«Որքան քիչ դաժանություն ցուցադրեն, այնքան երկիրն ավելի արագ կզարգանա» (տեսանյութ)

Կաննում ցուցադրվել է չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեի նոր ֆիլմը՝ «Մեղքի հպումը»  (Tian zhu ding): 66-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված այս ժապավենը պատմում է ժամանակակից Չինաստանում տիրող դաժանության մասին:

Չժանկեի խոստովանմամբ՝ ֆիլմի գաղափարն իր մտքում ծնվել է տեղական թերթերի նորությունները  և Weibo չինական սոցցանցի քննարկումներն ընթերցելիս:

«Ես ինձ շատ վատ զգացի՝ տեղեկատվություն կարդալով դաժան միջադեպերի մասին, որոնցից կարելի էր խուսափել, եթե մարդկանց մեջ այդքան դաժանություն չլիներ»,- պատմում է ռեժիսորը, ում կարծիքով, Չինաստանը շատ է փոխվել. աղքատների և հարուստների տարանջատումը խորացել է, մարդիկ հայտնվել են ճգնաժամում և առավել կոնֆլիկտային են դարձել: Դրան գումարվել է ԶԼՄ-ների ազդեցությունը:

Դաժանության հիմնախնդիրն արտահայտելու համար՝ Չժանկեն պատկերել է «կոլեկտիվ դիմանկար»՝ օգտագործելով 4 տարբեր պատմություն:

Թեև, ըստ Կաննի կինոքննադատների, «Մեղքի հպումը» կարող է արդեն համարվել «Ոսկե արմավենու» հիմնական հավակնորդներից մեկը, այնուամենայնիվ, ֆիլմի ռեժիսորը համոզված չէ, որ այն կթույլատրեն ցուցադրել սեփական երկրում:  «Ինձ համար հրաշալի կլիներ, որ թույլատրեին ժապավենը Չինաստանում ցուցադրել: Բայց այստեղ շատ դաժանություն կա, հետևաբար համոզված չեմ, որ կթույլատրեն: Եթե ֆիլմը հայտնվի չինական կինոէկրաններին, ինձ կքննադատեն, քանզի մեզ մոտ կարծում են, թե որքան քիչ դաժանություն ցուցադրեն, այնքան երկիրն ավելի արագ կզարգանա»,- ասում է Ցզյա Չժանկեն:

Չինացի ռեժիսորի ֆիլմերն արդեն 3 անգամ ցուցադրվել են Կաննի փառատոնում, իսկ նրա «Նատյուրմորտ» ժապավենը 2006թ. արժանացել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի»:

Տեսանյութեր

Լրահոս