Հերթը հասավ նկարիչներին ու քանդակագործներին
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հայտնի է իր ֆեյսբուքյան գրառումներով , որոնք հիմնական քաղաքական բնույթի են։ Սակայն այսօր նախընտրական լռության օր է և անհրաժեշտ է խոսքերի մեջ զգույռ լինել՝ քարոզչություն և հակաքարոզչություն չանելու համար։ Ռ. Մելքոնյանն էլ որոշել է այս անգամ անդրադառնալ արվեստին՝ մասնավորապես, նկարիչներին ու քանդակագործներին։
«Հաճախ նկատել եմ, որ նկարիչներից, քանդակագործներից շատերը բնորդին կանգնեցնում են պատվանդանին` սեղանին և կարգադրում, պահանջում այս կամ այն դիրքն ընդունել: Հաճախ իրենց ուզածի պես թեքելով նրա իրանը կամ գլուխը, կամ մարմնի այլ մասերը, ուղղելով`ասես գործ ունեն շարժվող տիկնիկի հետ: Որից հետո սկսում աշխատել, պատկերել այդ սառած, անկենդան իրավիճակը:
Մինչդեռ, իմ կարծիքով, իսկական արվեստագետը պետք է հետևի բնորդին, բնորդների խմբին, լուռ վայելի այն անմիջականությունը, շարժումը, կյանքի գեղեցկությունը, որ խլրտում նրանց մեջ…Հիանա կնոջ թովիչ, նազենի, հեզաճկուն դյուրաշարժությամբ, երբ նա քայլում է, կռանում է ինչ-որ բան վերցնելու, զմայլվի մեկ ուրիշի նրբագեղ վայելչությամբ, երբ նա տարածում է թևերը իր գեղաշուք վարսերը բարձրացնելու համար: Սքանչանա քայլող, շարժվող տղամարդու ջղուտ, մկանուտ, կորով արտահայտող մարմնով, ֆիքսելով տղամարդու կամ կնոջ այս կամ այն գեղեցիկ, հիշարժան, տպավորիչ դիրքերը…
Նույնը երևի լուսանկարչության մեջ է: Հիշեք լուսանկարչատների «մեռած», սառած, քարացած դիրքերով լուսանկարները և իսկական, տաղանդավոր լուսանկարիչների նկարները շարժման, գործողությունների, անակընկալ իրավիճակների մեջ…
Երևի կյանքն էլ է այդպես, երեխայի դաստիարակությունը, հասարակությունը…Որքան սխեմատիկ, կաղապարված, այնքան սահմանափակ, կաշկանդված ու անհետաքրքիր…
Մինչդեռ այլ է ազատությունը…Մտքի, ստեղծագործության, զարգացման, արարման, հարաբերությունների…Երևի այդ պայմաններում է մարդը իր տարերքի, իր էության մեջ, բնական ու ներդաշնակ բնության հետ, կյանքի հետ…»: