2016 թվականից ի վեր՝ հայ-թուրքմենական օրակարգում ներառված էր էներգետիկ փոխգործակցության հարցը. Վահե Դավթյան

Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան. Երևանում անցկացված Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը։

Պաշտոնյան նաև հավելել է՝ վերջին մի քանի տարիների ընթացքում հայաստանյան պատվիրակություններն այցելություններ են ունեցել Թուրքմենստան, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են էներգետիկային և հարակից տարբեր ոլորտներին։

168.am-ի հետ զրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը հստակեցրեց՝ սա նոր նախաձեռնություն չէ։

«Տարիներ շարունակ՝ առնվազն 2016 թվականից ի վեր, հայ-թուրքմենական օրակարգում ներառված էր այս հարցը: 2017թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան կատարած այցի ժամանակ Բերդիմուհամեդովի հետ քննարկման առանցքային հարցերից էր էներգետիկ փոխգործակցությունը: Սակայն Հայաստանը երբեք ուղղակիորեն գազ չի ստացել Թուրքմենստանից։ 1990-ականներին Թուրքմենստանը Հարավային Կովկասի հիմնական մատակարարն էր, այդ թվում՝ Հայաստանի համար։ Մատակարարումներն իրականացվում էին Վրաստանի տարածքով անցնող գազատրանսպորտային համակարգով։ Պարտքերի և տարանցման հետ կապված դժվարությունների պատճառով Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարումներն անկայուն էին և վերջնականապես դադարեցվեցին։ 2000-ականների սկզբից Հայաստանն ամբողջությամբ անցավ ռուսական գազի ներմուծմանը՝ Վրաստանի տարածքով»։

Կարդացեք նաև

Վահե Դավթյանը նկատեց՝ թեև հետագայում գազի մատակարարումների դիվերսիֆիկացիայի հարցերը քննարկվել են, սակայն 1990-ականներից հետո Թուրքմենստանի հետ իրական պայմանավորվածություններ չեն եղել։

«Այժմ, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա՝ Իրանի տարածքով սվոփային մատակարարումների սխեմայով։ Այսինքն՝ Թուրքմենստանը գազի որոշակի ծավալ կարտահանի Իրան, վերջինս էլ համապատասխան ծավալ կարտահանի Հայաստան՝ Իրան-Հայաստան գազամուղով»,- հավելեց էներգետիկ հարցերով փորձագետը։

Սա կարո՞ղ է դառնալ ռուսական գազի այլընտրանք` հետաքրքրվեցինք մասնագետից։

Ի պատասխան՝ նա նշեց, որ ռուս-իրանական էներգետիկ կապերը մտել են ռազմավարական տիրույթ, ուստի Թեհրանը դժվար թե այս կոնֆիգուրացիայում մասնակցի գործարքի, որը կարող է ուղղված լինել ռուսական էներգետիկ գործոնի նվազեցմանը։

«Կարծում եմ` այսպիսի փոխգործակցության իրականացումը կարող է նախևառաջ բխել Իրանի շահերից, որի էներգետիկ համակարգը վերջին շրջանում գտնվում է նախաճգնաժամային պայմաններում՝ հատկապես հաշվի առնելով հյուսիսային նահանգներում աճող պակասորդը:

Ըստ այդմ, Թեհրանի համար նպատակահարմար է հայաստանյան ուղղությունը պահպանելու համար սվոփային տարբերակով համագործակցել Թուրքմենստանի հետ՝ ավելացնելով Իրան-Հայաստան գազամուղով արտահանվող գազի ծավալները՝ դրա դիմաց ստանալով Հայաստանից ավելի շատ էլեկտրաէներգիա, որի պահանջարկն այսօր Իրանում շատ մեծ է:

«Գազպրոմի» հետ մրցելու փորձ այստեղ չեմ տեսնում,- մանրամասնեց Վահե Դավթյանը՝ հիշեցնելով,- Հայաստանի ողջ գազատրանսպորտային համակարգը՝ ներառյալ Իրան-Հայաստան գազամուղը, հանդիսանում է ռուսական ընկերության սեփականությունը, ուստի, այս հարցում շրջանցել ռուսական գործոնը գրեթե հնարավոր չէ: Հայտնի է նաև, որ վերջերս Մոսկվան ու Թեհրանը որոշում կայացրեցին Ադրբեջանի տարածքով գազի մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ՝ մինչև 55 մլրդ խմ/տարի ընդլայնվելու հեռանկարով:

Դա նշանակում է, որ ռուս-իրանական էներգետիկ կապերը մտել են ռազմավարական տիրույթ, ուստի Թեհրանը դժվար թե այս կոնֆիգուրացիայում մասնակցի մի գործարքի, որը, ըստ էության, կարող է ուղղված լինել Հայաստանում ռուսական էներգետիկ գործոնի նվազեցմանը»։

Տեսանյութեր

Լրահոս