
Կառավարությունը գործարարներին «մահակի տակ» պահող նախագիծ է ներկայացրել. Նաիրի Սարգսյան
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում։ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ և 91-րդ հոդվածը։
Ինչ ունեինք մինչև առաջարկվող այս փոփոխությունը
Եթե հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կազմվում էր վարչական ակտ, ապա՝ նշանակվում տուգանք կամ սահմանվում հավելյալ հարկային պարտավորություն, այդ ակտի վիճարկման նպատակով ներկայացված հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու դեպքում այդ հարկային մարմնի ակտը ենթակա չէր վճարման մինչև դրա վերաբերյալ դատարանի կողմից կայացված վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելը։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է
Փոխել օրենքի համապատասխան հոդվածները, և, եթե հարկային մարմինը տնտեսվարողի կամ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանել է տուգանք կամ հարկային պարտավորություն, ապա տնտեսվարողին պարտավորեցնել վճարել այդ տուգանքը կամ հավելյալ հարկային պարտավորությունը՝ նախքան դատարանի կողմից օրենքի ուժ ստացած վճիռը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, որն առաջինն էր ահազանգել օրենսդրական այս փոփոխության մասին, նշեց՝ առաջարկվող փոփոխությունը պետք է դիտարկել Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնելու համար խնդիրներ ստեղծելու համատեքստում։
«Այս Կառավարությունն ունի գործարարների նկատմամբ տոտալ վերահսկողության սահմանման, գործարարներին մահակի տակ պահելու և Հայաստանի ապամոնտաժման ծրագիր. այդ դեպքում Հայաստանը որպես պետություն՝ գոյություն չի ունենա և չի լինի նաև՝ որպես պահանջատեր։
Էլ ի՞նչ անի Փաշինյանը, որ հասկանաք՝ հանձնում է Հայաստանը. նա բացել է երկրի դարպասները թշնամու առաջ, երկրի ներսում կոտրել ժողովրդի դիմադրողականության ոգին, հիմա էլ այնպիսի մահակներ է ստեղծում, որ կարողանա երբ ուզի՝ հարվածի»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Խոսելով Արդարադատության նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների հետևանքների մասին, նա ընդգծեց.
«Եկեք հիշենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե բա կա՞ դատավոր, որն իմ ասածը չանի, կամ՝ թե բա դատարանները կոռումպացված են։ Հիմա դատարանները կվախենան մտնել բեռի տակ և տուգանք սահմանած մարմնին ասել՝ ոչ, կամ լինելու են կոռուպցիոն գործարքներ։ Դատարանները կատարելու են նաև պատվերով միջնորդություններ՝ Կառավարությունից և ՊԵԿ-ից զանգեր ստանալու հետևանքով։ Սա բերելու է նրան, որ մարդիկ իրենց կապիտալը կտեղափոխեն այլ երկիր. կապիտալի փախուստ է տեղի ունենալու, առաջանալու է գործազրկության մի նոր ալիք, արտագաղթի աճ ենք ունենալու։ Ի՞նչ է սա նշանակում. նշանակում է, որ Փաշինյանը ռումբեր է դնում Հայաստանի Հանրապետության գոյության տակ»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։