Հայաստանում և արտերկրում ծառայող դիվանագիտական ծառայողների աշխատավարձերը հավասարեցվեցին
Հայաստանում և օտարերկրյա պետություններում ծառայություն իրականացնող դիվանագետների աշխատավարձերը հավասարեցվեցին։ Այսօր ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԱԳ նախարարության ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Ավելի վաղ խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ օրենքի նպատակն է բարձրացնել օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության գրավչությունը։ ԱԳՆ–ի` Երևանում աշխատող դիվանագետների աշխատավարձը կարգավորվում է օրենքով, իսկ օտարերկրյա պետությունում աշխատողների դեպքում գործում է կառավարության որոշումը։ Արդյունքում կա բավականին մեծ տարբերություն նրանց աշխատավարձերի միջև, օրինակ` Երևանում աշխատող առաջին քարտուղարը ստանում է 267–366 հազար դրամ, իսկ արտերկրում աշխատողը` մոտ 157–178 հազար։



