
ԵԱՀԿ գործող նախագահը չպատասխանեց արցախահայության իրավունքների մասին հարցին
ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը չպատասխանեց արցախահայերի վերադարձի ու նրանց միջազգային իրավունքների հետ կապված հարցերին։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ նա արցախահայերի վերադարձին ու նրանց միջազգային իրավունքներին առնչվող հարցին այլ պատասխան տվեց։
«Մենք խորքային քննարկում ունեցանք նախարարի հետ, և ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու, սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում և տարածաշրջանում։ ԵԱՀԿ-ի հատուկ շեշտադրումը կլինի այնտեղ, որտեղ նաև Հայաստանը կարող է ավելացված արժեքով հանդես գալ՝ տնտեսական բաղադրիչում կլինի, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ»,- ասաց Վալտոնենը։
Միրզոյանը համաձայնեց գործընկերոջ հետ՝ ասելով. «Մենք լրջագույն ջանքեր ենք գործադրում, որ մեր տեղահանված քաղաքացիները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել ու իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել ՀՀ-ում»։
Մինչ այդ էլ ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը։
«Լուծարումը կլինի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։
Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են՝ ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն»,- ասաց Վալտոնենը։