Ամերիկացի դիվանագետի ասած՝ «սառը ձմեռներ անցկացնելու» սցենարն օբյեկտիվ է, որին մենք պետք է պատրաստ լինենք. Վահե Դավթյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ, կիրականացվի անվճար միանվագ ադրբեջանական վառելիքի փոխադրում Հայաստան։ Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային ՀԸ-ը:

Նշվում է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին, թե «սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարմանը»:

Նախարարության տվյալներով՝ այս տարվա դեկտեմբերի 5-ին Թբիլիսին գործընկեր երկրներից հարցում է ստացել՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման կազմակերպման վերաբերյալ՝ Վրաստանի տարածքով։

Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Ըստ նրա, նախորդ ամսվա վերջին ադրբեջանական Գաբալա քաղաքում Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են նավթի արտահանման հարցը։

Կարդացեք նաև

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձ կատարելով վրացական կողմի հայտարարությանը և Ադրբեջանի հետ ՀՀ իշխանությունների կողմից նավթամթերքի արտահանման վերաբերյալ քննարկումներին, նկատեց՝ այս ամենը պետք է դիտարկել ավելի լայն ռազմավարության շրջանակներում, և այդ քայլն, իհարկե, ունի շատ կարևոր աշխարհաքաղաքական ուղերձ։

«Սրանով ի՞նչ է ստանում Ադրբեջանը՝ եվրոպացի իր գործընկերներին ցույց է տալիս, որ իրապես պատրաստ է Հարավային Կովկասում գնալ տրանսպորտային, առևտրային կապերի ապաշրջափակման։ Ինչո՞ւ է Ադրբեջանի համար կարևոր սա ցույց տալ եվրոպացիներին, որովհետև մենք գիտենք, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ ամեն կերպ փորձում է դիրքավորվել՝ որպես Եվրոպայի էներգետիկ շուկայում շատ կարևոր խաղացող։

Գիտենք, որ Բաքվի և Բրյուսելի միջև կնքվել է բնական գազի մատակարարումն ավելացնելու վերաբերյալ պայմանագիր։ Իսկ երկրորդ ուղղությունը դա Միջին միջանցքն է, այսինքն՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է դիրքավորել Հարավային Կովկասը՝ որպես «Միջին միջանցքին» կապող շատ կարևոր օղակ, և այս համատեքստում այն ապաշրջափակման սցենարը, որն առաջ է տանում Ադրբեջանը՝ դա կարող են անվանել «Զանգեզուրյան միջանցք», կարող են անվանել «Թրամփի ուղի», բովանդակային առումով խոսքը նույն մոդելների մասին է՝ դիտարկվում է որպես Միջին միջանցքի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլ»,- 168.am հետ զրույցում ասաց Վահե Դավթյանը։

Մանրամասնելով, «Միջին միջանցք» հասկացությունը, Վահե Դավթյանն ասաց, որ այն մի հաղորդակցություն է, որն ի սկզբանե ուղղված է շրջանցելու Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքները։ Այսինքն՝ փաստացի դրանով Արևմուտքին ցույց է տրվում, որ Հարավային Կովկասը գնալով դուրս է մնում Ռուսաստանի գեոքաղաքական ազդեցությունից։

Թե այս ամենից ի՞նչ է ստանում Ռուսաստանը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Վրաստանում փորձագիտական մակարդակում բազմիցս է խոսվել այն մասին, որ Հարավային Կովկասում ապաշրջափակումը, մասնավորապես՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական տրանսպորտային կապերի վերականգնումը կարող է էապես նվազեցնել Վրաստանի լոգիստիկ գործառույթը, և տարբեր գնահատականների համաձայն, օրինակ, Վրաստան բեռնափոխադրումների ծավալը կարող է նվազել 20-25 տոկոսով։

«Վրաստանն այսօր փորձում է դրսևորվել հայ-ադրբեջանական տրամաբանության մեջ՝ որպես տարանցման գոտի, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկա ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն։ Նաև՝ Վրաստանը փորձում է պահպանել սեփական տարածաշրջանային նշանակության տարանցիկ գոտու կարգավիճակը։ Գիտենք, որ դիվանագիտական տարբեր խողովակներով, նաև կոմերցիոն մակարդակում Ադրբեջանը փորձել է կիրառել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» կամ «Թրամփի երթուղին» որպես գործիք Վրաստանի տարածքով սակագների սակարկման նպատակով։

Դրանով իսկ Վրաստանն այսօր ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, չնայած նրան, որ տարածաշրջանում կարող են ձևավորվել այլ ուղիներ, շարունակում է հանդես գալ որպես կարևոր տարանցման գոտի՝ դուրս չի մնում տարածաշրջանի տրանսպորտային ճարտարապետությունից»,- հավելեց մեր զրուցակիցը։

Փորձագետը հիշեցրեց՝ մոտ 2 ամիս առաջ խոսում էին Ղազախստանից ցորենի ներկրման մասին, այսօր՝ բենզինի, այսինքն՝ ընտրվում են ռազմավարական նշանակության ուղղություններ, հատկապես այն ուղղությունները, որտեղ Հայաստանն ավելի շատ է կախված Ռուսաստանի Դաշնությունից։ Հետևաբար, նրա կարծիքով՝ սրանով փորձ է արվում նվազեցնել Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը Հայաստանում։

«Կարող է տպավորություն ստեղծվել, որ Ռուսաստանն ինքն է մասնակցում այս գործընթացներին, որովհետև հայտարարվեց, որ ՌԴ-ից ևս նույն երթուղով կարող է ցորեն ներկրվել, նույն բենզինն ու վառելիքը, բայց կարծում եմ՝ սրանք ընթացիկ լուծումներ են։ Երկարաժամկետ կտրվածքով այս լոգիստիկ կապերը վստահաբար օգտագործվելու են Հայաստանում ռուսական գեոտնտեսական կշռի էական նվազեցման համար»,- նշեց Վահե Դավթյանը։

Ինչպե՞ս կանրադառնա այս ամենը հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ հարցին Վահե Դավթյանն արձագանքեց՝ այն ճգնաժամի պայմաններում, որն այսօր կա հայ-ռուսական հարաբերություններում, դրան կարող է գումարվել նաև տնտեսական ճգնաժամը։ Իսկ տրանսպորտային ապաշրջափակման այն սցենարը, որը դիտարկվում է այս պահին, այդ թվում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված հայտնի համաձայնությամբ, ուղիղ հարվածում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը։ Լուրջ խոչընդոտներ են ստեղծում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն բազմակողմ փոխգործակցությանը։

«Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է դիքավորվել Հայաստանի կարևոր շուկայում՝ վառելիքի և ցորենի, ճիշտ է՝ ոչ թե որպես ուղիղ մատակարար, այլ որպես տարանցման գոտի, սա հետապնդում է շատ ավելի հեռահար նպատակ։ Դրանից ամենակարևորը, կարծում եմ՝ Հայաստանի էներգետիկ համակարգի և ենթակառուցվածքային համակարգի «ապառուսիֆիկացումն» է։ Հատկապես վերջին 2 տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ ՀՀ գործող իշխանությունները խոսել են այն մասին, որ պատրաստ են Ադրբեջանից բնական գազ գնել, դիզվառելիք ու բենզին ներկրել։

Հիմա Ռուսաստանից կատարվող մատակարարումներն են, որ ապահովում են մեր երկրի էներգետիկ անվտանգությունը։ Այս լոգիստիկ վերադասավորումները, որոնց մենք հետևում ենք, կարող են հանգեցնել ապագայում նրան, որ Ադրբեջանը փաստացի դուրս մղի Ռուսաստանին ՀՀ էներգետիկ ու ենթակառուցվածքային համակարգից, սա կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերությունների խորքային ճգնաժամի։

Չմոռանանք այն մասին, որ այս ռազմավարությունը համապատասխանում է բոլոր որոշումներին, որոնք վերջին շրջանում կայացնում են ԵՄ-ում։ Բոլորովին վերջերս Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Մարթա Կոսը հայտարարեց այն մասին, որ շուրջ 500 մլն եվրո են հատկացնում Հայաստանին՝ Հայաստան-Վրաստան և Հայաստան-Թուրքիա էներգետիկ կապերի զարգացման համար։ Սա մի սցենար է, որի դեպքում Ադրբեջանի ձեռքով Հայաստանից դուրս է մղվում ռուսական գործոնը։

Տարիներ առաջ ամերիկացի դիվանագնետներից մեկը շատ անկեղծ եղավ և հայտարարեց, որ՝ «այո, սա Հայաստանի որոշումն է, բայց Հայաստանն ու հայ ժողովուրդն այս սցենարի իրականացման դեպքում պետք է պատրաստ լինեն մի քանի սառը ձմեռներ անցկացնել», սա օբյեկտիվ սցենար է, որին մենք պետք է պատրաստ լինենք»,- ընդգծեց Վահե Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս