Օքսֆորդի համալսարանը հիմնել է Մարգարետ Թետչերի անունով կրթաթոշակ
Բրիտանական The Daily Telegraph թերթի փոխանցմամբ՝ Օքսֆորդի համալսարանի կազմում գտնվող Սոմերվիլի քոլեջն իր շրջանավարտ Մարգարետ Թետչերի («երկաթյա լեդի») անունով հիմնել է կրթաթոշակ:
Այն հատկացնելու է Թետչերի անվան հիմնադրամը, որի հոգաբարձուներն են դարձել ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխեիլ Գորբաչովը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Թոնի Բլերը, Ջոն Մեյջորը, ինչպես նաև ամերիկացի քաղաքական գործիչներ Ջորջ Բուշ-ավագը, Քոնդոլիզա Ռայսը, Հենրի Քիսինջերը, Ռոբերտ Գեյթսը, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրի Նենսին:
Կրթաթոշակն ամեն տարի հատկացվելու է համայն աշխարհում 10 ուսանողի: Կրթաթոշակի սահմանման նպատակը ոչ հարուստ ընտանիքներից սերող երիտասարդներին աջակցելն է, որոնք միջոցներ չունեն՝ Օքսֆորդի համալսարանում ուսանելու համար: Ակնկալվում է, որ Թետչերի անվան կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողները Օքսֆորդում կսկսեն սովորել 2015 թվականից:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը դպրոցն ավարտելուց հետո դիմել է Օքսֆորդի համալսարանի Սոմերվիլիի քոլեջ: Նա միջոցներ չի ունեցել այնտեղ ուսանելու համար և հայտարարություն է տվել՝ կրթաթոշակ ստանալու համար: Սկզբում նրան մերժել են, սակայն հետո ընդառաջել են:
Արդյունքում Թետչերը ստացել է բնական գիտությունների բակալավրի դիպլոմ: Դրանից հետո Թետչերը սկսել է աշխատել որպես քիմիկոս, իսկ ավելի ուշ սկսել է զբաղվել քաղաքական կարիերայով, որի գագաթնակետը դարձավ երեք անգամ անընդմեջ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում պաշտոնավարելը:
Մարգարետ Թետչերը մահացել է այս տարվա ապրիլի 8-ին՝ 87 տարեկան հասակում: