Առաջիկայում կսկսենք ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու գործընթացը՝ ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով. Փաշինյան

«Իմ ընկալումն այն է, որ մենք ԵՄ-ին անդամագրվելու հարցով հանրաքվե կանցկացնենք պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԵՄ անդամակցության օրակարգին:

Նրա խոսքով՝ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։

Նրա որակմամբ, դա, ըստ էության, ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումներն արդեն սկսել են կազմակերպության ներսում։

«Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների ս․թ․ մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, մեջբերում եմ՝ կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանն անդամագրվելու կամ Եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը։

Սա մենք ընկալում ենք՝ որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, և վստահ եմ, Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև՝ բովանդակային։

Ինչպես ասացի, 2025 թվականի մարտին Ազգային ժողովն ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ պրոցեսի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան, ասել է թե՝ հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի, և հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իրատեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով է իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանն անդամագրվելու համար։

Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխան ունենալու համար, իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։

Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով, կա նաև տնտեսական կոմպոնենտը։ «Հայաստանի Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում, և սրա հնարավոր էֆեկտները տեսնելու և հասկանալու ժամանակ էլ պետք է ունենա մեր ժողովուրդը։ Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,- նկատեց Փաշինյանը:

Ըստ նրա՝ իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ չունի, այլընտրանք չունի, սպառնալիք է ՀՀ-ի պետականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։

«Մենք ձևավորում ենք և ձևավորելու ենք այլընտրանքներ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի համար։ Այլընտրանքներ ունենալը պետական անվտանգության հարց է մեզ համար, որովհետև այլընտրանք չունենալը նշանակում է որևէ մեկ հնարավորություն տալ մեզ, պարտադրել ցանկացած բան։

Այս ընթացքում մենք ստեղծել ենք բազմաթիվ այլընտրանքներ, օրինակ՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հարցում։ Եթե մենք շարունակեինք մնալ առանց այլընտրանքների, մեր բանակը չէր ունենա այն սպառազինությունը և տեխնիկան, որն այսօր ունի։ Եվ ընդհակառակը, մենք հիմա կրում ենք այն բանի հետևանքը, որ Հայաստանում արտադրված վարդի արտահանման այլընտրանք չէր ձևավորվել։ Եթե ձևավորված լիներ, մենք մեզ կերաշխավորեինք ընթացիկ պրոբլեմից, այնպես, ինչպես երաշխավորել էինք բենզինի պրոբլեմից։ Եվ էլի, ասում եմ՝ բացարձակապես համաձայն չեմ այն գնահատականի հետ, թե արտահանման ոլորտում առաջացած խնդիրը ճգնաժամ է։

Դա ճգնաժամ է Եվրասիական տնտեսական միության համար, իսկ Հայաստանի Հանրապետության համար դա հնարավորություն է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ինչպես աշխարհում կան բազմաթիվ զենք վաճառողներ, մանավանդ, երբ դու որդեգրում ես այդ զենքը միայն պաշտպանական նպատակներով կիրառելու և քո երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս դրանք չկիրառելու ռազմավարություն, ինչը մենք արել ենք հրապարակային կերպով, այնպես էլ աշխարհում կան բազմաթիվ վարդ գնողներ, և վարդն այդ բազմաթիվ գնողներին հասցնելու համար մի բան է հարկավոր՝ աշխատանք, գրագետ, հետևողական, համբերատար աշխատանք, ինչը և մենք մեր հարգելի տնտեսվարողների հետ անպայման կանենք և անում ենք»,- նշեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31