
«Ամեն ինչ նույնն է՝ կոնկրետ անկլավների հետ կապված». Տիգրանաշենի ղեկավարը՝ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարության մասին

Այսօր Երևանում ընթացող «108-րդ ՌՈՈՒԶ-ՌՈԹ սեմինար»-ի շրջանակներում Հայաստան են եկել նաև ադրբեջանցի ու թուրք պատվիրակներ։
Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ե՞րբ են ազատելու ՀՀ օկուպացված տարածքները, պատասխանեց.
«Ե՛վ Հայաստանը և՛ Ադրբեջանն ամբողջովին ճանաչում և գնահատում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է դրան, ապա դելիմիտացիան մի ուղով չէ, որ պետք է անցնի, այլ մասերով է իրականացվում։ Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, պետք է տեղի ունենա ժամանակի ընթացքում որոշակի տարածքների ու անկլավների փոփոխություն, տարածքների որոշակի փոփոխություն տեղի կունենա»։
Ի՞նչ մտավախություններ կան Տիգրանաշենի հետ կապված, քանի որ ադրբեջանական կողմի թիրախում նաև Տիգրանաշենն է։
Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը, պատասխանելով այս հարցին, նկատեց՝ այն, ինչը որ կա, ՀՀ կառավարության կողմից պարզ ու թափանցիկ ասվում է։
«Օրինակ, ասում են, թե այս կամ այն հարցը ինչպես պետք է լուծվի։
Մեծ հաշվով, այս հարցի շուրջ շատ բաներ չեմ կարող ասել, կարծում եմ՝ այն, ինչը կա՝ կա, դրա լուծումներներն ու եզրերն էլ գիտենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լյուդվիգ Ստեփանյանը։
Ճշտող հարցին՝ այդուհանդերձ որևէ մտահոգություն չունի՞ Տիգրանաշենի հետ կապված, Լ. Ստեփանյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ նման մոտեցում կա, այսպես ասեմ՝ տարիներ շարունակ այս վիճակը եղել է, նորություն, նոր բան չկա, որ մենք էլ տագնապի մեջ լինենք։
Հիմա ադրբեջանցի պաշտոնյայի ասածների վրա ո՛չ ուզում եմ հիմնվել, ո՛չ էլ որևէ բան ասեմ։
Կրկնում եմ՝ մեծ հաշվով, այս ամենի հետ կապված՝ նոր բան չկա, այս խոսակցությունները, իրավիճակները տեսել ենք, անցել ենք։ Ամեն ինչ նույնն է՝ կոնկրետ անկլավների հետ կապված»։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի մայիսին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»։
«86.600-ն առանձին է, բայց փաթեթի մեջ է՝ 29.800-ի մեջ: 29.800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, իսկ 86.600-ի մեջ մտնում են նաև անկլավները: Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել: Սահմանագծի հետ կապված՝ հստակ ասում եմ՝ ինչ տարբերակ կա: Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են. դրանցից մեկը կարող է լինել, եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են, տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կիլոմետր քառակուսիների ճշգրտումով, օրինակ՝ չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է, և ըստ այդմ՝ այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա: Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքները լինեն համապատասխան՝ Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, այն մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էր Նիկոլ Փաշինյանը։