
Փոխանցիկ Սարիկն ու առնետային դիվանագիտությունը

Երկակի ստանդարտները ժամանակակից քաղաքականության անբաժանելի մասն են, որոնք առավել ցայտուն կերպով դրսևորվում են միջազգային հարաբերություններում, երբ տարբեր երկրներ միևնույն հարցի վերաբերյալ իրենց շահերից ելնելով՝ ցուցաբերում են տրամագծորեն հակառակ մոտեցումներ։
Պետությունների մեծ մասն այս կամ այն սկզբունքին հավատարիմ է, եթե դա նպաստում է սեփական շահերին, և հակառակը՝ կարող է թքած ունենալ, եթե նույն սկզբունքը մեկ այլ երկրում բռնաբարվում է, սակայն այդ բռնաբարությունը շահավետ է իրենց համար։ Ամենատարբեր առանձնահատկություններով երկակի ստանդարտների օրինաչափությունն այն է, որ աշխարհում չկա որևէ երկիր, որը որևէ ստանդարտ կիրառում է ի վնաս սեփական և ի օգուտ այլ, այդ թվում՝ թշնամական պետության շահերի։ Բացառությամբ Հայաստանի։ Այստեղ երկակի ստանդարտները դրսևորվում են համաժամանակյա ռեժիմում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցում են «նախկին թալանչիները», «ապօրինի հարստացածները», որ Գյումրիի ընտրություններին «մասնակցում է 350 միլիոն դոլարի ապօրինի գույք», և, որ բոլոր այդ «առնետներն» իր իշխանության կողմից արժանի պատասխան կստանան։ Ընդունենք՝ Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսանոց ճշմարտություն է ասում և սեփական ձայնալարերը Գյումրիում պատռում էր ոչ թե բազմաթիվ պատկանելություններ ունեցող որևէ Սարիկի քարոզչության կեղտոտ, այլ ժողովրդից թալանվածը վերադարձնելու մաքուր նպատակներով։ Այսինքն՝ ենթադրենք, որ գործ ունենք մեկի հետ, ով արդարության ու հակաօրինականության դեմ պայքարի անխոնջ մարտիկ է։
Մինչ այս վարժության մասնակիցները կընդունեն անհնարին թվացող այդ կանխավարկածը, Գյումրիից Երևան շտապած Փաշինյանը լայնարձակ ժպիտով ընդունեց թուրք լրագրողներին, որոնց հետ զրույցի մանրամասներն ընդունելու հարցում իրենց հայ համարողները մեծագույն դժվարություններ են ունենալու առաջիկա օրերին և շաբաթներին։
Մինչ թուրք լրագրողների կառավարական ընդունելությունը, Հայաստանի արտգործնախարարը մայրաքաղաքից մայրաքաղաք է շտապում՝ կրկնելու Փաշինյանի մանտրան, որ Հայաստանն աներեր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս երկու իրականությունները երկակի ստանդարտների դրսևորման ցայտուն օրինակներ են։ Եթե խոսքն ապօրինի հարստացման, ժողովրդից թալանված ունեցվածքի մասին է, ապա Գյումրիի ընտրություններին «մասնակցող 350 միլիոն դոլար ապօրինի գույքը» ոչինչ է՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, էթնիկ զտման արդյունքում հայերից խլված տասնյակ-հազարավոր քառակուսի կիլոմետրերի, բազմամիլիարդանոց հանքավայրերի, բնական ռեսուրսների, մարդկանց սեփականության, գույքի համեմատ։
Փաշինյանն ահա Գյումրիում և ընդհանրապես խոստանում է պատժել բոլոր «առնետներին», բայց երբ խոսքը վերաբերում է թշնամական երկրների կողմից իրականացվածին, պետության վարքագիծը հասցնում է թակարդում հայտնված առնետի խլրտոցի։ Սա երկակի ստանդարտի կիրառման առանձին վերցրած, բայց ցցուն օրինակ է, որով, ի տարբերություն երկակի ստանդարտներով առաջնորդվող աշխարհի մնացած երկրների, սպասարկվում են այլ, դեռևս թշնամական պետությունների շահերը՝ փաթեթավորված փոխանցիկ դրոշի վերածված որևէ պատկանելությամբ Սարիկի քարոզչությամբ։
Հարություն Ավետիսյան