Վճարում է «հպարտ քաղաքացին», վայելում են ՔՊ-ականները․ օրը 2.5 միլիոն դոլար՝ արտաքին պարտքի սպասարկմանը
Օրերս «Մեր ձևով» շարժումը մի տեսանյութ էր հրապարակել այն մասին, թե ՔՊ-ականների իշխանությունն ինչքան պարտք է թողել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ուսերին։
Տեսանյութի հրապարակումից հետո, մեկ կետից իջեցրած հատուկ հրահանգով, ՔՊ-ն մեծով ու փոքրով անցավ գրոհի՝ փորձելով մի կողմից անհեթեթ մեկնաբանություններով հիմնավորել, թե ինչքան լավ բան է պարտք վերցնելը, մյուս կողմից մեղադրել շարժմանը՝ պարտքն անհարկի շահարկելու մեջ։
Ասում են՝ տեղին չէ պետական պարտքը վերագրել քաղաքացիներին, դա անհատի պարտքը չէ։ Կարծես քաղաքացին չէ, որ վճարում է պարտքերի դիմաց։ Պարտքը վերցնում են իշխանությունները, փակում են քաղաքացիները։ Փակում են իրենց վճարած հարկերի միջոցով։ Անմտություն է ասել, թե պետական պարտքը քաղաքացու պարտքը չէ։
Որտեղի՞ց են իշխանությունները վերցնում պարտքը փակելու գումարները, եթե ոչ՝ պետական բյուջեից։ Իսկ պետական բյուջեն, ինչպես պարբերաբար կրկնում է ՔՊ-ականների առաջնորդը, բոլորիս գրպանն է։ Այդ գրպանի փողերով են փակում իշխանությունների վերցրած պարտքերը։ Որքան շատ են պարտք վերցնում, այնքան ավելի շատ ենք վճարում դրա դիմաց։ Թե՞ դա էլ դժվար է հասկանալ։ Թեև հասկանալու բան էլ չկա, տեսնում ենք, թե կարճ ժամանակում վերցրած պարտքերը սպասարկելու համար ինչքան են ծանրաբեռնել պետական բյուջեն։
Պարտքի միայն տոկոսները փակելու համար հատկացվող միջոցները, որոնք գոյանում են քաղաքացիների ու հարկատուների վճարած հարկերի հաշվին, 7 տարում գրեթե 3 անգամով ավելացրել են։ Այս տարվա 10 ամսում 856 մլն դոլարից ավելի միայն պարտքի տոկոս են վճարել՝ 100 միլիոնով ավելի, քան անցած տարի։ Մինչև տարեվերջ պարտքի տոկոսների մարումը կհասնի 1 մլրդ դոլարի։ Հաջորդ տարի՝ 1.1 միլիարդի։
Այս հսկայական գումարները, որոնք դուրս են գալիս քաղաքացու ու հարկատուի վճարած հարկերով գոյացող պետական բյուջեից, այդքան չէին լինի, եթե ՔՊ-ականները մի փոքր զսպեին պարտքեր վերցնելու իրենց ախորժակը։
Պետական պարտքը, վերջին տվյալներով, հասցրել են 14.2 մլրդ դոլարի։ 2018թ. սկզբին այն 6.8 միլիարդ էր։ 7.4 միլիարդով պետական պարտքն ավելացրել են։ Ավելի շատ պարտքեր են վերցրել, քան նախկին բոլոր իշխանությունները միասին 28 տարվա ընթացքում։ Ու այսքանից հետո մեղադրում էին, թե նախկինները պետությանը թաղում էին պարտքերի մեջ։
Պետությանը դրել են պարտքային ահռելի բեռի տակ ու դեռ արդարացնում են պարտք վերցնելը։ Ոչ միայն հսկայական պարտքեր են վերցրել ու թողել սերունդների վրա, այլև, որ շատ ավելի վատ է, էապես թանկացրել են պարտքը՝ թանկ փողերով ծանրաբեռնելով պարտքը։ Երբ զավթեցին իշխանությունը, պարտքի միջին տոկոսադրույքը 4.7-4.8 էր, հիմա 7.3 տոկոս է։ Առնվազն 2.5 տոկոսային կետով պարտքը թանկացրել են։ Հիմա հաշվեք, թե 14.2 մլրդ դոլար պարտքի վրա դա ինչ մեծ գումար է անում։
Թանկացման հետևանքով պարտքի տոկոսը հասցրել են կոմերցիոն վարկերի տոկոսներին։ Դրա պատճառով է նաև, որ այդպիսի հսկայական գումար ենք վճարում պարտքերը փակելու համար։ Ասում են՝ պարտքը անհատական չէ, պետությունն է այն փակում։ Բայց պետությունը փակում է հարկատուների վճարած հարկերով։ Եթե այդքան գումար չվճարվեր պարտքը փակելու դիմաց, պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան խնդիրներ կարելի էր լուծել քաղաքացիների համար։ Բայց քաղաքացիների համար խնդիրներ լուծելու փոխարեն՝ այս տարի 380 մլրդ դրամ կվճարեն միայն պարտքի տոկոսները փակելու համար։ Դա մեր բյուջեի համար հսկայական գումար է՝ կապ չունի, թե պարտքը ՀՆԱ ո՞ր տոկոսն է կազմում։ Ու դեռ չհաշված, որ պարտքի տոկոսներից կրկնակի ավել էլ վճարում ենք պարտքը փակելու համար։
Այնպես է ստացվել, որ պետական բյուջեի եկամուտների գրեթե մեկ երրորդը կամ 3 դրամից 1 դրամը գնում է պարտքը փակելուն, ինչն աննախադեպ է պարտքի ամբողջ պատմության մեջ։
ՔՊ-ականները փորձում են տպավորություն ստեղծել, թե պետությունը պարտքերը մարելու խնդիր չունի։ Եթե չունի, ինչո՞ւ են անընդհատ նոր պարտքեր վերցնում՝ հները մարելու համար։
Միայն այս տարվա 11 ամսում գրեթե 1.4 մլրդ դոլարով արդեն հասցրել են ավելացնել պարտքը։
Դրա մի մասն էլ գնացել է նախկին պարտքերի մարմանը։ Ասում են՝ պարտքերի հետ կապված խնդիրներ չունենք, բայց արդեն տևական ժամանակ պարտքի ժամկետայնության կարմիր լույսն է վառվում։ Սահմանված չափանիշների համաձայն, պարտքի մարման միջին ժամկետը 7 տարուց պակաս չպետք է լինի։ Հենց հիմա այն 7 տարուց ցածր է, բայց դա ՔՊ-ականներին բնականաբար չի մտահոգում, ու այդ մասին չեն էլ խոսում։
Պարտք վերցնելը գուցե այնքան էլ վատ բան չլիներ, եթե ծառայեր տնտեսության վերարտադրողականության ավելացմանը։ Դրա համար, սակայն, հարկավոր է, որպեսզի այդ գումարներն ուղղվեն տնտեսական ծրագրերի իրականացմանը։
Այնինչ՝ իշխանությունները շատ հաճախ պարտքեր են վերցրել ոչ թե տնտեսական ծրագրեր իրականացնելու ու տնտեսության պոտենցիալը բարձրացնելու, այլ բյուջեի սոցիալական ծրագրերը ֆինանսավորելու համար, աշխատավարձ, պարգևավճար, թոշակ ու նպաստ վճարելու համար։ Սա պարտքի գումարները ծախսելու, թերևս, վատագույն տարբերակն է։ Վերջերս էլ սկսել են արդարանալ, թե պարտքերով զենք են գնել։ Եթե նույնիսկ այդպես է, չնայած իր նշանակությանը, պարտքով զենք գնելը ևս արդարացված չէ։
Պարտք վերցնելու լավագույն տարբերակն այն է, երբ այդ գումարն աշխատում է՝ հետագայում պարտքը փակելու համար։
Այնինչ՝ ՔՊ-ականների իշխանությունը պարտքեր է վերցրել բյուջեի սոցիալական խնդիրները լուծելու, երբեմն էլ ասֆալտ անելու ու ժողովրդի աչքին թոզ փչելու համար։ Այն պարտքերն էլ, որոնք վերցրել են նպատակային ծրագրեր իրականացնելու նպատակով, հիմնականում չեն կարողացել ժամանակին իրականացնել, տարիներով ձգել են ու ծանրացրել պետական բյուջեի բեռը։
Նպատակային վարկային ծրագրերի կատարողականը երբեմն 50 տոկոսի չի հասնում։ Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք վաղուց պիտի իրականացրած լինեին, բայց շարունակում են մնալ թղթի վրա։ Եթե հավատանք ՔՊ-ականներին, 1 ամսից 300 դպրոց պիտի կառուցած, ավարտած, կահավորած լինեին։ Այնինչ՝ նույնիսկ 60-ը չեն կառուցել, ավարտել ու կահավորել։ Մնցած 240-ը, ասում են՝ ընթացքում են, թե ե՞րբ կավարտեն, դա էլ դեռ հարց է։
Բայց միայն դպրոցաշինության ծրագրի դեպքում չէ, որ երևում են իշխանությունների կատարողական «փայլուն» կարողությունները։ Շատ այլ ոլորտներում նույն իրավիճակն է։ Վարկերով ու պարտքերով նախատեսած նպատակային ծրագրերը, որոնք տարիներ առաջ ավարտած պիտի լինեին, երբեմն նույնիսկ չեն էլ մեկնարկել։ Այդ ծրագրերի համար պարտքեր են վերցրել ու ժամանակացույցից շեղվելու պատճառով՝ տույժեր են վճարում քաղաքացու գրպանից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
