Իրանն ու Եգիպտոսը քննարկելու են գազի մատակարարման մեծացման հարցը
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն ու Եգիպտոսը քննարկելու են վերջինիս իրանական գազի մատակարարման ավելացման հնարավորությունը: Այդ հարցը քննարկվելու է Իրանի նավթարդյունաբերության նախարարության պատվիրակության եգիպտական այցի ժամանակ, որը գլխավորելու է նավթարդյունաբերության նախարարի օգնական Ահմադ Ալի Աքբարը:
Իրանական պատվիրակությունն այսօր կժամանի Կահիրե և կքննարկի նավթի ու գազի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մի շարք ասպեկտներ: Մասնավորապես, իրանական պատվիրակությունը պլանավորել է քննարկել Եգիպտոսի նավթային պաշարների հետախուզման, նավթամթերքի արտադրության և նավթավերամշակման գործարանների կառուցման հարցը:
Իրանը Եգիպտոսին առաջարկելու է իրականացնել հորատման մի շարք նախագծեր և մշակել Նեղոսի դելտայում հայտնաբերված նոր նավթահանքերն ու գազահանքերը: Վերջին կես տարում Իրանը Եգիպտոսին մատակարարել է ընդհանուր առմամբ 110 միլիոն դոլար արժողությամբ գազ: