
«Անընդհատ կրկնվող «խոնարհվել» բառը Նիկոլի գիտակցումն է սեփական գործած սխալների ու կործանարար մեղքերի համար». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Անընդհատ կրկնվող «Խոնարհում» բառը՝ կործանարար աղետներ բերելու և անպատիժ մնալու համար է:
Իսկ «Խաղաղություն» բառը՝ որը թերևս հում և դե յուրե իրականությունից հեռու, բայց ժողովրդին կրկին խաբելու հարմար թեմա է:
Սա է ՔՊ համաժողովի «քաղաքական» ողջ բովանդակությունը:
Ոչ մի հպարտություն, ոչ մի ձեռքբերում, իրական ապագայի ոչ մի տեսլական, ոչ մի կոնկրետ ծրագիր չկար Նիկոլի «հուզառատ» ելույթում: Երևակայական, միֆական, մտացածին կեղծ արժեքների ու հիվանդ երևակայության ու աղետալի իրականության հրավառություն էր:
Անընդհատ կրկնվող «խոնարհվել» բառը Նիկոլի գիտակցումն է սեփական գործած սխալների ու կործանարար մեղքերի համար: «Խոնարհվում է» ՔՊ, ու մայրերի առջև որովհետև իր սխալ քաղաքականության պատճառով են զոհվել 5000-ից ավելի տղաները: Խոնարհվում է, որովհետև իր դավադրությունների արդյունքում է կորսվել 12000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախը (Հայաստանի գրեթե մեկ երրորդ մասը): Խոնարհվում է, որովհետև իր պատճառով են ՔՊ-ականները պատմության մեջ մնալու որպես ազգակործան կապիտուլյանտներ:
Դեռևս կիստ-պռատ ու չկայացած գործընթացը «խաղաղության» գաղափարի տակ «ծախելը» լինելու է ՔՊ-ի միակ նախընտրական «արգումենտը»: 2018թ. իշխանափոխությունից անմիջապես հետո, շուրջ մեկ տարի (2018-19թթ) նիկոլականները բոլոր ամբիոններից խոսում էին, որ «ինչ լավ է, որ հեղափոխությունից հետո Արցախի ու Հայաստանի սահմաններին կրակոցները դադարել են»: Հետո տեսա՛նք, թե ինչ եղավ:
Հիմա էլ սկսել են բղավել վերջնական խաղաղության մասին՝ առանց մարդկանց բացատրելու, որ այն, ցանկացած պահի կարող է վերածվել տարածաշրջանային խոշոր բախման: Տարածաշրջանում կոնֆլիկտները լուծված չեն, այդ թվում նաև կոմունիկացիաների շուրջ կոշտ հակասությունները: Խաղաղության համաձայնագիրն էլ ստորագրված ու վավերացված չէ, ու դեռևս պարզ չէ, արդյոք այն կլինի,՞ թե՞ ոչ…
Բարձր էմոցիոնալ ֆոնով, իրեն հատուկ կիասագոռացող ձայնով Նիկոլն այսօր տպավորություն ստեղծեց, թե իբրև ապագայի համար լուծումներ ունի: Սառը դատելով և ուշադիր լսելով համոզվում ես, որ ոչ մի գաղափար, ոչ մի ծրագիր չունի հայ ժողովրդին առաջարկելու: Մեկ նպատակ կար միայն, էմոցիոնալ ֆոնը մեծացնել և առաջիկայում ամեն գնով խաբել ու քվեներ կորզել հաջորդ գումարման խորհրդարանի համար:
Ընտրությունների մեկնարկը տրված է և այս կեղծ գործընթացը դեպի իրականություն կարող է վերադարձվել միայն իմփիչմենտի միջոցով»: