Բաքուն և Թեհրանը ցանկություն ունեն էպիզոդիկ ճգնաժամերը և փոխադարձ անվստահությունը վերածել ավելի կառավարելի ռեժիմի․ Եվգենյա Գորյուշինա

«Արաղչիի Բաքու կատարած այցի արդյունքներն արտացոլում են Բաքվի և Թեհրանի ցանկությունը՝ էպիզոդիկ ճգնաժամերը և փոխադարձ անվստահությունը վերածել ավելի կառավարելի ռեժիմի»,- այս մասին իր վերլուծական անդրադարձում գրում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար Եվգենյա Գորյուշինան` անդրադառնալով ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի այցին Ադրբեջան։

Գորյուշինան գրում է, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակության ընդունելությունը նշանավորեց ադրբեջանա-իրանական երկխոսության անցումը դեպի ավելի ինտենսիվ քաղաքական և ենթակառուցվածքային համագործակցություն:

Ըստ նրա, այցը նշանավորեց Արաղչիի Բաքվում ունեցած շփումների տրամաբանական ավարտը և ծառայեց որպես հարթակ արտաքին գործերի նախարարությունների մակարդակով հնչեցված ուղերձների միավորման համար։

«Ալիևը շեշտեց ադրբեջանա-իրանական հարաբերությունների պատմական խորությունը և նրանց ժողովուրդների «դարավոր համակեցությունը», ինչն այս կապերին հաղորդում է լրացուցիչ քաղաքական կշիռ:

Կարդացեք նաև

Նա նշեց շփումների արագացումը, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան և բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք Բաքուն ընկալում է՝ որպես համագործակցության ընդլայնման ռեսուրս:

Ընդգծվեց, որ երկկողմ օրակարգը կառուցված է «կոնկրետ ճանապարհային քարտեզների» և տնտեսության, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Արաղչին Ալիևին փոխանցեց Փեզեշքիանի անձնական ողջույնները և հիշեցրեց, որ իր ընտրությունից ի վեր Իրանի նախագահը նպատակ է դրել ամրապնդել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Իրանի պետական ​​լրատվամիջոցներն այցը ներկայացրել են՝ որպես երկկողմ կապերի ողջ ներուժի օգտագործման գիտակցված անցում: Հաղորդվում է, որ Ալիևը գոհունակություն է հայտնել հարաբերությունների դինամիկայից և պատրաստակամություն է հայտնել օգտագործել «բոլոր հասանելի հնարավորությունները» դրանք ընդլայնելու համար»,- գրում է վերլուծաբանը։

Փորձագետն արձանագրում է, որ այս կուրսի գործնական բովանդակությունն ակնհայտ էր արտաքին գործերի նախարարների միջև զուգահեռ բանակցություններից:

«Բաքվում Արաղչին հայտարարել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը և դրան կից երթուղիներն ամրապնդելու, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շարունակելու իր մտադրության մասին: Միևնույն ժամանակ, Թեհրանը հաստատել է Ալիևին այցով հյուրընկալելու իր պատրաստակամությունը՝ այն ինտեգրելով ավելի լայն, բազմակողմանի քաղաքական երկխոսության մեջ: Նույն ուղղությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շեշտը դրել է տրանսպորտային և լոգիստիկ օրակարգի վրա՝ Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի ինքնավար շրջանի միջև կապը, օդային երթևեկության ընդլայնումը, ինչպես նաև կրթական և մշակութային կապերը»,- նշում է Գորյուշինան՝ հավելելով, թե հանդիպման համատեքստը գերազանցում է երկկողմ դիրքորոշումների շրջանակը:

Նրա որակմամբ, Փեզեշքիանի ընտրությունից և Արաղչիի նշանակումից հետո Թեհրանը շարժվում է դեպի ավելի համակարգային ներկայություն Հարավային Կովկասում, այդ թվում՝ «3+3» ձևաչափով, որն Իրանը հրապարակայնորեն ներկայացնում է՝ որպես տարածաշրջանային կայունության գործիք:

«Բաքվի համար շփումների այս ցիկլը համընկնում է 2025 թվականի ապրիլյան համաձայնագրերի իրականացման հետ (նախագահների համատեղ հայտարարությունը, Արտաքին գործերի նախարարության 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագիրը և 2025-2028 թվականների մշակութային փոխանակման ծրագիրը):

Այս ֆոնին, Արաղչիի ընդունելությունը նախագահական պալատում փոխանցում է մի քանի կարևոր ազդանշաններ: Ադրբեջանը ցուցադրում է պատրաստակամություն՝ ընդլայնելու համագործակցությունն Իրանի հետ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում՝ առանց հրաժարվելու իր բազմավեկտոր մոտեցումից և այլ արտաքին խաղացողների հետ փոխազդեցությունից: Իրանի համար այցը հնարավորություն է հաստատելու, որ Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը ձևավորվում է իր շահերը հաշվի առնելով, և Հյուսիս-Հարավ միջանցքը և դրան առնչվող նախագծերը դիտվում են՝ որպես պատժամիջոցների ճնշումը նվազեցնելու և իր տարանցիկ դերն ամրապնդելու գործիք:

Ամփոփելով՝ սա արտացոլում է Բաքվի և Թեհրանի ցանկությունը՝ էպիզոդիկ ճգնաժամերը և փոխադարձ անվստահությունը վերածել ավելի կառավարելի ռեժիմի, որտեղ երկկողմ և բազմակողմ մեխանիզմները դառնում են դիրքորոշումների համակարգման հիմնական ուղին»,- եզրափակել է Գորյուշինան։

Տեսանյութեր

Լրահոս