
Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Աբու Դաբիում՝ առանց Ռուսաստանի պայմանավորվելու հնարավորությո՞ւն…BBC

Երեկ՝ հուլիսի 9-ին, BBC.com-ը, հրապարակում էր կատարել՝ այսօր Արաբական Միացյան Էմիրություններում արդեն իսկ կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման մասին:
Հոդվածագիր Գրիգոր Աթանեսյանը նշել է, որ հինգշաբթի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ալիևն ու Հայաստանի վարչապետն առաջին անգամ երկկողմ հանդիպում կանցկացնեն առանց միջնորդների և ոչ միջազգային գագաթնաժողովների շրջանակներում: Փորձագետներն ասում են՝ Աբու Դաբիի հանդիպումը կարող է երկու երկրների՝ առանց Ռուսաստանի միջնորդության համաձայնության գալու նոր փորձ լինել:
BBC-ն պարզել է, թե ինչի մասին են խոսելու երկու առաջնորդները, և թե որքան հեռու է նրանց միջև խաղաղությունը:
«Զանգեզուրի միջանցք» կամ «Խաղաղության խաչմերուկ»
Աբու Դաբիում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման, սահմանազատման և չլուծված մնացած այլ հարցեր, կարծում է պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման գաղափարախոսը, որի կարծիքին ականջալուր է Հայաստանի կառավարությունը:
«Կարծում եմ՝ օրակարգում կլինեն բոլոր հարցերը, դա կլինի ազատ քննարկում, ինչն ավելի կարևոր է, քան մեկ հարցի վրա կենտրոնանալը», — ասել է Լիպարիտյանը BBC -ին տված հարցազրույցում:
Հայաստանն ու Ադրբեջանը թշնամի են ավելի քան երեսուն տարի Լեռնային Ղարաբաղի պատճառով, բայց հիմա նրանք նույնիսկ չեն քննարկում այն։ 2020-23թվականներին Ադրբեջանը վերականգնել է տարածքի վերահսկողությունը, ղարաբաղահայերը փախել են Հայաստան, իսկ Երևանը հրաժարվել է տարածաշրջանի նկատմամբ հավակնություններից։ Սակայն երկու երկրների միջև լուրջ տարձայնություններ են մնացել։ Դրանցից մեկը ճանապարհի հարցն է, որը պետք է Ադրբեջանի տարածքը կապի իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Հենց այս թեման է լինելու Աբու Դաբիում քննարկման հիմնական առարկան, կարծում է հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Բաքուն պահանջում է իրեն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»՝ անխափան հաղորդակցություն Հայաստանի տարածքով։ Ռուսաստանն իրեն այս գործընթացում տեսնում էր որպես միջնորդ, որը կշահի տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից, և բանակցություններին ակտիվորեն մասնակցում էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մոսկվան ցանկանում էր, որ Հայաստանով անցնող ճանապարհը վերահսկի ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը։
Երևանում պնդում էին՝ նման սցենարը հակասում է Հայաստանի ինքնիշխանությանը, և որ նրա տարածքով անցնող բեռները պետք է ստուգվեն։ Նիկոլը նաև չէր ցանկանում ԱԴԾ-ի մասնակցությունը նախագծին։ Որպես այլընտրանք՝ նա առաջարկում է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների բացում, որը ամենակարճ երթուղին կստեղծի Մարմաիկ և Կասպից ծովերի և Սև ծովի ու Պարսից ծոցի միջև։
Բաքվի հարաբերությունները Կրեմլի հետ վատացել են վերջին մեկ տարվա ընթացքում, և այժմ այնտեղ նույնպես չեն ցանկանում Ռուսաստանի մասնակցությունը կոմունիկացիաների բացմանը։
«Ադրբեջանը, ըստ ամենայնի, Ռուսաստանի համար այլևս տեղ չի տեսնում Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ Ադրբեջանի հիմնական տարածքի կապն ապահովելու հարցում։ Դա հնարավորություն է ստեղծում երկու կողմերի համար առաջ շարժվել հաղորդակցությունների հացի քննարկման հարցում», – կարծում է Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրության Բեռլինյան Կարնեգիի կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։
Մոտեցման փոփոխոթյունը ակտուալ է դարձնում այն փոխզիջումները, որոնք առաջարկում էր Հայաստանը, օրինակ՝ բեռների ստուգմանը միջազգային պահնորդական ընկերության ներգրավումը։ Հենց հիմա կողմերը Վաշինգտոնի հետ քննարկում են նման տարբերակի իրագործումը ամերիկյան ընկերության մասնակցությամբ, գրել է տարածաշրջանային փորձագետ Օլեսյա Վարդանյանը։ Այս մասին հայտնել է նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով առաջինն է հրապարակել Փաշինյան-Ալիև հանդիպման օրն ու վայրը։ Երևանն ու Բաքուն պաշտոնապես չեն հաստատել այդ տեղեկությունը։
Գործընթացում ԱՄՆ դերի մասին է խոսում նաև այն, որ երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է՝ հույս ունի, որ երկու կողմերի միջև շուտով կստորագրվի խաղաղոթյան պայմանագիր: Դեռ գարնանը հայ դիվանագետը, որը խոսում էր անունը չհրապարակելու պայմանով, BBC-ին պատմում էր, որ Երևանը փորձում էր Սպիտակ տանը ներկայացնել հայ-ադրբեջանական հակամարտության ավարտը՝ որպես Դոնալդ Թրամփի ակնառու խաղաղարար տաղանդները ցուցադրելու հնարավորություն։
Թուրքիան ևս շահագրգռված է երկու երկրների միջև սահմանների բացմամբ։ Հունիսին Փաշինյանը պատմական այց կատարեց Ստամբուլ՝ Էրդողանի հրավերով։ Դրանից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին Հայաստանի տարածքով ճանապարհի փոխզիջումային տարբերակի քննարկման մասին։
«Անկարան ցանկանում է խաղաղության պայմանագրի կնքում և ճանապրհների բացում այն հեռանկարով, որ այդ պայմանագիրը նոր դարաշրջան կբացի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մեջ», — նշում է Բաքվից անկախ հետազոտող Շուջաթ Ահմեդզադեն: Սակայն նա ընդգծում է՝ Անկարան չի գործի Ադրբեջանի շահերին հակառակ։ Եթե հաղորդակցությունները բացվեն առանց Մոսկվայի մասնակցության, դա հսկայական հարված կլինի Հարավային Կովկասում ռուսական ազդեցությանը, նշում է Տիգրան Գրիգորյանը:
ՀՀ Սահմանադրություն և այլ թեմաներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել էր դեռևս մարտին, սակայն չստորագրվեց։ Ալիևը մի քանի նախապայման է առաջ քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որտեղ հղում կա Լեռնային Ղարաբաղի հիշատակմամբ մեկ այլ փաստաթղթի, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, որի մանդատը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, Եվրամիության դիտորդների դուրսբերում հայկական կողմի սահմանից։
Նիկոլ Փաշինյանը հասկացնում էր՝ պատրաստ է գնալ այդ բոլոր զիջումներին և առաջարկում էր խաղաղության պայմանագրի հետ միաժամանակ հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ եվրոպացի դիտորդներից։ Սակայն Հայաստանի սահմանադրության դեպքում հարցն ավելի բարդ է. այն փոխելու համար հանրաքվե է պահանջվում, որը դժվար թե տեղի ունենա 2026ի ամառից շուտ, եւ դրա արդյունքը հնարավոր չէ կանխատեսել։
Եթե Բաքուն շարունակի պնդել այդ պայմանը, ապա խաղաղության կնքումը կարող է հետաձգվել առնվազն մեկ տարով կամ անորոշ ժամանակով։
«Ես վստահ եմ, որ Սահմանադրության հարցը կարող է լուծվել ինչ-որ միջանկյալ համաձայնությամբ։ Սահմանադրության փոփոխությունը միակ տարբերակը չէ, և ես վստահ եմ, որ Բաքվում գիտակցում են, թե դա ինչ բարդ գործընթաց է», — BCC-ի հետ զրույցում ասել է Ժիրայր Լիպարիտյանը:
Հայաստանն առաջարկում է այլընտրանքային տարբերակներ, օրինակ, խաղաղության պայմանագրում ամրագրել դրա առավելությունը երկու երկրների ներքին օրենսդրության նկատմամբ։ Փաշինյանը նաև ասել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Սահմանադրական դատարանը կարող է որոշում կայացնել, որ այն չի հակասում Սահմանադրության նախաբանին, որտեղ հղում կա Ղարաբաղի մասին հիշատակող մեկ այլ փաստաթղթի, և այդպիսով կբացառի Ադրբեջանի մտավախությունները տարածքային պահանջների վերաբերյալ: Հայտնի չէ՝ կբավարարե՞ն արդյոք այդ տարբերակները Ալիևին։ Սակայն երկու առաջնորդների առանձին հանդիպման փաստը, առանց միջազգային միջնորդների, նշանակում է առաջ շարժվել, ասում է Զաուր Շիրիևը։
«Այս հարցում առաջընթացը պարտադիր չէ, որ նշանակի, որ ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություն կարվի կամ պայմանագիր կնքվի։ Ինձ թվում է, որ իրական առաջընթաց կլինի նույնիսկ հանդիպումը, որտեղ երկու կողմերն էլ հստակ կներկայացնեն իրենց դիրքորշումները՝ փոխանակ գուշակելու միմյանց դիրքորոշումների մասին», — ասել է Շիրիևը BBC — ի հետ զրույցում։
Շուջաթ Ահմեդզադեն, իր հերթին, ենթադրում է՝ Աբու Դաբիում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկվել խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ տեխնիկական հարցեր, ինչպիսիք են ստորագրման ամսաթիվը եւ վայրը: Լիպարիտյանի կարծիքով՝ Աբու Դաբիի հանդիպումն առաջին հերթին ազդանշան է, որ անորոշության և մի քանի զուգահեռ գլոբալ հակամարտությունների պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կապ են պահպանում և շփվում են ուղիղ, առանց միջնորդների:
«Անկանխատեսելիությունը, հավանաբար, ժամանակակից միջազգային հարաբերությունների գլխավոր տարբերակիչ հատկանիշն է։ Ու թեև ոմանք կարծում են, որ անկանխատեսելիությունն ու քաոսը կարող են կրեատիվ լինել, մեր տարածաշրջանում քաոսը տիրել է շատ երկար ժամանակ, եւ դա մեզ ոչ մի լավ բան չի բերել», — նշել է պատմաբանը։
Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի