնք նախկինում առաջարկվում էին Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք եկել են ավելի վատ պայմաններով, քան մենք ունեինք նախկինում: Ավելի վատ պայմաններ են բերել․ եթե նախկինում չէին պահանջվում սահմանադրական փոփոխություններ և տարածքների ճանաչում, ապա այժմ պահանջել են: Այնտեղ կան նաև մի շարք նրբություններ, որոնք չեմ ցանկանում հնչեցնել, քանի որ տեղեկատվությունը ստացվել է ոչ պաշտոնական աղբյուրներից»,- ասել է նա ուկրաինացի լրագրող Վիտալի Դիկոյին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Վլադիմիր Զելենսկուն հայտարարել են, որ ցանկանում են հասնել ճեղքման Ուկրաինայի հարցով բանակցություններում մինչև ձմեռ:
Ուիթքոֆը և Քուշները սեպտեմբերի 5-ին եղել են Մոսկվայում, որտեղ նրանց ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաջորդ օրը նրանք Կիևում բանակցություններ են վարել Զելենսկու հետ:

