
«Ուղիղ ցուցում կա Վեհափառ հայրապետի դեմ». Մամիկոն Ասլանյան
Ազատության հրապարակում ընթանում է «Մեր ձևով» շարժման հրավիրած հանրահավաքը։
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքից ակնկալիքները մեծ են, քանի որ տեսնում են՝ որքան պայքարի ոգին մարում է, դիմակայությունը չկա, այնքան իշխանությունների ախորժակն ավելի է մեծանում։
«Կարծում եմ՝ բոլորը մի կողմ պետք է դնեն իրենց տարաձայնությունները և կարողանան գոնե այս ազգի նկարագիրը պահպանել։ Մենք ընկել ենք արժեքների ձևախեղման հետևից, որևէ արժեք մեզ համար էտալոնային չի դառնում, իսկ դա նշանակում է, որ մենք հերթական անգամ կորցնում ենք մեր նույնականությունը, նաև ի դեմս կալանավորված Սամվել Կարապետյանի, սրբազանների։ Կարելի է մեկ բռունցք դառնալ և ձևավորել ալտերնատիվ օրակարգ և ցույց տալ, որ այս ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որի հետ կարելի է այսպես վերաբերվել»,- նշեց Մամիկոն Ասլանյանը։
Նա ընդգծեց՝ քրեական գործեր սարքելու ու «կարելու» միջով ինքն արդեն անցել է, հետևաբար՝ իշխանությունները կարող են նույնիսկ «օդով» էլ մարդկանց դեմ գործեր հարուցել։
«Իշխանությունները փոխանակ զբաղվեն երկրում ստեղծված հանցավորության դեմ պայքարով, օտարերկրյա գործակալական կեղտոտ ցանցերի դեմ աշխատելով, լծված են միայն իրենց հետ անհամաձայնություն հայտնած անձանց, ինստիտուտների դեմ պայքարելով։ 2-3 տարվա վաղեմության ձայնագրությունը հենց դրա մասին է վկայում։
Այս երկրում իրավական համակարգն այնպիսի աղճատված վիճակում է, որ իրավական գնահատական տալն ամենաանշնորհակալ գործն է, սա կթողնեմ նրանց, ովքեր դրա փորձագետն են։ Բնականաբար, եթե ուղիղ ցուցում կա, եթե իշխանական լրատվամիջոցներով արդեն այդ թեման շահարկվում է, հետևաբար՝ սլաքներն արդեն ուղղված են Վեհափառի դեմ»,- ընդգծեց Մամիկոն Ասլանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում