
Իշխանությունները լավ հասկանում են՝ Գյումրիում պարտությունը կարող է իրենց սրբել-տանել քաղաքական դաշտից ամբողջ Հայաստանով մեկ․ քաղաքագետ

Մարտի 30-ին Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այցելեց Գյումրի՝ ոգեշնչելու «իրենց Սարիկին», որը, ինչպես հիշում եք, իրենցն էր դարձել Գյումրիում քաղաքապետի ժ/պ-ի պաշտոնը ստանձնելուց հետո։
168․am-ը քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի դեմքով ընտրությունների նախընտրական քարոզարշավին մասնակցելը վկայում է այն մասին, որ իշխանությունները, մեղմ ասած, վստահություն չունեն ընտրություններում իրենց ուժի հաղթանակի հարցում։
«Ոչ թե վստահ չեն, այլ իրենք համոզված են՝ Գյումրիում պարտվում են․ ՔՊ-ն այսօր Գյումրիում ձայն չունի, իսկ քարոզարշավի ընթացքում հետզհետե ավելի են վատանում ՔՊ դիրքերը։ Դրա համար, այո՛, իշխանական թիմն ամբողջությամբ՝ Փաշինյանից սկսած, լծվել են Գյումրիում ընտրությունները կազմակերպելու գործին։ Ի դեպ, նաև մարզպետը հայտարարեց, որ արձակուրդ է գնում այդ նպատակով։
Այսինքն՝ գործի են դրվելու բոլոր հնարավոր մեխանիզմները՝ Գյումրիում ընտրությունները գողանալու համար․ արդեն իսկ այդ վարչական ռեսուրսներն ամբողջ թափով աշխատում են ՔՊ թեկնածուի օգտին։ Այո, նրանք գիտեն, որ այնտեղ լուրջ պրոբլեմ ունեն»,- ի պատասխան՝ մանրամասնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քանի որ Գյումրիում ու Գյումրիից հետո Նիկոլ Փաշինյանը նորից հիշեց նախկիններին, նախկինների թալանը, քաղաքագետից ճշտեցինք՝ այս անգամ կաշխատի՞ նրա՝ նախկիններով վախեցնելու սցենարը, եթե հաշվի առնենք, որ անգամ ֆեյսբուքյան էջերում Նիկոլ Փաշինյանի համակիրները նախկին ոգևորությամբ չեն արձագանքում նրա հին ոճին։
Արձագանքելով՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց․ «Այո, Փաշինյանը նախկին մեթոդներով է փորձում իրավիճակ փրկել, բայց ավելի քան համոզված եմ՝ արդեն իսկ մի քանի անգամ օգտագործված այդ հնարքներն այն արդյունավետությունը չեն ուեննալու։
Ամեն դեպքում, ըստ իս, Գյումրիի հետ կապված քննարկվող հարցերին այլ ընթացք տալով՝ իշխանությունը պարզապես պատրաստում է այս ընտրությունները գողանալու սցենարը»։
Վերջինի համատեքստում վերլուծաբանը հնարավոր համարեց՝ ինչպես մարդկանց «վախեցնելու» միջոցով իրենց օգտին քվեարկելու, այնպես էլ՝ վարչական ռեսուրս օգտագործելու ոճը, ապա նաև՝ հետընտրական փուլում առերևույթ ընդդիմադիր ուժերի համագործակցությամբ (օրինակ, «Եվրադաշինք» կոչված միավորման հետ) հաղթանակ ապահովելու փորձը:
«Ամեն դեպքում, այդ լաչառությունն այս անգամ չի օգնելու, և դրա մասին անգամ Փաշինյանը գիտի։ Հենց այդ պատճառով է, որ ինչ ունեն-չունեն իրենց զինակազմում, օգտագործվում է։
Այդ հաղթանակն ապահովելու համար իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնի․ լավ հասկանում են՝ Գյումրիում պարտությունը կարող է իր հետևից մեծ ալիք բերել, ու ընդհանրապես իրենց սրբել-տանել քաղաքական դաշտից ամբողջ Հայաստանով մեկ։
Գյումրին իրենց համար քաղաքական տեսակետից, փաստացի, կյանքի-մահի կարևորություն ունի, և իրենք ամեն ինչ անելու են Գյումրիում չպարտվելու համար՝ ընտրակեղծիքներ, շանտաժի միջոցով ընտրված ավագանուն իրենց կողմ տանելու մարտավարություն, ձերբակալություններ և այլն։
Այս գործելաոճի մի մասն արդեն Երևանում փորձարկվել է, իսկ Գյումրիում դա առավել ցայտուն է երևալու»,- շեշտեց նա։
Ըստ քաղաքագետի՝ ընտրական պրոցեսներից, նման զարգացումներից հանրությանը շեղելու համար իշխանությունը դարձյալ կդիմի շեղող օրակարգերի։
Ամեն դեպքում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ Գյումրին դառնա այս իշխանությունենրի հեռացման վերջին արարը։
«Գյումրին պարտավոր է դառնալ․ որտեղից սկսվել է ամեն ինչ, այնտեղ էլ պետք է ավարտվի այս չարիքը։ Քաղաքական տարին բացվում է Գյումրիից, և ինչո՞ւ չէ, կարելի է այնտեղից էլ սկսել և առաջ գնալ։
Համենայն դեպս, ես տեսնում եմ, որ Գյումրիում ընթացող պայքարում թեկնածուներից Ռուբեն Մխիթարյանը, օրինակ, խնդիրը չի դիտարկում միայն Գյումրիում հաղթելու տեսակետից. նա հստակ ասում է, որ Հայաստանում խնդիր ունեն լուծելու, Մարտուն Գրիգորյանը ևս իր խոսույթում բարձրաձայնում է ՔՊ-ի իշխանությունը բացառելու անհրաժեշտության մասին։ Այսինքն՝ այդ ուղերձներն արդեն իսկ Գյումրիից ստացվում են, ու վստահ ենք, որ աշխատելու պարագայում՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունը, հնարավոր է՝ դառնա քաղաքական նոր պրոցեսի մեկնարկը, որը իսկապես կբերի այս իշխանություններից ձերբազատվելուն»,- ամփոփեց քաղաքագետը։
Ի դեպ, այս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մարտի 15-28-ն է՝ մինչև 24։00-ն։