Ռիխարդ Զորգեի որդին Բաքվում դարձել է անօթևան. մամուլ
Aze.az-ի փոխանցմամբ՝ խորհրդային հանրահայտ հետախույզ Ռիխարդ Զորգեի, որի անունով Բաքվում անվանակոչվել է փողոց և զբոսայգի, որդին Ադրբեջանի մայրաքաղաքում դարձել է անօթևան:
Այս մասին հայտնել է աղբյուրը. «Այդ մարդը, ըստ էության, մնացել է անօթևան: Նա զրկվել է բնակարանից և անգամ թոշակից: Խոսակցություններ կան, որ նրանից խլել են բնակարանը: Միակ բանը, որի մասին նա ներկայումս երազում է, տաք սնունդն է»:
Հիշեցնենք, որ 1895 թվականին Բաքվի գավառում ծնված Ռիխարդ Զորգեն (հետախուզական կեղծանունը «Ռամզայ») Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հետախուզական լայն գործունեություն է ծավալել Տոկիոյում:
1941 թվականին նրան հաջողվել է հայթայթել ճապոնական գլխավոր շտաբի իրական պլանները և Մոսկվային հայտնել, որ Ճապոնիան չի պատրաստվում հարձակվել ԽՍՀՄ-ի վրա: Դա Ստալինին հնարավորություն տվեց Հեռավոր Արևելքից հավելյալ, առնվազն 40 դիվիզիա նետել Մոսկվան գրոհող գերմանական զորքերի դեմ և պարտության մատնել նրանց:
Սակայն 1944 թվականին ճապոնական հակահետախուզությունը ձերբակալում է Զորգեին և կախաղան է բարձրացնում Տոկիոյի «Սուգամո» բանտում: 1964 թվականին Ռիխարդ Զորգեին հետմահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի կոչում:
Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամերիկացիները հետաքրքրվել են Ճապոնիայում Զորգեի ծավալած հետախուզական գործունեությամբ և զարմանքով հայտնաբերել են, որ Ռիխարդ Զորգեն շատ բան է արել այն ուղղությամբ, որ ԽՍՀՄ-ի համար վճռորոշ ժամանակաշրջանում (1941 թվականի աշուն, ձմեռ) Ճապոնիան հարվածի ոչ թե հյուսիսային (ԽՍՀՄ), այլ՝ հարավային (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ուղղությամբ: