25 մլն պարգևավճար են ստանում, բայց աղքատ մարդու համար ոչինչ չեն անում. թող հիշեն՝ վերևում Աստված կա. 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը լողանում է գոմում

Կոտայքի մարզի Կամարիս գյուղում գրեթե բոլորը ճանաչում են Մկրտիչ Մարգարյանի բազմանդամ ընտանիքին։

6 անչափահաս երեխաների և կնոջ հետ Մկրտիչ Մարգարյանը բնակվում է գյուղի հին գոմին կից փոքր կառույցում։ Այդ սենյակն ընտանիքի համար ծառայում է և՛ որպես խոհանոց ու հյուրասենյակ, և՛ որպես ննջասենյակ։ Կառույցն ունի երկու շատ փոքր պատուհան, որոնք ցրտի պատճառով, արդեն մի քանի ամիս է՝ չեն բացվում, սենյակն օդափոխելու միակ միջոցը դուռն է, որը ցրտի պատճառով հաճախ չի բացվում. սենյակը կցրտի։

Արդեն 5 տարի է՝ ընտանիքը վարձով է բնակվում այդ տարածքում՝ ամսական վճարելով 20.000 դրամ, շուտով կլինի երկու տարի, որ այդ 20.000 դրամը չի վճարում՝ հնարավորություն չկա։

Կարդացեք նաև

Այս պահին Մկրտիչ Մարգարյանը չի աշխատում, ունի առողջական խնդիրներ, նախկինում աշխատել է գոմերում, լավ վաստակել է, հոգացել է ընտանիքի կարիքները, սակայն արդեն տևական ժամանակ է՝ ֆերմերը վաճառել է անասուններին, ու Մկրտիչ Մարգարյանը մնացել է առանց աշխատանքի։ Երեխաների նպաստն էլ նոյեմբերից չի ստանում։

Օրերս Մկրտիչ Մարգարյանը մեզ ցույց տվեց կառույցը, որտեղ ապրում է՝ 6 մետր երկարությամբ, 2,5 մետր լայնությամբ, և դիմեց բոլորին՝ օգնել իրեն այդ վիճակից դուրս բերելու իր 6 անչափահաս երեխաներին՝ 3 աղջկան և 3 տղաներին։ Մկրտիչի մեծ աղջիկը 10 տարեկան է, իսկ կրտսեր տղան՝ 1,2 ամսական։

«Ցավալին այն է, որ մարդիկ 25 մլն պարգևավճար են ստանում, ոսկե գոտիներ են կապում, բայց աղքատ մարդու համար ոչինչ չեն անում։ Աղքատի կյանքն այս երկրում չի փոխվում, բայց թող հիշեն՝ վերևում Աստված կա։ Քյասիբների արյունը հերիք է խմեք, վերջացրեք»,- 168.am հետ զրույցում ասաց Մկրտիչ Մարգարյանը։

Կառույցը, որտեղ բնակվում է ընտանիքը, զուրկ է կենցաղային բոլոր տեխնիկաներից, նույնիսկ լվացքի մեքենա չկա։ Մկրտիչի կինն ամեն օր՝ ամառ ու ձմեռ, ձեռքով լվանում է 8 հոգու հագուստը, ձմռանը կառույցի ներսում կապված պարանին է չորացնում, ամռանն էլ՝ դրսում։ Հազվադեպ է լինում, որ լվացքը տաք ջրով անի, ասում են՝ արդեն սովորել է սառը ջրով լվացք անելուն, փայտի վառարանի վրա չեն հասցնում այդքան ջուր տաքացնել։

Կառույցը չունի նաև զուգարան, Մկրտիչ Մարգարյանը ցույց տվեց դրսում կառույցի հետևի հատվածի բացօթյա տարածքը՝ ասելով, որ իրենց «զուգարանն է»։

«Սա մեր «կառավարական» զուգարանն է, բոլորս էլ այնտեղ ենք գնում։

Խանութներին արդեն մոտ 800.000 պարտք եմ, երեխաների համար հաց, կաթ ու «պամպերս» եմ վերցրել, չեն մերժում՝ տալիս են։ Այսօր նորից պարտքով եմ հացը վերցրել՝ միանգամից 2 օրվա հաց եմ վերցրել։ Երբ փող է լինում՝ միանգամից խանութների պարտքն եմ տալիս»,- նշեց 52-ամյա տղամարդը։

Հետո Մկրտիչ Մարգարյանը ցույց տվեց գոմի այն հատվածը, որտեղ լողանում են՝ կրկին կատակեց. «Սա էլ մեր «ֆինսկին» է։ «Լավ» ղեկավարության երեսից 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը լողանում է գոմում, տուալետ էլ չկա։ Հետո էլ առողջությունից կխոսեն, բա վաղը եթե մի վիրուս վերցնեն երեխաները, ո՞վ է պատասխան տալու»։

Տարածքը, որտեղ բնակվում է Մարգարյանի ընտանիքը, գյուղի գրեթե վերջում է՝ ճանապարհի վրա։

Տարիներ առաջ տան ավագ աղջիկը՝ 10-ամյա Լիաննան, վրաերթի էր ենթարկվել այդ ճանապարհի վրա և մինչ օրս երեխան կրում է այդ վրաերթի հետևանքները։

Մկրտիչն ասում է՝ փառք Աստծո, իր երեխաներն առողջ են, բայց այդ կառույցի ներսում ապրելով, արդյո՞ք առողջական խնդիրներ ձեռք չեն բերի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս