«Այդ հանդիպումները «ջուրծեծոցի» են, մինչև Փաշինյանին չհեռացնեն, մեր հարցը չի լուծվելու. գնամ ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի՞ն տեսնեմ, դրա պատկե՞րը, պահվա՞ծքը». Անհետ կորած զինծառայողի մայր
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներն արդեն 5 տարի պայքարում են, որպեսզի իրենց որդիների ճակատագրերի վերաբերյալ որևէ տեղեկություն ստանան։ Նրանք տարբեր գերատեսչությունների դռներ են թակել, հանդիպումներ ունեցել, սակայն մինչև այս պահը որևէ տեղեկություն նրանք չեն ստացել՝ շարունակում են ապրել անորոշության մեջ։
Հունվարի 30-ին և մարտի 31-ին ԱԺ-ում անհետ կորած զինվորների ծնողների և ՀՀ պատկան մարմինների ղեկավարների միջև փակ հանդիպում է տեղի ունեցել։
Երկու հանդիպումներից էլ ծնողների մեծ մասը դժգոհ են՝ ասելով, հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ նա ո՛չ այդ փակ հանդիպումներին է մասնակցում, ո՛չ էլ իրենց որևէ հստակ խոսք ասում։
«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, ԱԺ փակ հանդիպումներին չի մասնակցել, քանի որ այս իշխանություններից որևէ ակնկալիք չունի։
«Այդ հանդիպումներն արդեն «ջուրծեծոցի» են, կանչում են, գլխներիս տակ փափուկ բարձ են դնում ու ճանապարհում են։ Ինքս արդեն որևէ բանի չեմ հավատում ու չեմ էլ ուզում իրենց հետ շփվել։ Ուղղակի բոլորիս հավաքում են ու գլխներից ռադ են անում։ Մինչև Նիկոլ Փաշինյանին չհեռացնեն, մեր հարցը չի լուծվելու, սա ամեն ինչ անում է, որ մեր երեխաների հարցը չլուծվի։ Եթե այս հարցին լուծում լինի, միայն սրա հեռացումից հետո է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Մանավազյանը։
Նա նշեց, որ նախկինում որոշ առումով հավատում էր ԱԱԾ տնօրենին, հավատում էր, որ նա որոշակի քայլեր իրականացնում է, սակայն հետո հասկացել է, որ բոլորն էլ նույնն են, պարզապես ԱԱԾ տնօրենն անհետ կորած զինծառայողների ծնողներին ավելի կիրթ ձևով է մոտենում։
«Իրենք չգիտեն էլ, թե մեր գործերն ուր են, 2025 թվականին իրենց մոտ ընդհանրապես ոչ մի «պապկա» չկա, հարցնում ենք՝ մեր երեխաների գործերն ո՞ւր են, մեկը մյուսի վրա գցելով՝ ման են գալիս։ Կորցրել են երևի, չկա»,- հավելեց Կարինե Մանավազյանը։
Տիկին Կարինեն համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի իրենց տղաների հարցը լուծվի, պատճառը, ըստ նրա՝ ակնհայտ է.
«Մեր տղաների գալուց հետո այնքան բան ջրի երես դուրս կգա, ինքն ինչո՞ւ պետք է ուզենա, որ մեր երեխեքը հետ գան։ Ամեն անգամ մեզ ասում էր՝ Ալիևը չի տալիս… դու հո տվող ես, ամբողջ Հայաստանը վաճառեցիր, ինչի՞ դիմաց վաճառեցիր։ Այդքան տալիս ես, դիմացը գոնե մի բան վերցրու։ Դրա համար որևէ մեկին չեմ հավատում, գնամ իրենց հետ հանդիպման՝ ի՞նչ անեմ։ Գնամ ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի՞ն տեսնեմ, դրա պատկե՞րը, պահվա՞ծքը»,- ընդգծեց Կարինե Մանավազյանը։



