Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի. Պապոյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ երկիրն այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի։
«Նման օրակարգ չկա, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հետևաբար՝ խոսել ազդեցության (կազմակերպությունից դուրս գալու- խմբ․) մասին նույնն է, ինչ խոսել «Կիկոսի մահի» մասին»,-այսպես է նախարարը պատասխանել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավոր հետևանքների վերաբերյալ 24news-ի լրագրողի հարցին։
Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, այդ դեպքում հնարավոր է «քաղաքակիրթ բաժանման» ուղին։
Հավելենք, որ Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանի զարգացման տեմպերը շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանինը և միջինում ԱՊՀ երկրներինը։ Այսպես, Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ Միությանն անդամակցելուց ի վեր աճել է 14 անգամ։ Նման աճ են ապահովել մաքսային արգելքների վերացումը, մատակարարումների բարենպաստ պայմանները և հաստատված լոգիստիկ շղթաները։ Անցյալ տարվա արդյունքներով Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ մոտեցել է 13 միլիարդ դոլարի։



