
Կկրակի՞ Ռուսաստանն իր երկրորդ ոտքին. աքցանի մեջ ենք․Ադրբեջանը 4900 ջիհադիստ է տեղակայել ՀՀ սահմանին. ո՞ւմ հետ է հանդիպել Աննա Հակոբյանը. Աբրահամ Գասպարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն–հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է:
Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության պատճառով Հայաստանը կանգնել է անվտանգային լրջագույն խնդիրների առջև, մասնագետները քննարկում են՝ արդյոք Հայաստանը հնարավորություն ունի՞ խուսանավելու, կամ կարո՞ղ է խուսափել աշխարհաքաղաքական բախման կետի վերածվելուց։
Այս կենսական հարցերից և իր հերթական զիջողական քաղաքականությունից հասարակությանը շեղելու համար Փաշինյանը զբաղեցնում է տարբեր կերակուրների և խմիչքների փառատոներով, համերգներով. Օրերս էլ Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպեցին՝ պետական բյուջեից ավելի քան 6 միլիոն դոլար մսխելով: Ալեն Սիմոնյանն էլ երեկ Ֆեյսբուքում գրել էր, որ հայ ազգն այլևս պետք է ուրախանա, երգի, պարի, ապրի և աշխարհի մի մաս լինի:
Զրույցի հիմնական թեզերը` ստորև:
- Օսվենցիումից առաջ էլ էին մարդիկ ուրախանում… և՞…
- Առավելագույնը, որ կարող է ստորագրվել Սպիտակ տանը՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ, դա մտադրությունների հուշագրի ստորագրումն է: Նմանատիպ համաձայնագրեր բազմիցս են ստորագրվել աշխարհի տարբեր երկրների հետ տարբեր կոնֆլիկտային կետերում:
- Ինչո՞ւ է ԱՄՆ-ը շտապում. հաջորդ տարի միջանկյալ ընտրություններ են ԱՄՆ-ում, Հանրապետականները խնդիր ունեն նախ կոծկելու տեղեկատվական այն ֆիասկոն, որը տարածվում էր Թրամփի իշխանության գալուց հետո, երբ հայտարարում էր, որ Ուկրինայի պատերազմը շատ արագ կկանգնեցնի՝ ժամերի ընթացքում:
- ԱՄՆ-ը ինչ-որ մի փուլում փորձելու է իր վերահսկողության տակ պահել քաղաքական սուննիզմի ակտիվացումն այս տարածաշրջանում:
- ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքն ամերիկյան պրոյեկտ չէ, բրիտանական պրոյեկտ է, և այստեղ հատվելու են բրիտանական և ռուսական շահերը: ԱՄՆ-ը և Ռուսաստանը, բնականաբար, այս թեմաներով խոսում են միմյանց հետ:
- Փորձենք հասկանալ՝ ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։ Ըստ իս՝ կա ռուս-ամերիկյան ինչ-որ փոխադարձ հասկացողություն, այդ թվում՝ իրանական, որ քաղաքական սուննիզմի ակտիվացումը «Զանգեզուրյան միջանցքի» միջոցով թույլ չի տրվելու։ Իրանը վերջին 3 տարվա ընթացքում շատ կտրուկ է արտահայտվել, մենք գիտենք Իրանի դիրքորոշումը «միջանցքային» քաղաքականության հարցում, եթե խոսքը վերաբերում է պետությունների սահմանների փոփոխություններին կամ ինքնիշխանությանը։ Միացյալ Նահանգները, այո՛, Թուրքիան իր դաշնակիցն է, բայցև Թուրքիայի նկատմամբ շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում Մերձավոր Արևելքում։ Ես գուցե այդ թեզն առաջինն առաջ քաշողներից էի, դեռ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ Բաշար Ասադի հեռացումը, անփառունակ փախուստը տեղի ունեցավ, ինձ հետաքրքիր էր Թուրքիայի տարածաշրջանային դերի աճը և ամենակարևորը՝ սանձումը։
Միացյալ Նահանգները բավականին հետաքրքիր քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ, և այնպես չէ, որ միարժեք աջակցում է։ Այստեղ կա քրդական խնդիր, Սիրիայի ֆեդերալիզացիայի խնդիր, այսպես կոչված՝ «Դավթի միջանցքի» խնդիր՝ Սիրիայի հարավից, Գոլանի բարձունքներից սկսած, որը պիտի կապ ունենա Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների քրդական հնարավոր ռեգիոնալ կառավարման ինչ-որ մի մոդելի հետ։ Անունը կդնեք ինքնավարությո՞ւն, թե՞ ֆեդերալություն, այդ ֆեդերալիզացիան ամեն դեպքում քրդերով չի սկսվելու, հնարավոր է՝ դրուզներով սկսվի Սիրիայի հարավից, շարունակվի ալավիներով՝ ծովափնյա շրջաններով, հետո, բնականաբար, քրդերով, որոնք այսօր ռեալ ուժ են Սիրիայում։ Այսօր Սիրիայի Դեմոկրատական ուժերը, որի ղեկավարները հենց քրդերն են, ավելի ուժեղ են, քան սիրիական պետության բանակը, բանակ՝ որպես այդպիսին, գոյություն չունի։
- Մեծ Բրիտանիան ժամանակին ստեղծեց «Քրդական պետության» գաղափարը, և Լոզանի կոնֆերանսով էլ թաղեցին։
- Քրդական պետության հռչակման հեռանկարն ամերիկյան քաղաքական օրակարգում եղել է, և դրա վառ ապացույցը դեռ 2017 թվականի հանրաքվեի հարցում ամերկյան լոյալ վերաբերմունքն էր ներքին հարցում անելու, որովհետև իրենք հանրաքվե արեցին մայիսի 15-ին, արդյունքները ոչ ոք չճանաչեց, Բաղդադը բոյկոտեց, Թուրքիան, Սիրիան սպառնացին, որ սահմանները կփակեն, և փակեցին։ Բայց, այդուհանդերձ, այդ հասարակական կարծիքը, եթե մենք ընդունենք պաշտոնապես, ապա 99,2 տոկոսը կողմ էր Քրդական պետության հռչակմանը հենց Իրաքում։ Հիմա Սիրիայում տեղի է ունենում նույն պրոցեսը։ Իրաքն այսօր դե ֆակտո և դե յուրե ֆեդերալ պետություն է, ունիտար պետությունից դարձավ ֆեդերալ. քրդերը՝ հյուսիսում, կենտրոնական հատվածում՝ սուննիները, հարավային հատվածում՝ շիաները։ Օրինակ, շիաները կազմում են 60-62 տոկոս, և Իրանի դերակատարման ուժեղացումը պարբերաբար դրանով է պայմանավորված։ Իրանն, օրինակ, Սիրիայում և Լիբանանում պրոքսի ուժեր ուներ, մոբիլիզացված ուժեր։ Իսրայելի հետ մինչև պատերազմը պայմանը հենց այդ էր, որ այդ պրոքսի ուժերից Իրանը պետք է հրաժարվի, բայց փոխարենը՝ դեռ շարունակում է Իրաքում լրջագույն դերակատարում ունենալ, և սա ամերիկացիների համար լուրջ խնդիր է։
- Սիրիայի ճակատագրի հեռանկարից է շատ բան կախված, թե մեր տարածաշրջանում ինչ է լինելու. միշտ եմ ասել, բոլոր ինդիկատորները ցույց են տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ուղիղ կորելացիայի մեջ է մեր տարածաշրջանի հետ։ Ինչ լինելու է այնտեղ, նույնը լինելու է մեր տարածաշրջանում։
- Չմոռանանք, որ վերջերս Շոտլանդիայում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Թրամփի հանդիպման ժամանակ կնքվեց կամ ձեռք բերվեց «դարի պայմանագիրը» Եվրամիության համար, խոսքը 750 մլրդ դոլարի էներգետիկ ամբողջական կախվածության պայմանագրի մասին է, որը Միացյալ Նահանգները վաճառելու է Եվրոպային։ Հիմա հարց՝ որտեղի՞ց է դա բերելու. կասեք՝ Մերձավոր Արևելքի՞ց, բա Հյուսիսային Աֆրիկա՞ն, Ալժիրի՞ց, դե թող գնան Ալժիրից վերցնեն, եթե կարող են, որովհետև Ռուսաստանն այս ամենը շատ լավ կանխատեսելով՝ 5 տարի առաջ իր «ձեռքը դրել» է Ալժիրի բոլոր նավթագազային ռեսուրսների վրա։
Մտադրությունների հուշագիրը կնքել են, բայց հարց է՝ դա կիրականացվի՞, թե՞ ոչ: Երբ աշխարհի գեոպոլիտիկ ճակատագիրը դեռևս վերջնական հստակ չէ, միարժեք խոսել այդ էներգակիրների արտահանման կամ չգիտեմ տարանցիկ այդ ճանապարհների մասին՝ կարծում եմ՝ բավականին ռիսկային է։ Եթե այդ տարածաշրջանում չկա կայուն ու հաստատուն խաղաղություն, որևէ երկիր այդ ներդրումները չի անի: Ո՞վ պետք է ֆինանսավորի՝ Զարգացման համաշխարհային բա՞նկը, Ասիական բա՞նկը, այս բոլորը հարցեր են։
- Մինչև, ի վերջո, Թուրքիայի դերակատարման և տարածաշրջանային դերը հստակեցնելու խնդիրը վերջնականապես չլուծվի, եթե պարզ արտահայտվեմ՝ մինչև Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, նաև Չինաստանն իրար հետ չպայմանավորվեն՝ տարածաշրջանի «գուլիվերների» դերը մնալու է այսքան։ Թուրքիան հիմա այդ «գուլիվերից» ձգտում է դառնալ համաշխարհային խաղացող։
- Վերջերս ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խիստ քննադատել էր իր հոդվածում Թուրքիայում ԱՄՆ դեսպանին այն բանի համար, որ նա գաղտնազերծել էր ամերիկյան ադմինիստրացիայի, դիվանագիտության կողմից տարվող Լիբանանի և Սիրիայի ֆեդերալիզացիայի ծրագիրը: Ասում էր, Թոմ Բարաքը դարձել է դեսպանընկալ պետության՝ Թուրքիայի շահերի անմիջական ուղիղ արտահայտողն իսլամիստական խմբավորումների հողի վրա:
- Ես չեմ հավատում, որ, ի վերջո, ադրբեջանական նավթը կհոսի Սիրիա:
- Վերջերս Բաքվում տեղի ունեցավ Մոսադի ղեկավարի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարանի (Մուհամեդ Ջոլանի) հանդիպումը․ ինձ հասած տեղեկություններով՝ տարբեր աղբյուրներից, այդտեղ Իսրայելը ներկայացրել է 7 պահանջ Սիրիային, որոնցից մեկն իրանական շիական ռազմական խմբավորումների ամբողջական զինաթափման և իրանական դերը Սիրիայում մինուս դարձնելու պահանջն է եղել։ Խնդիրը մի փոքր բարդ է, որովհետև Սիրիա պետությունը՝ Ասադի օրոք կոռումպացված այդ պետությունը, միայն Ռուսաստանին 32 մլրդ դոլարի պարտք ունի, 18 մլրդ դոլար պարտք ունի Իրանին։ 14 տարվա ընթացքում գազը, սնունդը մատակարարում էր Իրանը, դեռ չեմ խոսում սիրիական պետությանը տրված կանխիկ փողի մասին, որովհետև 2014-16թթ․ ԴԱԻՇ-ն ամբողջությամբ տիրապետում էր Սիրիայի 60 տոկոսին՝ մինչև Ռուսաստանը կմիջամտեր։
- Վերջերս, երբ Սիրիայի ԱԳ նախարարը Մոսկվա էր գնացել, պրոտոկոլի խախտմամբ բավականին հետաքրքիր բան տեղի ունեցավ․ ճիշտ է՝ Լավրովն ու ինքն ասուլիս են ունեցել, բայց ասացին՝ դու ո՞վ ես, որ քեզ հետ խոսենք, պաշտպանության նախարարին կանչիր։ Հատուկ ինքնաթիռով պաշտպանության նախարարին մի քանի ժամում բերեցին Մոսկվա, դեմը թղթեր դրեցին։ Մեկը մյուսի հետ կապված են, որովհետև ռուս-իրանական դերակատարումը Սիրիայում և ռուս-իրանական դերակատարումը Հարավային Կովկասում, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում, մեկը մյուսի հետ կապված է․ որտեղ պետք է զիջես, որտեղ պետք է ընդառաջես, բանակցություն է, ի վերջո։ Եվ ի՞նչ ասացին, ասացին, որ «Հմեյնիմ»-ի ռազմաբազայի ճակատագիրը մի հատ որոշեք։ Այն կարգի դիլետանտ են Սիրիայի գործող իշխանությունները, որ ասել են՝ Սիրիան բաց է ռուսական ներդրումների համար, Լավրովն ասել է՝ ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, ես խոսում եմ 32 մլրդ դոլար պարտքը վերադարձնելու մասին։ Եվ, բնականաբար, ֆոսֆատի և երկաթի բոլոր հանքավայրերը, ամենայն հավանականությամբ, կտան ռուսներին։ Ռուսական դերակատարումը Սիրիայում բնականաբար վերականգնվելու է, ինչն անհանգստացնում է ԱՄՆ-ին, բայց հանգստացնում է Իսրայելին, որովհետև Իսրայելը Ռուսաստանը միշտ դիտարկել է Սիրիայում՝ որպես հակաիրանական գործոն։
Ռուս-իրանական մրցակցությունը Սիրիայում, որի ականատեսն ենք եղել անցած մի քանի տարվա ընթացքում, հենց այստեղ է՝ Սիրիան է բանալին, որտեղ գերտերությունների շահերը խաչվում են և որոշվում է այլ տարածաշրջաններում այդ պետությունների միջև հարաբերությունների ճակատագիրը։ Եթե ռուս-իրանական շահերի բախում կա Մերձավոր Արևելքում, ռուս-իրանական շահերի կոնսենսուս կարող է լինել Հարավային Կովկասում, որին կարող է աջակցել Միացյալ Նահանգները։ Քիչ առաջ, որ խոսում էի «Զանգեզուրի միջանցք»-ի տրամաբանությամբ, որ հնարավոր է՝ ձևավորվի ամերիկա-ռուս-իրանական կոնսենսուս՝ զսպելու քաղաքական սուննիզմն այս տարածաշրջանում, որովհետև եթե ձեռքներից բաց թողեցին իրենք, թուրանական բանակի համար ամբողջ ճանապարհը բացվում է։ ԱՄՆ-ը շատ պրագմատիկ է մոտենում այդ հարցերին։
Օրինակ՝ բրիտանացիների համար կոնցեպտուալ մակարդակի է այդ հարցը․ 1870-ականներից սկսած Մաջարստանին հրահրելով, այս անելով, այն անելով, ձևավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը, և ռուսական գործոնը Եվրոպայից հեռացնելու համար բերեցին դեպի Արևելք։ Նույն քաղաքականությունն է շարունակվում։ 44-օրյայի ժամանակ գլխավոր խոչընդոտն Արցախն էր։ Մավրը կատարեց իր գործը, Մավրը հեռացավ՝ հայտնի Արմեն Սարգսյանը՝ իրենց ներկայացուցիչը, հիմա այդ աշխատանքը շարունակվում է։ Արցախը քանի չկա, հիմա Հայաստանը անունը դնում ենք ինքնիշխանության պահպանում, բայց այդ կորիդորը պետք է լինի, որպեսզի թուրքական ազդեցությունը տարածվի։
Ադրբեջանականի մասին չեմ մտածում, որովհետև ինքն ամբողջությամբ պրոքսի է, բայց թուրքական ախորժակը զսպելու համար միշտ գերտերություններն իրենց ձեռքին պահում են ջոկերներ։ Օրինակ՝ Թուրքիան 2019թ․ Ստամբուլի կանալ էր ստեղծում՝ չինական 5 մլրդ դոլարի ներգրավմամբ, որպեսզի Բոսֆորի և Դարդանելի միջոցով՝ որպես այլընտրանք, կարողանան ճնշում բանեցնել իրենց տարածաշրջանային ախոյան ՌԴ-ի վրա։
- Իսկ ո՞րն է Ռուսաստանի շահագրգռվածությունն այս տարածաշրջանում։ Բոսֆոր-Դարդանել միջանցքային միակ կապը, որ կա, դա «Զանգեզուրի միջանցքն» է։ ՌԴ շահագրռվածությունն էլ այստեղ է, որ եթե դու այնտեղ փակես, ես կարողանամ այս տարածաշրջանի միջոցով քո շարժը սահմանափակել դեպի Արևելք։ ԱՄՆ շահագրգռվածությունը որն է․ Թուրքիային անընդհատ ներքաշել տարբեր կոնֆլիկտների, տարբեր խնդիրների մեջ։ Այնպես չէ, որ ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի կայունացմանը։ Այո, մեզ կթվա, որ քրդական խնդիրը լուծվեց․ քրդական խնդիրը Թուրքիայում չի լուծվել։ Քրդերին, ճիշտ է, զոհաբերեցին, բայց քրդերի խաղաթուղթը Սիրիայում են օգտագործում։
Օրինակ՝ Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցությունների պարագայում բոլորին թվում է, թե Թուրքիայի տարածաշրջանային դերն ինչ-որ առումով բարձրանում է, բայց վստահեցնում եմ՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ն երբեք ու երբեք չեն համաձայնի՝ Թուրքիայի տարածաշրջանային դերը վերաճի գլոբալ դերի, իսկ Թուրքիան ունի այդ ամբիցիան, այդ հավակնությունը։ Իրենք խնդիր են դրել մինչև 2035թ․ դառնալ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ․ դա շատ մեծ ամբիցիա է, որի դեմը մեկնումեկը պետք է առնի։ Այդ ամբիցիաները դրսևորվում են կոնկրետ քայլերով։ Իսկ Թուրքական արտաքին քաղաքականության մեջ կա հետևյալ սկզբունքը՝ մտնում ենք պատերազմի մեջ, գրավում ենք տարածք, ընդ որում՝ այդ տարածքը ֆիզիկական տարածքը չէ միայն, կլինի դիվանագիտական, անվտանգային տարածք, հետո նստում ենք բանակցային սեղանի շուրջ, խոսում ենք իրար հետ՝ որն է քոնը, որն է իմը։
Սիրիան ամենավառ օրինակն է․ 2015-2019թթ․ երեք անգամ Թուրքիան ներխուժեց անվտանգային գոտի ստեղծելու պատրակով և 30 կմ մտավ դեպի ներս։ Հիմա, կա՛մ այս ամբիցիաները պետք է զսպել, իսկ Հայաստանն ի վիճակի չէ զսպել այդ ամբողջը․․․ Իրանը հայտարարությունների մակարդակով է, բնականաբար, չի ներքաշվի Թուրքիայի հետ մեծ պատերազմի մեջ, ո՞վ մնաց, մնացին գերտերությունները՝ ԱՄՆ-ը կամ ՌԴ-ն։ Առերևույթ, տեսնում ենք ՌԴ ոչ ակտիվ միջամտությունն այդ հարցում՝ ՀԱՊԿ-ի տեսքով, ո՞ւմ վրա մնաց պատասխանատվությունը՝ ԱՄՆ-ի։ Ըստ իմ վերլուծության՝ ստացվում է՝ ԱՄՆ-ը շահագրգռված չէ այդ միջանցքը քաղաքական սուննիզմի կամ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը Թուրքիային վստահելու հարցում։
- Ես կարծում եմ՝ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ դիվանագիտական նախաձեռնողականությունը նմանվելու է Աբրահամյան համաձայնագրերի գործընթացին։
- Ես ինֆորմացիա չունեմ՝ ռուսներն ու ամերիկացիներն ինչ են խոսում իրար հետ, բայց խոսում են, չեն կարող չխոսել։ Վիետնամում, երբ պատերազմում էին ամերիկացիները, Փարիզում բանակցում էին, բայց պատերազմն ընթանում էր։ Դա անխուսափելի պրոցես է։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ են պայմանավորվել կամ ինչ են խոսել։ Այստեղ կա շատ կարևոր բան՝ եթե ռուսները որոշել են, որ ընդհանրապես իրենց Հարավային Կովկասը հետաքրքիր չէ, իսկ եթե մենք Սյունիքը կորցնենք, այսինքն՝ Սյունիքը հայկական վերահսկողությունից դուրս գա, Հայաստանը ոչ ոքի հետաքրքիր չէ, ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղը չկա, Հայաստանը հիմա հետաքրքիր չէ ոչ ոքի։ Մնացել է Սյունիքը, որը վերջին ջոկերդ է՝ որպես պետություն։ Հիմա ռուսները եթե որոշել են երկրորդ ոտքին կրակել, իրենց առաջին ոտքին կրակեցին, երբ Արցախում տապալեցին իրենց միսիան, երկրորդ ոտքին էլ եթե պետք է կրակեն, ես բան չունեմ ասելու, բարի ճանապարհ, եթե իրենք չունեն որևէ բան ասելու այս տարածաշրջանի համար։ Բայց կարծում եմ, որ Թրամփը պետք է կոնկրետ խնդիր դնի՝ եթե ռուսները չեն միջամտում, ուրմեն՝ 102-րդ ռազմաբազան ի՞նչ գործ ունի այդտեղ, որովհետև թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական ներկայությունը Հայաստանում հնարավոր չէ, մեկնումեկը պետք է լինի։ Հիմա, կա ավելի մեծ մտավախություն, ինչի մասին բազմիցս եմ խոսել, որ Սյունիքի խաղաքարտն այս անձնավորությունը՝ գլխավոր փսիխոպատը, փորձի վաճառել ռուսների վրա՝ իշխանությունը վերարտադրելու համար։ Ասի՝ նոյեմբերի 9-ի հայտարարություն եմ ստորագրել, որ դու պետք է վերահսկես, արի վերահսկիր, որին, բնականաբար, հաջորդելու է բռնությունը և ջարդը, և Հայաստանը վերածվելու է երկրորդ Հյուսիսային Կորեայի։
Դուք որևէ երաշխիք ունե՞ք, որ սա չի գցի։ Ես որևէ երաշխիք չունեմ, որ ինքը հերթական անգամ չի գցի և Հայաստան պետությունը, քանի որ մենք ամերիկացիների հետ ենք մտել խաղի մեջ, Ամերիկայի նման պետությանը փորձել գցել, խաբել, դա պետության կործանում է նշանակում, ճիշտն ասած, այնպես, ինչպես ռուսների հետ։ Ես, օրինակ, որևէ երաշխիք չունեմ, որ Լուբլյանկայում ինչ-որ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, ի վերջո, իշխանության մնալու համար։
Քաղաքականության մեջ էմոցիաներով չեն առաջնորդվում. տվյալ պահի շահն է։ Ասադ ընտանիքը 72 թվականից ամբողջությամբ Մոսկվայի հետ էր կապված։ Ասադին նաև Մոսկվան հանձնեց՝ կոնսենսուսով։ Կյանքը փրկեց, բայց ոսկիներն ու միլիարդները բերեց Ռուսաստան։ Ասածս այն է, որ կայսրությունների համար մի փոքր քաղաքական խղճմտանքի կամ խղճի խայթի այդ գիծը շատ հարաբերական է, որ՝ չէ, քանի որ ինքը մեզ գցել է այսքան ժամանակ, չէ․․․ Տվյալ պահին շահը ենթադրում է, որ օրինակ՝ ես միջանցքը պետք է վերահսկեմ, Նիկոլը թող մնա, ինչ-որ մի պահի կփորձենք փոխարինել նրան։ Չեմ բացառում դա։ Որովհետև, եթե դու խաղաղապահ առաքելություն ես տապալում Արցախում, անունն ինչ ուզում ես՝ դիր, ու ոչ ոք թող մեզ չսովորեցնի, էլի, որ մեղավորը մեր իշխանությունն է։ Մենք գիտենք դա։ Բայց դու՝ որպես միջազգային դերակատար, միջուկային պետություն, երբ խաղաղապահ առաքելություն ես տապալում Արցախում, որի արդյունքը լինում է Արցախի հայաթափումը, ես քեզ հետ խոսելիս պիտի այդ հարցերը բարձրացնեմ, չէ՞։ Հայամետությունը դա է ենթադրում։
Եթե դուք նույն գետը մտնելու եք երկրորդ անգամ և գնալու եք նման գործարքի, տղերք, ուրեմն՝ դուք Հարավային Կովկասում որևէ բան չունեք անելու։ Եթե դուք տեսնում եք գեոպոլիտիկ անվտանգային և ռազմական դիսբալանսն այս տարածաշրջանում, որն աշխատելու է հօգուտ Թուրքիայի, և դուք որևէ միջամտություն չեք ունենալու այդ հարցում, ես ձեզ բան չունեմ ասելու, բարի ճանապարհ։
Այլընտրանքն այդ իրավիճակում դառնալու է Թուրքիան․ Ամերիկան մի որոշ ժամանակ մնալու է, հետո թողնելու է գնա, Թուրքիային է հանձնելու։ Հետո, թող մտածի Ռուսաստանը։ Ես գեոպոլիտիկ քաղաքականության մասին եմ խոսում։
Ես մի տարբերակ ունեմ՝ ցնդած գաղափար եմ ասում․ պատերազմ ենք հայտարարում Իրանին և նույն պահին հանձնվում ենք։ Ասիմետրիկ քայլեր պետք է լինեն։ Եթե այս տարածաշրջանից դուրս են գալու բոլոր երբեմնի դաշնակիցները, և մենք մնալու ենք Թուրքիայի հետ դեմ առ դեմ, մենք տարբերակը պետք է գտնենք կա՛մ ամերիկյան պրոտեժեի տակ լինելու, կա՛մ ինչ-որ մեկի տակ, որովհետև եթե դու ի վիճակի չես բանակ պահելու, որը կարողանա դիմադրել, շատ բան չխոսենք, շատ լավ գիտենք՝ հիմա ինչ է կատարվում սահմանին․․․ Եթե դու չունես հստակ ռազմավարություն՝ այդ գործոնը չեզոքացնելու, և դու քո բոլոր դաշնակիցներին չեզոքացրել ես․․․
Մենք խոսում ենք մի վիճակի մասին, որ ակամա ես շատ լավ հասկանում եմ, որ այս իշխանության փոփոխությունը պետք է լինի տարբերակը, և դաշնակիցների քարտեզի վերաձևակերպումը՝ մեր գլխավոր այլընտրանքն է լինելու, բայց եթե Իրանը ձեռք է քաշում, հայտարարություններից այն կողմ չի անցնում, չի թաթախվում Թուրքիայի հետ պատերազմում․․․ Եթե պետք է թաթախվեր Թուրքիայի հետ պատերազմում, Սիրիայում կթաթախվեր։ Փորձեցին ներքաշել, չգնացին։ Եթե տեսականորեն, ՌԴ-ն դուրս է գալիս տարածաշրջանից, ստացվում է, որ դու հորիզոնական վիճակում մնացիր, որտեղ երբ կուզեն՝ կշրջափակեն քեզ, երբ կուզեն՝ կապաշրջափակեն, ո՞վ է մնում։
- Եթե Նիկոլ Փաշինյանը պետք է մնա իշխանության, ուրեմն՝ Հայաստանն ինչ-որ մեկի տակ է լինելու՝ կա՛մ աջ, կա՛մ ձախ, երրորդ տարբերակ չկա։ Հիշո՞ւմ եք 2023թ․ Անկախության հռչակագրի օրը՝ օգոստոսին 23-ի իր հայտնի ելույթը, որտեղ ինքը խոսում էր ինքնիշխանության և Հայաստանի անկախության մասին․ անկախ Հայաստանում ինքը խոսում է անկախության շարժման մասին։ Գուցե ինքն անկախություն՝ նկատի ունի՝ ոչ թե Ռուսաստանից, այլ ինչ-որ մի անկախ միավոր՝ Թուրքիայի կազմում։ Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը 29,800 կամ 743 քառակուսի կիլոմետր է, ըստ իրենց, չի՞ կարող ինքնիշխան Հայաստան լինել դիցուք 10 հազար քառակուսի կիլոմետր։ Կարող է լինել։ Հարցրեք ՔՊ-ի և նրանց գաղափարական հայրերից որոշներին, որոնց մի մասը, այդ թվում՝ Էջմիածնի հոգևոր խորհրդում են, որոնք պրոպագանդում են այդ գաղափարը։ Ես անուններ չեմ տա։ Իրենք նորմալ են վերաբերվում դրան, որ Հայաստանը կարող է լինել 10 հազար քառակուսի կիլոմետր և լինել ինքնիշխան։
Հիմա, Բաթումի պայմանագի՞ր, թե՞ դիցուք, Իրանի հետ դաշնակցային հարաբերություններ լրջագույն։ Իրանին պատերազմ հայտարարելու մասին ասածս սարկաստիկ էր։ Սրեմ, որ հասկանանք՝ վիճակը ոնց է։ Սա այն սցենարն է, երբ Ռուսաստանն ընդհանրապես չի միջամտում։
Առաջին անգամ ձեր եթերում ինֆորմացիա եմ հրապարակում, որը հայտնի չէ․ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջան է մուտք գործել և տեղակայվել Արցախի օկուպացված շրջաններում՝ ՀՀ հետ սահմանին, 4900 ջիհադիստ, որոնցից 600-ն Ադրբեջանի քաղաքացիություն է ստացել արդեն, որպեսզի Ադրբեջանն իրեն ապահովագրի հետագայում վարձկանների մեղադրանքից։
Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ 2500 էր, հիմա՝ 4900, և նրանք օկուպացված Արցախում են տեղակայված։
- Աքցանի մեջ ենք։ Ինչպես նշեցի` Օսվենցիմից առաջ մարդկանց երգ ու պարով էին ճանապարհում։ Այսինքն՝ կրկնվում է 1920թ․ պատմությունը, երբ մեր չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը հայտնի արտահայտություն ուներ՝ Հայաստանը հայտնվեց թուրքական մուրճի և բոլշևիկյան սալի արանքում։ Հիմա, քիչ առաջ, երբ սարկաստիկ այդ օրինակը բերում էինք, որ ՌԴ-ն չի միջամտելու, ամեն դեպքում Ռուսաստանի միջամտությունը լինելու է հայկական պետականության կործանման սկիզբ, ինքնիշխանության կործանման սկիզբ՝ այն առումով, որ եթե կացնային հարվածով միջամտեց, դա նշանակում է՝ արդեն իսկ վատ է, ինքնիշխանություն չունես և ձեռք ես բերել կախյալ անվտանգություն ունեցող երկրի կարգավիճակ, եթե չմիջամտեց, դու գնում ես դեպի վիլայեթացում՝ աստիճանական, պարբերական։ Այսինքն՝ երկու կողմից բերելու են ճնշեն, ինքն էլ ասելու է՝ որպեսզի ձեր զավակները չզոհվեն, ես ստորագրում եմ այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը։
Եթե այս ամբողջն արվում է հանուն նրա, որ սպիտակ ձիու վրա պետք է Ռուսաստանը գա և միջամտի, դա հայկական ինքնիշխանության ավարտն է լինելու։
- Հայաստանում պահանջ է ձևավորվելու՝ ով պետք է փրկի հայությանը։ Բանակը եթե ի վիճակի չէ, իշխանությունը, եթե պետք է ստորագրի այդ կապիտուլյացիան, ո՞վ պետք է փրկի հայերին։ Իմ ժողովուրդն այդքան դեգեներատ չէ, որ փողոց դուրս գա և ասի՝ թուրքական ուժերը թող գան, մեզ փրկեն։ Եթե թուրքերի անուն չեն տալու, բա ո՞վ, ամերիկացինե՞րը․ ամերիկացիները երբեք չեն գալու, այդպես լիներ՝ 1920թ․ դեռ նոյեմբերի 22-ին Սենատում որոշում կանցկացնեին և ընթացքը կլիներ։ Ոչ էլ Ֆրանսիան է գալու, որը վաճառում էր Հայկական հարցը։
Ընտրությունը թուրքական կամ ռուսական է, երրորդ տարբերակ չեն թողել սրանք։
- Օլիգարխիկ շրջանակներ կան Հայաստանում, որոնց ամբողջ շրջանակը հենց այդ պրոցեսն արագացնելն է․ Հայաստանում 2-3 օլիգարխներ կան, որոնք թուրքական բիզնեսի հետ լուրջ պայմանավորվածություններ ունեն․ Խաչատուր Սուքիասյան, Սամսոն Օզարարատ։ Եվս մեկ մարդու անուն հնչեցնեմ՝ Կարո Փայլան, որը ներքաղաքական առումով է լոբբինգ անում, իսկ բիզնես շրջանակների վրա հենց Օզարարատն է ազդում։ Այդ ցանցերն արդեն կան, պայմանավորվածություններ կան։ Ի դեպ, ասեմ, որ վերջերս թուրքական բիզնես լրջագույն շրջանակները, որոնց երաշխավորն էրդողանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, հանդիպել են Աննա Հակոբյանի հետ։ Թե որտեղ, չեմ ասի, բայց վերջերս այդ շրջանակների հետ հանդիպում է եղել, որի երաշխավորներից մեկն Էրդողանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է եղել։ Վերջին 15 օրվան է խոսքը վերաբերում։
Հիշեցնենք, 2022թ. երբ Աննա Հակոբյանն այցելել էր Մոնակո, Նիցցա, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Շնորհակալ եմ այս երկու պատկառելի և Մեծ հայրենասեր պարոններին՝ Նիսի Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանին (աջից) և SOS-Armenie Cote d’Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատին՝ ինձ Նիցցա հրավիրելու չորսօրյա խիստ հագեցած օրակարգի ընթացքում անհոգնել ուղեկցելու համար»։
Ի դեպ, Աննա Հակոբյանի նշած այդ երկու անձինք, իրականում, թուրքական լոբբիստներ են։
- Ես տարածաշրջանային և գեոպոլիտիկ մեծ քաշ ունեցող պետությունների միջամտությունների վտանգների մասին եմ ավելի շատ մտածում։ Մենք մտել ենք մի մեծ խաղի մեջ, որտեղ կործանումից հինգ է պակաս։ Մեծերի հետ խաղ չեն անում։ Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը քեզ համար Գանայի նման կամ աֆրիկյան ինչ-որ մի պետություն չէ, որի հետ հարաբերություններ չհաստատես, կամ գցես նրանց։ Այստեղ մենք շատ լուրջ խաղի մեջ ենք մտել և փորձում ենք ավանդականորեն 1813 թվականից սկսած այս տարածաշրջանում ռեսուրսներ, մարդուժ, ներդրումներ արած պետությանը պարզապես քշել տարածաշրջանից, ես ամենաշատը դրա հետևանքների մասին եմ մտածում։
- Փաշինյանը բացառապես թուրք-բրիտանական գիծն է տանում, ո՛չ ամերիկյանը, ո՛չ ռուսականը։ Եվ այս մասին ասել եմ 2018 թվականից, ինքը ոչ թե Ամերիկայի կամ Ռուսաստանի «մարդն» է, ոչ, ինքն իր աթոռի մարդն է, որը պահելու համար բոլորին վարի կտա, բայց այն քաղաքականությունը, ինչի ջատագովն է՝ առաջ է մղում՝ սա բացառապես թուրք-բրիտանական քաղաքականություն է։
- Իմպիչմենտ-փողոցային պրոցես օրգանիկ կապ գոյություն ունի, դրանք զուգահեռ պրոցեսներ են։ Փողոցը չպետք է մնա անտեր՝ համակարգվածության իմաստով։ Բազմիցս եմ ասել, և այդ մտքի համար ինձ գանահարել են՝ Հայաստանում գաղափարական և ինստիտուցիոնալ 2 քաղաքական ուժ կա, Հայ Հեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցություն, մնացյալն ածանցյալներ են։ Ինստիտուցիոնալ ազգային գաղափարախոսությունը կրող կառույցներ են այս երկուսը։ Կա՛մ միմյանց հետ ինտենսիվ բանակցությունների միջոցով պիտի կարողանան փողոցի համակարգումը և իմպիչմենտը զուգահեռ տանել, կա՛մ մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնելու։ Սցենարը, որը նշեցիք քիչ առաջ, ամբողջությամբ իրականացվելու է՝ 2026 թվականին սա վերընտրվելու է։ Հիմա այս միջակայքում ես ձեզ մի շատ հետաքրքիր տարբերակ առաջարկեմ, Սամվել Կարապետյանը բանտում է. իսկ գուցե «Իվանիշվիլի-2» օպերացիա պիտի տեղի ունենա։ Ասել եմ, շարունակում եմ ասել և պնդելու եմ, համարում եմ, որ դա ամենաճիշտ տարբերակն է՝ Հայաստանում պետք է լինի հավաքական առաջնորդության շարժում։ Գուցե փողոցն այնքան պետք է գեներացվի, որ Սամվել Կարապետյանի ազատ արձակումն ապահովելուց հետո փողոցը մոբիլիզացվի և զուգահեռ իմպիչմենտի գործընթաց գնա։
Ես նշեցի՝ որոնք են երկու քաղաքական ուժերը, գումարած, բնականաբար, ՀՀ երկրորդ նախագահ։
Հասցեատերերը հայտնի են, ես ասում եմ՝ «Իվանիշվիլի-2» օպերացիա, ազգային արժանապատվությունը վերականգնելու հնարավորությունը, փողոցը համակարգված մոբիլիզացնելու գործընթացը։ Սրանք զուգահետ գործընթացներ են, որովհետև իմպիչմենտը գործընթացի ընդամենը ատրիբուտ է, այն առանց փողոցի հաջողություն չի ունենա։ Բայց որպեսզի այդ ամենը տեղ հասնի, իմպիչմենտի գործընթացը պետք է միս ու արյուն ստանա։
Ռեակցիոնիստի կարգավիճակից պետք է դուրս գալ և վաղուց։