
Ադրբեջանը փորձում է Նախիջևանին կապվել Իրանո՞վ. Ի՞նչ է քննարկում ադրբեջանական կողմն Իրանի հետ

Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ ադրբեջանական մանիպուլատիվ տեղեկատվական քաղաքականության ֆոնին՝ Ալիևը խոսել է ռազմական առճակատման վտանգի մասին։
ADA միջազգային ֆորումի ժամանակ, ըստ էության, խոստովանելով Ադրբեջանի ռազմական մտադրությունները, Ալիևը հայտարարել է, որ քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը, և Հայաստանն ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են Սահմանադրությունում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի։
«Կարծում եմ, որ մենք չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»,- նշել է Ալիևը։
Ըստ նրա, Հայաստանն իբրև թե իրեն զրկել է էներգետիկ անվտանգությունից, տրանսպորտ ներդրումներից, տնտեսական օգուտներից, զրկել է ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։
Շեշտելով, որ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրեր ունի՝ Իլհամ Ալիևն ասել է, թե սա Բաքվին հնարավորություն է տալիս կարևոր տնտեսական և տրանսպորտային կամուրջ լինել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Եվրոպայի միջև։
Նա նշել է, որ այս տարածաշրջանի հետ երկարաժամկետ համագործակցության համար հնարավոր չէ անտեսել Ադրբեջանին՝ շեշտելով․ «Եվրոպայում որոշ ուժեր կնախընտրեին Ադրբեջանին մեկուսացնել այս գործընթացից ու բաժանարար գծեր գծել, մասնավորապես, Հարավային Կովկասում, բայց այդ փորձերը հաջողություն չեն ունենա»։
Ուշագրավն այն է, որ Ալիևն այս անգամ չի խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, ավելին՝ ասել է, որ Հայաստանն իբրև թե իրեն զրկել է տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այս տարեսկզբից Ադրբեջանն ակտիվացրել է խոսակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու իրանական տարբերակի շուրջ։
Այս ամիս սպասվում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան և, ըստ որոշ տեղեկությունների, հարցն ավելի առարկայական է քննարկվելու։ Սակայն մինչ այցը՝ Իրանն արդեն մի քանի պատվիրակություն է ուղարկել Ադրբեջան՝ այցի նախապատրաստման, ինչպես նաև բանակցությունների ակտիվացման նպատակով։
Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։ Վերջինիս ընդունել է ինչպես Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, այնպես էլ Իլհամ Ալիևը։
Մուստաֆաև-Սադեղ հանդիպմանը, որը կայացել էր ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, քննարկվել էր էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցը, որն Ադրբեջանը կապում է Նախիջևանին։
«Կողմերը վստահություն են հայտնել, որ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանն Իրանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող էլեկտրահաղորդման գծի կառուցումը ոչ միայն կծառայի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այլև մեծ ներդրում կունենա երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության ամրապնդման գործում»,- ասված էր ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում, ակտիվորեն գործածելով «Արևելյան Զանգեզուր» արհեստածին անվանումը։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նաև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու երկկողմ կապերը և տնտեսական համագործակցությունը: Իրանական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ, հանդիպման քննարկման թեմաներից է եղել առանցքային ոլորտներում համատեղ նախագծերի ընդլայնումը, այդ թվում՝ տրանսպորտի, մաքսային համակարգի, ջրի ու էներգետիկայի, նավթի և գազի բնագավառներում, ինչպես նաև Արտոնյալ առևտրի համաձայնագրի շրջանակում:
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի դիտարկմամբ՝ քիչ հավանական է, որ Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի տարածքով Նախիջևանին կապվելու հեռանկարներից։ Սակայն, ըստ նրա, որոշ մարտավարական նպատակներով չի բացառվում, որ հարցը չի քննարկվում ներկայումս, քանի որ այս պահին Ադրբեջանն ակտիվորեն առաջ է մղում սահմանադրական փոփոխությունների իր պահանջը, ինչպես նաև փորձում է որոշակիորեն կարգավորել Իրանի հետ հարաբերությունները։
«Իսկ Իրանն Ադրբեջանին հստակ առաջարկներ է արել այդ ճանապարհն Իրանի տարածքով անցկացնելու վերաբերյալ։ Տևական ժամանակ Ադրբեջանը դրան չի արձագանքել, քանի որ Երևանից ակնկալիքներ ուներ, Երևանի հետ հարցը ձգձգվում է, այլ խնդիրներ են ի հայտ գալիս, գուցե այս հարցի շուրջ կան նաև աշխարհաքաղաքական տարաձայնություններ, ուստի Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու և կայունություն ձևավորելու համար Ադրբեջանը պետք է ընդառաջ գնա այդ առաջարկին, քանի որ, ըստ ամենայն,ի Իրանն այդ առաջարկն առաջնահերթ օրակարգային հարց է դարձրել, որի քննարկումներից խուսափել հնարավոր չէ»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Սիմոնովը։
Նա նկատեց նաև, որ ներկայումս կա որոշակի միջազգային ուշադրություն այս հակամարտության նկատմամբ, համաձայնագիրը համաձայնեցվել է, սակայն չի ստորագրվում, և Ադրբեջանն իր հայտարարություններն ու պահանջները փորձում է ընկալելի դարձնել միջազգային հանրության համար։
Սիմոնովն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ քննարկումներ կան տարատեսակ ծրագրերի շուրջ, սակայն կոնկրետ ճանապարհի հարց դեռ չի քննարկվում, թեև արդեն մի քանի տարի է՝ այն «սեղանին» է։
«Ադրբեջան-Իրան հարաբերությունների դինամիկան կախված է Իսրայելից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից, հետևաբար՝ առաջիկայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցություններին ուշադրությամբ հետևելու են նաև Ադրբեջանում։ Հաշվից դուրս չի կարելի թողնել Ադրբեջանի համար նաև Իրան-ՌԴ տարեսկզբին կնքված համաձայնագիրը, որը երկկողմ հարաբերությունները դրեց է՛լ ավելի բարձր մակարդակի վրա»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական էսկալացիայի հնարավորությանը, ապա Սիմոնովն ասաց, որ էսկալացիա հնարավոր է, քանի դեռ կա հակամարտություն ու չկա հաստատված խաղաղություն, ստորագրված համաձայնագիր։
«Սակայն աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակը, ինչպես նաև լուրջ մրցակցությունը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ակտիվությամբ, թույլ է տալիս ենթադրել, որ այս փուլում կպահպանվեն միայն էսկալացիայի մասին խոսակցությունները, որոշակի լարվածություն՝ հանրային տիրույթում, սակայն ավելի մեծ լարում չի լինի։ Ներկայումս ակտիվ բանակցային փուլ է աշխարհում թե՛ մեծ, թե ՛փոքր խաղացողների միջև։ Եթե ռեգիոնն անուշադրության մատնվի, ապա վտանգավոր միտումները կխորանան»,- ասաց Սիմոնովը։