
Ադրբեջանական քարտեզները հուշում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման հնարավոր փորձի մասին. այն ուղղակիորեն ազդելու է Իրանի հյուսիսային սահմանների վրա. Արամ Շահնազարյան

Օրերս Ադրբեջանը հրապարակել է «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը, որտեղ որոշվել են Հայաստանի, Ւրանի, Ադրբեջանի տարածքները, լեռները, բնակավայրերը, գետերը, քարտեզում նաև տեղ է գտել «Արաքսի միջանցքը»:
Այդ քարտեզում Հայաստանի որոշ բնակավայրեր նշված են՝ ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական անվանումներով։
168.am-ը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ «Զանգեզուրի միջանցքին» ընդդիմացող Իրանի փորձագիտական շրջանակներում ի՞նչ կարծիքներ կան հրապարակված քարտեզի հետ կապված, հատկապես, որ այն վերաբերում է նաև իրանական տարածքներին:
– Ադրբեջանի կողմից հրապարակված այս և նմանատիպ բոլոր քարտեզներն Իրանի համար ռազմավարական ու ազգային անվտանգության լուրջ մտահոգություն են։ Այս քարտեզները հուշում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման հնարավոր փորձի մասին, որը կարող է ուղղակիորեն ազդել Իրանի հյուսիսային սահմանների վրա՝ խաթարելով երկրի ելքը դեպի Հայաստան և Սև ծով, ինչը կենսական նշանակություն ունի Իրանի համար։ Իրանի համար ամենահստակ կարմիր գիծը տարածաշրջանում՝ Հայաստանին իրարից անջատող միջանցքի գաղափարն է, որն իրականության մեջ նշանակում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իրանի հյուսիսաարևմտյան շրջանների շրջափակում։
Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը ոչ միայն խաթարում է Իրանի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում, այլ նաև թույլ է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին ձևավորել միասնական տրանսպորտային առանցք՝ Իրանի շրջանցմամբ։ Բացի աշխարհաքաղաքական հաշվարկներից, Թեհրանը լուրջ մտահոգություն ունի, որ նման քարտեզները կարող են հիմք հանդիսանալ ապագա գործընթացների համար՝ ներառյալ՝ սահմանների վերաձևման փորձերը կամ տնտեսական ու ռազմական ճնշման նոր հնսրավորությունների ձևավորումը։ Նման քայլերն Իրանի փորձագիտական շրջանակներում ընկալվում են՝ որպես թուրանական առանցքի հեռահար նպատակների ամրագրման փորձ, որոնք կարող են ապագայում հանգեցնել Իրանի ազդեցության վերացման՝ Կովկասում, Սև ծովի ու Միջին Ասիայի ուղղությամբ։
Հետևաբար, ըստ իրանական փորձագիտական շրջանակների, պաշտոնական Թեհրանի արձագանքը պետք է լինի ոչ միայն դիվանագիտական կամ հռետորաբանության մակարդակով, այլև ուղիղ ռազմաքաղաքական քայլերով, այդ թվում՝ սահմանային ներկայության ուժեղացում, Հայաստանի հետ տնտեսական ու ռազմավարական կապերի խորացում և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններին հակակշռող նախաձեռնությունների զարգացում տարածաշրջանում։
– Վերջերս Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել, օրակարգում եղել է նաև Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի հարցը, որը Ռուսաստանի մասնակցությամբ է նաև կառուցվելու: Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իսկ Իրանից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղը։
– «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը ռազմավարական նշանակության նախաձեռնություն է։ Այս կապակցությամբ Թեհրանի, Մոսկվայի և Բաքվի միջև կայացած բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկվել է Ռաշտ-Աստարա` 163 կմ երկարության երկաթուղային հատվածի կառուցման հարցը, որի ֆինանսավորման և տեխնիկական աջակցության մասով առանցքային դեր ունի Ռուսաստանը։ Ռաշտ-Աստարա երկաթուղին համարվում է, այսպես կոչված, «բացակայող օղակ»` «Հյուսիս-Հարավ» միջանցքի ամբողջական ցանցում, որը կապելու է Պարսից ծոցը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի տարածքով՝ Եվրոպա, ինչն արևմտյան ճանապարհներից տարբերվող, արագ և տնտեսական առումով շահավետ այլընտրանք է։
Ռուսաստանն այս միջոցով ամրապնդում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում և Իրանի հետ կապերի խորացմամբ կարողանում է շրջանցել արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված լոգիստիկ արգելքները։ Իսկ Իրանի համար սա կարևոր հնարավորություն է դառնում՝ ընդլայնելու իր տարանցիկ ներուժը` վերածվելով տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի։
Ադրբեջանը, իր հերթին, շահագրգռված է նոր փոխադրումների և տարանցիկ եկամուտների ավելացման հնարավորությամբ, միաժամանակ ամրապնդելով իր ռազմավարական դերը տարածաշրջանում։ Այս նախագիծը նաև ազդակ է Արևմուտքին, որ Մոսկվան, Թեհրանը և Բաքուն պատրաստ են ձևավորել տրանսպորտային նոր առանցք՝ շրջանցելով արևմտյան վերահսկվող ծովային ուղիները։ Այսպիսով, Ռաշտ-Աստարա երկաթուղին ոչ միայն ենթակառուցվածքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնություն է, որը կարող է փոխել միջազգային փոխադրումների քարտեզը՝ խորացնելով Իրան–Ռուսաստան–Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը։
– Ռուսաստան-Իրան ռազմատեխնիկական համագործակցության հարթությունում ևս, կարծես, ակտիվացում է նկատվում: Վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջազգային իրավունքի լիակատար հարգմամբ, Ռուսաստանն Իրանին մատակարարում է այն սարքավորումները, որոնց կարիքն այդ երկիրն ունի:
– Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը, հատկապես այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները, այդ թվում նաև՝ զենքի էմբարգոն, ունի հստակ ռազմավարական նշանակություն և ուղերձ: Այս քայլով երկու պետությունները փորձում են ստեղծել փոխլրացնող պաշտպանական համակարգ, ինչը թույլ կտա իրենց հավելյալ դիմադրողականության հնարավորություն Արևմուտքի ճնշումներին՝ միաժամանակ ապահովելով իրենց ազգային անվտանգության շահերը։
Ռազմատեխնիկական համագործակցությունը ներառում է ոչ միայն զենքի վաճառք կամ գնում, այլև համատեղ արտադրություն, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ռազմական ուսուցում, տեխնոլոգիաների փոխանցում և հետախուզական տվյալների փոխանակում։ Այս համագործակցությունը Իրանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ նրան հնարավորություն է տալիս զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը՝ շրջանցելով միջազգային սահմանափակումները։
Իսկ Ռուսաստանի համար սա առիթ է խորացնելու գործընկերությունը Մերձավոր Արևելքում, միաժամանակ ստանալով տեխնոլոգիական աջակցություն և իրանական ԱԹՍ-ներ՝ Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Այս համագործակցությունը ուղերձ է Արևմուտքին, որ իր սահմանափակումները կորցնում են արդյունավետությունը, եթե միջազգային համակարգում առաջանում են այլընտրանքային առանցքներ։ Ռուսաստանն ու Իրանը փաստում են, որ հնարավոր է ձևավորել բազմաբևեռ աշխարհ, որտեղ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ճնշումներին կարող է հակադրվել անկախ համագործակցային ցանց՝ հիմնված փոխշահավետ ռազմավարական պայմանավորվածությունների վրա։
Այսպիսով, նրանց գործընկերությունն ուղիղ մարտահրավեր է արևմտյան աշխարհակարգին։ Բացի այդ, սա հստակ ուղերձ է այն պետություններին, որոնք գտնվում են նման ճնշումների տակ՝ օրինակ, Վենեսուելա, Հյուսիսային Կորեա կամ նույնիսկ որոշ Ասիական ու Աֆրիկյան երկրներ։ Իրանը և Ռուսաստանը ներկայացնում են մոդել, ըստ որի, հնարավոր է գոյատևել և զարգանալ՝ առանց արևմտյան համակարգի մաս լինելու։ Սա կարող է նպաստել նոր ռազմաքաղաքական բլոկների ձևավորմանը։ Իհարկե, այս համագործակցությունն ունի իր սահմանափակումները։
Այն որոշակիորեն կախված է կողմերի ներքին կայունությունից և տնտեսական կարողություններից, ինչպես նաև՝ միջազգային բարդությունից։ Եթե Արևմուտքը կարողանա սահմանափակել կողմերի կապերը՝ պատժամիջոցներով կամ այլ քաղաքական միջոցներով, ապա այս գործընկերության իրական ազդեցությունը կարող է սահմանափակվել։ Բայց ներկա փուլում այն ունի բարձր խորհրդանշական և գործնական արժեք, որը կարող է ազդել նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։
– Օրերս Իրանը և Ադրբեջանը զորավարժություն են անցկացրել՝ AZIREX-2025, որի նպատակը Կասպից ծովում անվտանգության ապահովումն է: Ինչպե՞ս են այդ հատվածում համագործակցում Իրանը և Ադրբեջանը:
– AZIREX-2025 համատեղ զորավարժությունը, որն անցկացվել է Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ Կասպից ծովում, կարևոր խորհրդանշական ու ռազմավարական քայլ է՝ երկու երկրների հարաբերությունների բարդ և հաճախ լարված բնույթի ֆոնին։ Զորավարժության հիմնական նպատակը հայտարարվել է ծովային անվտանգության ապահովումը, համատեղ հակաահաբեկչական միջոցառումների մշակումն ու տարածքային ջրերում հակազդման համակարգերի ներդրումը։
Չնայած վերջին տարիներին Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մի քանի անգամ սրվել են՝ կապված սահմանային, տարածաշրջանային և անգամ կրոնական տարաձայնությունների հետ, այս զորավարժությունը վկայում է, որ Կասպից ծովը շարունակում է մնալ ընդհանուր շահերի և փոխգործակցության կարևոր հարթակ։
Թեհրանը և Բաքուն հասկանում են, որ նավթագազային ռեսուրսներով հարուստ այս ջրավազանի անվտանգությունն առաջնային է ոչ միայն տնտեսության, այլև արտաքին քաղաքական հաշվեկշռի համար։
Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի համագործակցությունը տարածվում է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ նավային սահմանապահ հսկողության համակարգման, մաքսային տվյալների փոխանակման, նավարկության ազատության ապահովման և ենթակառուցվածքային նախագծերի քննարկման ոլորտներում։ Բացի դրանից, Թեհրանը ջանքեր է գործադրում, որպեսզի թույլ չտան Կասպիցում արտաքին (ոչ առափնյա) ուժերի ներգրավումը, ինչն անվտանգային առումով կենսական նշանակություն ունի Իրանի համար։
AZIREX-2025 զորավարժությունը նաև ուղերձ է մյուս տարածաշրջանային դերակատարներին, որ Թեհրանն ու Բաքուն, չնայած տարաձայնությունների, կարող են գտնել համագործակցության կետեր՝ եթե կա ընդհանուր սպառնալիք կամ շահ։ Սա կարևոր նախադեպ է՝ Կասպից ծովում հավասարակշռված անվտանգության միջավայրի պահպանման համար։
– 10 օր առաջ Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովի շրջանակում անհրաժեշտ է համարվել ակտիվացնել անդամ երկրների համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտում։ Ադրբեջանի նախագահն Ալիևն առաջարկել է 2026 թվականին անցկացնել թյուրքական պետությունների համատեղ զորավարժություններ: Թյուրքական պետությունների միասնական պաշտպանական համակարգ ունենալու, միմյանց միջև երկկողմ ռազմական համագործակցությունը զարգացնելու ծրագրերն Իրանին չեն մտահոգո՞ւմ:
– Անշուշտ, թյուրքական պետությունների կողմից միասնական պաշտպանական համակարգ ստեղծելու և ռազմական համագործակցությունն ընդլայնելու մտադրությունը կամ նախաձեռնությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Իրանի համար։ Թեհրանը զգուշությամբ է հետևում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և թյուրքալեզու այլ երկրների միջև խորացող ռազմական ինտեգրացիային, որը ոչ միայն ամրապնդում է նրանց փոխադարձ պաշտպանական կարողությունները, այլև Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ ձևավորում է նոր աշխարհաքաղաքական բևեռ։
Իրանը հատկապես զգայուն է այս գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով իր զգալի թյուրքախոս բնակչությունը երկրի հյուսիս-արևմուտքում, ինչպես նաև՝ պատմական, մշակութային և տարածքային հավակնությունների հնարավոր մեկնաբանությունները, որոնք հաճախ երևում են թուրքական կողմի հռետորաբանության մեջ։
Թեհրանի համար թուրանական ռազմաքաղաքական առանցքի գաղափարը, եթե այն ստանա ուժեղ ռազմական բաղադրիչ, ընկալվում է՝ որպես հստակ սպառնալիք երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության տեսանկյունից։
Բացի այդ, նման ծրագրերը կարող են խաթարել Իրանի դիրքը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ստեղծելով իրանական ազդեցությանը հակակշիռ համակարգ, որը կառուցվում է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական հենքի վրա։ Իրանը, որպես տարածաշրջանային ուժ, չի պատրաստվում անտեսել այս զարգացումները, և, ըստ ամենայնի, կձգտի խորացնել իր պաշտպանական ու դիվանագիտական կապերն այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի ու Հայաստանի հետ՝ հավասարակշռություն պահպանելու նպատակով։
Թուրանական ռազմական ինտեգրացիան Թեհրանում դիտարկվում է ոչ պարզապես որպես տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, այլ` որպես ռազմավարական նախագիծ, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերաճել Իրանի համար լուրջ մարտահրավերի։
– Արդյոք Իրանին մտահոգո՞ւմ են Մեծ Բրիտանիայի՝ Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու ցանկությունը, Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ ստեղծելը, զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելը:
– Իրանի տեսանկյունից Մեծ Բրիտանիայի՝ Հարավային Կովկասում ակտիվ դերակատարի վերածվելու միտումները որոշակի մտահոգություն են առաջացնում, հատկապես, եթե այդ ներգրավվածությունն ուղղված է Իրանի սահմանների մոտ ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը։
Թեհրանը զգուշորեն է դիտարկում Լոնդոնի ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, ներառյալ՝ ռազմական ոլորտում հնարավոր համագործակցությունը, ինչը կարող է ընդլայնել արևմտյան ազդեցությունն Իրանի անմիջական հարևանությամբ։
Զենքի մատակարարման նկատմամբ բրիտանական նախկին սահմանափակումների վերացումն առավել զգայուն է Թեհրանի համար, քանի որ այն կարող է բերել տարածաշրջանում ռազմական բալանսի խախտման՝ հատկապես Ադրբեջան-Իսրայել համագործակցության համատեքստում։ Իրանը մտավախություն ունի, որ բրիտանական ռազմական աջակցությունը, եթե ուղղվի միայն մեկ կողմի ուժեղացմանը (խոսքը, բնականաբար, Ադրբեջանի մասին է), կխաթարի տարածաշրջանային կայունությունն ու կարող է հանգեցնել նոր լարվածությունների՝ Իրանի անվտանգային միջավայրում։ Այս պայմաններում, տրամաբանական է, որ Իրանը կփորձի ճնշում գործադրել իր անմիջական հարևանների վրա դիվանագիտական և տարածաշրջանային ձևաչափերով՝ փորձելով վերահսկել Արևմուտքի խորացող ներգրավվածությունը։