Ինչ է «տալիս», և ինչ է «տանում» Հայաստանից 500 միլիոն եվրոն
Հայաստանում տեղեկատվա–քարոզչական հերթական «հրավառություն» է առաջացել եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունից հետո, որն ասել է, թե Եվրամիությունը 500 միլիոն եվրո է ներդնելու Հայաստանի էլեկտրացանցերը Թուրքիայի և Վրաստանի էլեկտրացանցերին միացնելու համար:
Մի կողմ թողնեմ այս հայտարարության քաղաքական մոտիվները, և հատկապես Թուրքիային առնչվող ծրագրերում եղած քաղաքական ու անվտանգային խութերը: Առավել ևս, որ եղել են ու կլինեն այդ ամենի մասին խոսելու առիթներ: Մարթա Կոսի հայտարարությունից հետո Հայաստանում առաջացած «հրավառությունն» առիթ է տալիս մտորել շատ ավելի մտահոգիչ մի երևույթի մասին:
ԵՄ կողմից հատկացվող 500 միլիոն ներդրումը որևէ կապ չունի Հայաստանի տնտեսական կարողությունների ընդլայնման հետ: Այդ ներդրումն ընդլայնում է Եվրամիության քաղաքական նպատակները, և, իհարկե, այդպես էլ պետք է լիներ, որովհետև ԵՄ–ն քաղաքական դերակատար է, որ իր փողերը ծախսում է այդ քաղաքական շահերը սպասարկելու համար: Ավելին, դեռ պետք է հասկանալ, թե այդ 500 միլիոնից որքանն է անմիջականորեն վերաբերելու Հայաստանին և ի՞նչ տեսքով է տրամադրվելու՝ դրամաշնորհի՞, թե՞ հերթական վարկի:
Փոխարենը, Հայաստանի քաղաքացիներին պետք է մտահոգի այն, որ Հայաստանում շարունակում է նվազել օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը, և առավել ևս՝ խոշոր ներդրումային ծրագրերը: Հայաստանի քաղաքացիներին պետք է մտահոգի հենց սա, որովհետև օտարերկրյա ուղղակի ներդրումներն են, դրանց միջոցով ստեղծվող արտադրական հնարավորություններն են, որ ապահովում են աշխատատեղ ու եկամուտներ, ապահովում են դրանցից բխող մուլտիպլիկատիվ էֆեկտ:
Ուղղակի օտարերկրյա ներդրումներն են նաև, որ ձևավորում են շահերի ու հարաբերությունների երկարաժամկետ համակարգ, որը կառուցված է փոխադարձության առավել կայուն հիմքերի վրա: Դա է պատճառը, որ պետությունների արտաքին քաղաքականությունը միտված է հենց ուղղակի ներդրումների ներգրավմանը, նույնիսկ այնպիսի գերտերության, ինչպիսին ԱՄՆ-ն է:
Եթե խոսենք փոքր–ինչ պայմանական տրամաբանությամբ, ապա 200-250 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումային որևէ ծրագիրը շատ ավելի արժեքավոր է երկրի տնտեսության համար, քան միջազգային որևէ կազմակերպության տրամադրելիք փող, որը գերազանցապես այդ կառույցի քաղաքական նպատակներին միտված գործիքակազմ է:
Այո, քաղաքական բաղադրիչ կարող են ունենալ նաև օտարերկրյա խոշոր ներդրումային ծրագրերը: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այդ պարագայում ծրագիրն ուղեկցվում է նաև այն պետության անմիջական շահով, որը տվյալ ներդրումային հետաքրքրության ուղղություն է:
Ցավոք, Հայաստանի անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում, մեղմ ասած, բավարար աշխատանք չի կատարվել Հայաստանի հանրության տնտեսական տարրական գրագիտության ուղղությամբ: Օրինակ, այսօր շատ է խոսվում, որ ինֆորմացիոն տեխնոլոգիական նոր միջավայրում Հայաստանի հանրությունը մեդիագրագետ չէ, և մեդիագրագիտության այդ խիստ ցածր աստիճանը հանրությանը դարձնում է տարատեսակ քարոզչական մանիպուլյացիաների ենթակա:
Այդ տեսանկյունից պակաս վնասակար չէ նաև տարրական տնտեսական գրագիտության խիստ ցածր նշաձողը: Իսկ տարրական տնտեսական գրագիտությունն այն է, օրինակ, երբ քաղաքացիները որևէ տնտեսական հեռանկար ու տնտեսական քաղաքականություն չափում են ուղղակի տնտեսական ներդրումների վիճակագրությամբ, որոնք Հայաստանում ենթադրում են երկարաժամկետ տնտեսական փոխշահավետ ծրագրեր, աշխատատեղեր, արտադրական հզորություններ և չափելի արդյունք:
Եվ ավելին, զանազան ճանապարհներով տեղի է ունեցել հանրային գիտակցության աղավաղում առ այն, թե օտարերկրյա ուղղակի ներդրողը պարզապես մի շահագործող–գաղութարար է, որը գալիս է Հայաստանի ռեսուրսներն ու բարիքը յուրացնելու:
Այս աղավաղումների ու հանրային գիտակցության մեջ պարզ նշաձողերի փոխարեն, ձևավորվել են հենց պարզապես քարոզչական սխեմաներ, որպեսզի հեշտ լինի դրանցով քողարկել իրական տնտեսական քաղաքականության բացակայությունն ու ստանալ դրա իմիտացիա:
Այդ ամենով հանդերձ, եթե դիտարկենք նույն էներգետիկ ոլորտը, ապա Հայաստանի հանրության համար բազմապատիկ մտահոգիչ պետք է լինի, օրինակ, սեփականության իրավունքի ոտնահարումն էլցանցերում: Որովհետև դա հարված է Հայաստանի ներդրումային վարկին ու պետական վստահելիությանը:
Իսկ դա պետության մրցունակության ու անվտանգության առանցքային բաղադրիչ է: Ներդրողները «մոռանում» են երկրի մասին, որտեղ հնարավոր է, օրինակ, մի հարցազրույցի միջոցով խափանել սեփականության իրավունք, կամ սոցիալական դժգոհության անվան տակ խափանել երկրի ռազմավարական խոշորագույն ընկերություններից մեկի աշխատանքը՝ հարյուրավոր միլիոն դրամի կորուստներ պատճառելով տնտեսությանն ու պետական բյուջեին, իսկ հետո հայտնվել այդ վարչապետի բանախոսության առաջին շարքերում:
Կամ, նույն էներգետիկայի ոլորտում պայմանավորվածություններ ձեռք բերել վերականգնողական էներգետիկայի ասպարեզում խոշորագույն ներդրող ընկերություններից մեկի հետ, հետո, սակայն, ձախողել դրանք պետական ու համայնքային կառավարման համակարգի անարդյունավետ աշխատանքի հետևանքով: Օրինակները հնարավոր է շարունակել, որոնք պարզ արտացոլում են պատասխանը, թե ինչու է Հայաստանում ըստ էության շարունակվում խոշոր ներդրումային ծրագրերի վիճակագրության նվազումը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
