Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ թե տուժում է, այլ մի բան էլ շահած է դուրս գալիս. Վիտալի Մանգասարյան
Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցում հատկապես վերջին շրջանում հետևողական ակտիվություն է դրսևորում Թուրքիան, քանի որ, ինչպես նախագահ Էրդողանն է հայտարարել, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հասել է այնպիսի մակարդակի, որն ակնհայտորեն սպառնում է Սև ծովում նավարկության անվտանգությանը։
«Առևտրային նավերի վրա հարձակումը բացառապես մեր տնտեսական գոտում վկայում է իրավիճակի տագնապալի սրման մասին»,- շեշտել է նա։
Իսկ ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 3-ին մասնակցելու է Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, նա հայտարարելու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու, արդար ու կայուն խաղաղություն հաստատելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին, ընդգծելու խաղաղ գործընթացին ցանկացած ներդրում կատարելու Թուրքիայի պատրաստակամությունը: Ֆիդանն արդեն հասցրել է Ուկրաինայի ճգնաժամի հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ:
Բացի վերոնշյալից, կա՞ արդյոք այլ պատճառ, որ այս պատերազմի պատճառով տուժում է Թուրքիան: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:
– Ռուս- ուկրաինական պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան շարունակաբար փորձել է իրեն ներկայացնել՝ որպես միջնորդական առանցքային դերակատար։ Պատերազմի սկսվելու առաջին իսկ շաբաթներից Անկարան հայտարարում էր, որ պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար, ինչի արդյունքում 2022-ին Ստամբուլում տեղի ունեցան բանակցային փուլեր։ Թուրքիայի վերջնական նպատակը երկու ուղղություն էր ընդգրկում՝ ուժեղացնել իր միջազգային կշիռը և հնարավորինս շահած դուրս գալ աշխարհաքաղաքական նոր հավասարակշռություններից։
Պատերազմի ընթացքում Թուրքիան դարձավ Ուկրաինայի կարևոր մատակարարներից մեկը՝ հատկապես «Բայրաքթար TB2» հարվածային անօդաչուների շնորհիվ։ Սկզբնական փուլում «Բայրաքթարները» մարտի դաշտում Ուկրաինային տվեցին որոշակի առավելություն, սակայն կարճ ժամանակ անց ռուսական կողմին հաջողվեց արդյունավետ պայքարել այդ միջոցների դեմ։ Արդյունքում՝ դրանք կորցրին պատերազմը փոխող գործիքի իրենց կարգավիճակը, իսկ Թուրքիան՝ դրանց միջոցով ազդեցության ընդլայնման ակնկալվող լծակները։
Անկարան դարձել էր նաև ռուսական կապիտալի կարևոր տարանցիկ գոտի, իսկ ռուս զբոսաշրջիկներն ու էներգետիկ համագործակցությունը զգալի դեր ունեին Թուրքիայի տնտեսության կայունության մեջ։ Էրդողանի վերջին հայտարարությունները Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումների մասին վկայում են, որ Թուրքիան մտահոգված է ոչ միայն անվտանգությամբ, այլև սեփական տնտեսական շահերի շարունակական կորուստներով։ Վերը նշված փաստերը համադրելով, կարծում եմ, որ մեծ հաշվով այս պատերազմի ընթացքում Թուրքիան ոչ թե տուժում է, այլ մի բան էլ շահած է դուրս գալիս։
– Թեև բանակցություններ են ընթանում, սակայն ռուս–ուկրաինական պատերազմի ելքը մարտի դաշտում, ըստ էության, ակնհայտ է: Ներկա պայմաններում այս պատերազմի ավարտն ի՞նչ ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի վրա, տարածաշրջանային զարգացումների:
– Ռուսաստանը բազմիցս շեշտել է, որ այս փուլում իր ռազմաքաղաքական առաջնահերթությունն Ուկրաինան է։ Իրականում Ռուսաստանը պատերազմի ընթացքում ծախսում է իր ռազմական, տնտեսական և դիվանագիտական ռեսուրսների մի զգալի մասը՝ կենտրոնանալով առաջնագծի պահման, նոր զորամասերի համալրման և ռազմական արդյունաբերության ընդլայնման վրա։ Արդյունքում Հարավային Կովկասը, որը նախկինում Մոսկվայի արտաքին քաղաքական ուշադրության առանցքային ուղղություններից էր, այսօր ակնհայտորեն երկրորդական դիրք ունի։
Կարծում եմ, որ այս հակամարտությունը չի ավարտվելու մոտ ապագայում և անգամ, եթե առաջիկա ամիսներին մարտական գործողությունները թուլանան կամ ակտիվ փուլը դադարի, հակամարտությունը չի ստանա վերջնական քաղաքական լուծում։ Ռուսաստանը և Ուկրաինան երկար տարիներ կմնան բախման և փոխադարձ թշնամության ռեժիմում։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի ուշադրությունը դեռ երկար ժամանակով կմնա արևմտյան ճակատում՝ սահմանափակելով նրա կարողությունը՝ լիարժեք վերադառնալու այլ տարածաշրջաններ, ներառյալ՝ Հարավային Կովկասը։
Այս պայմաններում ակնկալել, որ պատերազմական հիմնական փուլերի ավարտից անմիջապես հետո Մոսկվան կփորձի արագ և կտրուկ ամրապնդել դիրքերը մեր տարածաշրջանում, կարծում եմ, այդքան էլ ռեալ չէ կամ ժամանակավրեպ խոսակցություն է: Բացի այդ, Հարավային Կովկասում արդեն ձևավորվել են նոր խաղացողներ, ինչը նույնպես կդժվարացնի ՌԴ-ի, այսպես ասած, վերադարձը։
– Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել էր Իսրայելից Բաքու ժամանած պատվիրակությանը` երկրի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդի գլխավորությամբ, որի ժամանակ ադրբեջանական կողմը գոհունակություն է հայտնել հատկապես ռազմատեխնիկական ոլորտում Իսրայելի հետ համագործակցության մակարդակից։ Այսինքն, Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցությունն ակտիվ զարգանում է: Այս օրերին նաև հայտնի է դարձել, որ արդեն դեկտեմբերի 30-ին իսրայելական բանակին կմատակարարվի «Երկաթե ճառագայթ» ՀՕՊ լազերային համակարգը, որը նույն Դանիել Գոլդի հաշվարկներով, մարտադաշտում հիմնովին կփոխի մարտական գործողությունների վարման կանոնները: Կարո՞ղ ենք ասել, որ Իրան-Իսրայել հակամարտությունը նոր դրսևորում դեռ կունենա:
Ադրբեջան-Իսրայել ռազմատեխնիկական համագործակցությունն այսօր գտնվում է առավել բարձր մակարդակի վրա, քան երբևէ։ Այս համագործակցությունը նոր երևույթ չէ․ դեռ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Իսրայելի մատակարարած զինատեսակները՝ հատկապես անօդաչուների և հետախուզահարվածային համակարգերի ձևով, առանցքային դերակատարում ունեցան Ադրբեջանի ռազմական պլանավորման մեջ։
Պատերազմից հետո համագործակցությունը ոչ միայն չթուլացավ, այլև ընդլայնվեց՝ ստանալով ավելի համակարգային, ծրագրային բնույթ։ Իսրայելական ռազմական արդյունաբերության մի շարք ընկերություններ ներգրավված են Բաքվի հետ համատեղ մեծածավալ ծրագրերում՝ հակաօդային պաշտպանության, արբանյակային հետախուզության, անօդաչու համակարգերի նոր սերնդի և մի շարք այլ ոլորտներում։ Այդ համագործակցությունը դարձել է Ադրբեջանի անվտանգության դոկտրինի կառուցվածքային մաս՝ ապահովելով նրան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական լծակներ։
Կարծում եմ, պատահական չէ, որ Իսրայելը փորձում է ամրապնդել իր դիրքերն Իրանի անմիջական հարևանությամբ, ընդ որում, ոչ միայն տեխնիկապես այլ նաև մարդկային, հետախուզական և տարածաշրջանային ներկայության առումով։ Իրանի սահմանների մոտ տեխնոլոգիական կարողությունների ստեղծումը Թել Ավիվի համար ունի ռազմավարական նշանակություն։
Իրանցի փորձագետների հետ իմ շփումներում ակնհայտ է դարձել, որ Իրանը նույնպես պատրաստվում է հնարավոր նոր սրացումների՝ ակնկալելով, որ Իսրայելը կարող է անցնել ակտիվ նոր գործողությունների տարածաշրջանում։
Իրանցի վերլուծաբանների շրջանում գերակշռում է կարծիքը, որ Թել Ավիվի կողմից հնարավոր «կանխարգելիչ» քայլերը ոչ թե տեսական հեռանկար են, այլ իրական սպառնալիք, որի համար Իրանը նախապատրաստվում է ռազմական, քաղաքական և դիվանագիտական մակարդակներով։
Այնուամենայնիվ, նման գործողությունների հավանականությունը որոշվում է ոչ միայն Իսրայելի կողմից։ Հետևաբար, թեև Իրան-Իսրայել հակամարտությունն ունի բոլոր նախադրյալները նոր դրսևորումների համար, դրա իրականացման ձևերն ու ժամանակագրությունը կախված կլինեն բազմաթիվ փոփոխականներից։
– Հետևե՞լ եք Բաքվի զորահանդեսին, ո՞ւմ դեմ է Բաքուն զինվում: Սրան զուգահեռ՝ ակտիվ ձևով մարզում են իրենց պահեստազորին, այդ թվում՝ հատուկջոկատայիններին, իսկ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը լուրջ դերակատարում են ունեցել 44-օրյա պատերազմում:
– Այո, բնականաբար, շատ ուշադիր հետևել եմ Բաքվի զորահանդեսին։ Զորահանդեսի ժամանակ ադրբեջանցիներն առաջին անգամ ցուցադրեցին Պակիստանից գնված JF-17 Block III մարտական ինքնաթիռները։ Բացի այդ, առաջին անգամ ցուցադրվեցին տեղական արտադրության «VIKING» հակաօդային համակարգը, «HQ-9» հեռահար հակաօդային հրթիռային համակարգը, ինչպես նաև «S-300 FAVORIT»-համակարգը։
Այո, ադրբեջանական կողմը նաև շատ ակտիվորեն մարզում է իր պահեստազորին, այդ թվում՝ հատուկջոկատային ստորաբաժանումներին: Դեկտեմբերի 1-ին, 2025 թվականի ուսումնական պլանի շրջանակներում, անցկացվել է հերթական հավաքը, որտեղ պահեստազորի զինվորները վարժանքներ են կատարել հատուկջոկատային միավորումներում՝ կենտրոնանալով ֆիզիկական, հետախուզական և մարտավարական պատրաստության վրա: Որքան էլ ադրբեջանական կողմը խաղաղության ձգտելու իմիտացիա է դրսևորում, սակայն դրան զուգահեռ՝ Բաքուն իր ԶՈՒ ստորաբաժանումներին ակտիվորեն պատրաստում է հարմար պահի իր պահանջներն ուժով բավարարելու համար: Այս ամենը ցույց է տալիս, որ Բաքուն չի հրաժարվում ռազմական ճնշման քաղաքականությունից։
– ՀՀ պաշտպանական շինություններն ակտուա՞լ են այսօրվա պատերազմի պայմաններում:
Եթե խոսքն ամրացման շրջանների մասին է, որոնք ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անվանում է ամրոցներ, ապա ես շատ կուզենայի տեսնել այն զորավարժությունների սցենարները, որոնց ընթացքում կխաղարկվեին դրվագներ՝զինծառայողների և խաղաղ բնակչության այդ ամրացման շրջաններ հասնելու, տեղակայվելու և այնտեղից մարտ վարելու վերաբերյալ։
Ես չեմ ուզում թերագնահատել այդ կառույցների դերը և նշանակությունը, սակայն ոչ հեռու անցյալի դառը փորձը հուշում է, որ շատ ժամանակ այս կամ այն զինտեխնիկայի մասին ավելի շատ քարոզչական աղմուկ է բարձրանում, քան իրականում կա։ Նմանօրինակ շատ պատմություններ են եղել հատկապես վերջին տարիներին, թերևս, ամենաաղմկահարույցը ՍՈւ-35ՍՄ կործանիչների պատմությունն էր։
– Ի դեպ, օրերս Հանրայինի եթերում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակն ակնարկել է, որ նոր մոդել են ներդնելու բանակում, բայց կոնկրետ ի՞նչ պիտի փոխվի, ի՞նչ բովանդակության մասին է խոսքը, չի մանրամասնել, թեև նշել է, որ այն ենթադրում է նաև փաստաթղթային փոփոխություն:
– Այո, ՊՆ խոսնակը նշեց, որ նախատեսվում է ներդնել «նոր մոդել», սակայն որևէ կոնկրետություն այդպես էլ չհնչեց։ Այս հայտարարությունը նոր չէ՝ վերջին շրջանում հաճախ են շրջանառվում խոսակցություններ այն մասին, որ բանակը պետք է անցում կատարի արևմտյան կամ արևմտյան տարրերով համալրված մոդելի։ Սակայն հայտարարությունների մակարդակից դուրս գալու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է իրականում փոխվում, ինչ նպատակով, ինչ ռիսկեր ու հնարավորություններ են առաջանում նման անցման դեպքում։
«Արևմտյան մոդել» կամ «մոդելներ» ասվածը միայն անվանում կամ կարգախոս չի։ Դրանք ենթադրում են հսկայածավալ և համակարգային աշխատանք՝ սկսած օրենսդրական հարթությունից մինչև կառավարման, շտաբային մշակույթների, ուսումնական գործընթացների և գործողության կանոնների փոփոխություն։
Անկեղծ ասած, այս փուլում դժվար է պատկերացնել՝ կոնկրետ ինչ են ցանկանում անել, և արդյոք կա՞ հստակ ճանապարհային քարտեզ։ Արևմտյան բանակները կառուցվածքային խիստ բարդ համակարգեր են, որոնց բաղադրիչները փոխկապակցված են դարերով ձևավորված ավանդույթներով, կրթական համակարգերով և ռազմական մտածողությամբ։
Մինչ այս պահը, տեսանելի փոփոխությունների շարքում միայն տեսանելի է զինվորական ողջույնի փոփոխությունը՝ «ուռա»-ի փոխարեն՝ «կեցցե»։ Բնականաբար, նման մակերեսային փոփոխությունները որևէ կերպ չեն կարող արտահայտել այն խորքային բարեփոխումները, որոնք ենթադրում են խոստացված «նոր մոդելը»։
Սրա հետ մեկտեղ՝ չափազանց կարևոր է, որ նման արմատական բարեփոխումների գործընթացում ներգրավված լինի մասնագիտական և փորձագիտական համայնքը։ Ցավոք սրտի, այս պահին այդ ներգրավվածությունը, մեղմ ասած, բավարար չէ։
– ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարբեր երկրներում պարբերաբար մասնակցում է ռազմատեխնիկական կամ ռազմարդյունաբերական ցուցահանդեսներին, վերջինը Կահիրեում կազմակերպված «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսն է: Եթե ՀՀ-ին մարտունակ բանակ պետք չէ, ի՞նչ է նա փնտրում նման միջոցառումներում միայն «պաշտպանունակ» լինելու համար, թեև պաշտպանությունը ևս ենթադրում է հարձակողական և հակահարձակողական գործողություններ: Հնարավո՞ր է՝ ռազմատեխնիկական լուրջ պլաններ են իրագործվում, չնայած առանց պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի, որը չի իրականացվում վաղուց, դժվար է պատկերացնել կանոնակարգված և հաշվարկված պրոցես:
– Ռազմական ցուցահանդեսներին մասնակցելն ինքնին վատ չէ, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալ նոր սերնդի զինտեխնիկային, խորացնել միջազգային կապերը, հասկանալ շուկայի միտումները։ Սակայն ցուցահանդեսներին մասնակցությունն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ պետությունն ունի հստակ ռազմավարություն՝ ինչ է ուզում զարգացնել, ինչ սպառազինություն է առաջնահերթ, ինչպիսի բանակ է կառուցում և ինչ խնդիրներ է դնելու այդ բանակի վրա։
Այսօր նման ռազմավարության վերաբերյալ հրապարակային, ամբողջական պատկեր չկա, կա միայն հատվածական, երբեմն իրար հակասող հայտարարությունների շարք։ Այս կոնտեքստում ցանկանում եմ նաև նշել, որ մինչ այս պահը մենք չունենք նոր իրողություններով պայմանավորված ազգային անվտանգության ռազմավարություն։
