ԱԺ-ն ընդունել է կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի ներդրման մասին օրենքների փաթեթը
Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը. նախագիծը նախատեսում է Հայաստանի Հանրապետությունում նոր կենսաչափական համակարգի ներդրում։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում պատշաճ իրավական ընթացակարգերի ապահովմանը և Հայաստանի՝ Եվրոպական միությունի հետ վիզաների ազատականացման գործընթացին մոտեցնելուն։
«Լայն համատեքստում սա ևս մեկ քայլ է Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ից արդեն ստացվել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, որտեղ առանձնահատուկ անդրադարձ կա «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքին։
Օրենքների փաթեթով առաջարկվում է 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ 6-ից 16 տարեկանների համար նախատեսվում է քարտ ունենալու հնարավորություն կամարտահայտության սկզբունքով, իսկ մինչև 6 տարեկանների համար անձը հաստատող փաստաթուղթ կդիտարկվի ծննդյան վկայականը։
Նախարարի խոսքով՝ նոր փաստաթղթերը համապատասխանելու են ICAO-ի 9303 ստանդարտին։
Սարգսյանը նշել է նաև, որ օտարերկրացիների համար նախատեսված փաստաթղթերը ևս պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ։
Նրա խոսքով՝ կենսաչափական համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, սակայն պետությունը պահպանելու է որոշումների կայացման լիարժեք իրավունքը։
«Մասնավորը որևէ գործողություն կամ քայլ չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար»,- ընդգծել է նախարարը։
Ամփոփելով խոսքը՝ Սարգսյանը նշել է, որ կենսաչափական համակարգը ծառայելու է նաև կառավարության թվայնացման քաղաքականությանը։
«Կարծում եմ՝ արդեն 2026 թվականի աշնանը մենք լիովին նոր իրավիճակ կարձանագրենք Հայաստանի Հանրապետությունում, և թվայնացման տեմպերը գնալով էլ ավելի կարագանան»,- հայտարարել է նա։
Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը գտնվում է եզրափակիչ փուլում։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելիս նշել էր, որ նոր համակարգը կարևոր է ինչպես սահմաններին փոխճանաչելի և անվտանգ փաստաթղթեր ունենալու, այնպես էլ Եվրոպական միությունի հետ վիզաների ազատականացման գործընթացի տեսանկյունից։ Նոր կենսաչափական անձնագիրը ունենալու է կարմիր երանգ, իսկ առաջին էջում տեղադրվելու են Հայաստանի ուրվագծային քարտեզն ու ՀՀ զինանշանը։
Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը գտնվում է եզրափակիչ փուլում։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելիս նշել էր, որ նոր համակարգը կարևոր է ինչպես սահմաններին փոխճանաչելի և անվտանգ փաստաթղթեր ունենալու, այնպես էլ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի տեսանկյունից։ Նոր կենսաչափական անձնագիրը ունենալու է կարմիր երանգ, իսկ առաջին էջում տեղադրվելու են Հայաստանի ուրվագծային քարտեզն ու ՀՀ զինանշանը։



