
ՌԴ ԱԳՆ-ն դեմ է ԵԱՏՄ երկրներից միգրանտների ընտանիքներին Ռուսաստան բերելու արգելքին

ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Եվրասիական տնտեսական միության երկրներից միգրանտների ընտանիքներին Ռուսաստանի Դաշնություն բերելու արգելքին։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը Ռուսաստանում միութենական երկրների աշխատող քաղաքացիների համար միգրացիոն հատուկ ռեժիմ է նախատեսում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Պետդումայի որոշ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկվող օրինագիծը սահմանափակում է ՌԴ քաղաքացիություն չունեցող աշխատանքային միգրանտների՝ իրենց ընտանիքներին երկիր բերելու իրավունքը։ Աղասանդյանի գնահատականով, սակայն, այն չպետք է ազդի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա, քանի որ կհակասի միության մասին համաձայնագրին։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում ակտիվ աշխատանք է տարվում միգրացիոն օրենսդրության կատարելագործման և համապատասխան ընթացակարգերի կանոնակարգման ուղղությամբ։ Հանրային դաշտում դրա հետ կապված բազմաթիվ տարատեսակ, հաճախ բավական ոչ միանշանակ նախաձեռնություններ են ի հայտ գալիս։ Սակայն որքանով ես տեղյակ եմ, բոլոր կատեգորիաների օտարերկրյա աշխատողների ընտանիքի անդամների մուտքի ուղիղ արգելքի գաղափարը դրանց թվում չկա», – հայտարարել է Աղասանդյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների մի խումբ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ Պետդումա օրինագիծ էր ներկայացրել, որը սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող աշխատանքային միգրանտների՝ իրենց ընտանիքներին երկիր բերելու իրավունքը։
Պետդումայի աշխատանքային մոտավոր պլանի համաձայն՝ այն նախատեսում է հարցը քննարկել նոյեմբերին։