Թուրքիան մեծ «առևտուր» է սկսում՝ Ուկրաինա, Սիրիա, քրդական հարց․ ի՞նչ է սպասվում Հայաստանին
Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների տապալումից հետո՝ Թուրքիան պատրաստվում է նոր թափով իր հնարավոր միջնորդական դերակատարության ամրապնդմանն ու հետագայում՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունում էական ներկայությանը։ Թուրքիայի այս հնարավոր ջանքերը գործընթաց ներմուծվում են Մեծ Բրիտանիայի ակտիվ ջանքերին զուգահեռ։
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո մեկնարկած ռուս-ամերիկյան բանակցությունների երկրորդ ռաունդը տեղի ունեցավ Ստամբուլում։ Դրան նախորդել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Թուրքիա, որտեղ նա հայտարարել էր, թե վստահում է Թուրքիայի անվտանգության երաշխիքներին։ «Եթե խոսենք անվտանգության երաշխիքների մասին, ես իմ գործընկերներին ասել եմ, որ մենք պետք է վստահենք Թուրքիային և Թուրքիայի նախագահին։ Ինչո՞ւ, որովհետև դա շատ կարևոր է։ Տեսնենք՝ ո՞վ պատրաստ կլինի միասնության համար իրական թվեր տալ, իրական մարդիկ, իրական ռազմանավեր»,- նշել էր Զելենկսին։
Օրերս բրիտանական Bloomberg-ը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, գրեց, որ Թուրքիան, որն ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենամեծ բանակն ունի ՆԱՏՕ-ում, պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հնարավոր խաղաղապահ առաքելության շրջանակներում։ Գործակալության զրուցակիցները, անանուն մնալու պայմանով, նշել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փետրվարի սկզբին Անկարայում առանձին հանդիպումների ժամանակ քննարկել է այդ թեման Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Լրատվամիջոցը նաև հիշեցնում է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած դիտարկումը, որ կաջակցի եվրոպացի դաշնակիցների մասնակցությանը խաղաղապահ ուժերին և անվտանգության երաշխիքներ կտա Ուկրաինային՝ միաժամանակ բացառելով ԱՄՆ-ի անմիջական դերը դրանում։
Եվ ըստ Bloomberg-ի, Թուրքիայի պատրաստակամությունը՝ օգնելու հնարավոր հրադադարի մոնիտորինգին, կարևոր է Եվրոպայում դաշնակիցների, այդ թվում՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար, որոնք դրա համար ծրագրեր են մշակում: Սակայն, ինչպես նշում են Bloomberg-ի աղբյուրները, Անկարան չի դառնա որևէ խաղաղապահ առաքելության մաս, քանի դեռ չի մասնակցել նման առաքելության բոլոր խորհրդակցությունների և այլ գործողությունների նախապատրաստությանը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեռևս փետրվարի 26-ին Կատար կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում ասել էր, որ ռուսական կողմը չի դիտարկում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու որևէ տարբերակ։ Լավրովի խոսքով՝ այս պահին Ռուսաստանին ոչ ոք չի հարցրել Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու հնարավորության մասին, թեև, ինչպես նշել է ռուս նախարարը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ նման տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող երկու կողմերի համաձայնությամբ։
Ուկրաինական գլոբալ պատերազմում Թուրքիայի հնարավոր ավելի մեծ դերակատարության շուրջ լայն քննարկումներին զուգահեռ՝ ակտիվացել են թուրք-բրիտանական շփումները։
Մարտի 1-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննարկում էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Բրիտանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Սթարմերը խոսել է ԱՄՆ կատարած իր վերջին այցի և եվրոպական անվտանգության պահպանման համար միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին։ «Ուկրաինայում պատերազմի քննարկման ժամանակ վարչապետը (Քիր Սթարմերը) հաստատել է Միացյալ Թագավորության հավատարմությունը՝ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ ռուսական ագրեսիան զսպելու համար: Վարչապետը ներկայացրել է իր նպատակները, որ թուրքական կողմին կհրավիրի կիրակի Լոնդոն եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողովի համար, և ասել, որ անհամբեր սպասում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կմասնակցի այդ բանակցություններին։ Ղեկավարները պայմանավորվել են կապ պահպանել»,- նշվել էր հաղորդագրությունում։
Նույն օրը՝ Թրամփ-Զելենսկի բանակացությունների տապալումից հետո, ՌԴ ԱԳ նախարարը զանգահարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով տեղեկացրել էր Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանին «Թուրքական հոսք» գազատարին Ուկրաինայի զինված ուժերի հարվածելու փորձի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զինված ուժերը փորձել էին գրոհել «Թուրքական հոսքի» կոմպրեսորային կայանը Հայկաձոր բնակավայրում (Կրասնոդարի երկրամաս)՝ գազի մատակարարումը Եվրոպա դադարեցնելու համար: «Նախարարը համոզիչ կերպով խնդրել է իր թուրք գործընկերոջը Կիևի հետ աշխատանքում օգտագործել Անկարայի ունեցած հնարավորությունները՝ կանխելու համար Կիևի ռեժիմի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների նկատմամբ ահաբեկչություններ իրականացնելու նման փորձերը»,- ասված էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Նախարարության տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը վստահեցրել է, որ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Որպես շարունակություն փետրվարի 24-ին Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների՝ նախարարները վերահաստատել էին Ռուսաստանի և Թուրքիայի հետագա համաձայնեցված աշխատանքի կարևորությունը:
Թուրքական Anadolu-ն, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրել է, որ Թուրքիան և Մեծ Բրիտանիան երկուշաբթի օրն Անկարայում խորհրդակցություններ կանցկացնեն Սիրիայի հարցով։ Բանակցությունները կգլխավորեն Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը և Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցով նախարար Հեմիշ Ֆալքոները, հայտնել են աղբյուրները։ Խորհրդակցությունները նվիրված են լինելու Սիրիային և օրակարգում դրված տարածաշրջանային այլ խնդիրների։ Ակնկալվում է, որ Յըլմազը կներկայացնի Թուրքիայի տեսակետներն ու ակնկալիքները՝ կապված Սիրիայում անվտանգության, կայունության և տնտեսական իրավիճակի հետ։
Նախօրեին՝ մարտի 2-ին, Լոնդոնում տեղի ունեցավ Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Դրան մասնակցեցին եվրոպական երկրների և Կանադայի ղեկավարները, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը: Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարեց, որ մասնակիցները համաձայնել են մշակել Ուկրաինայի խաղաղության ծրագիր, որը պետք է ներկայացվի ԱՄՆ-ին: Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի Վաշինգտոնը կարողանա անվտանգության երաշխիքներ առաջարկել՝ Ռուսաստանին զսպելու համար: Նրա խոսքով՝ առաջնորդները համաձայնել են, որ պետք է ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա, որպեսզի ցույց տան Թրամփին, որ Եվրոպական մայրցամաքը կարող է պաշտպանել իրեն:
ԵՄ առաջնորդները խուսափել են մանրամասներ ներկայացնել իրենց ծրագրից: Գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ծրագիրը ներառում է մեկամսյա հրադադար, որը կվերաբերի օդային և ծովային հարձակումներին, բայց ոչ ցամաքային մարտերին: Եվրոպական զորքերը կտեղակայվեն Ուկրաինայում կայուն խաղաղության համաձայնագրի հաստատումից հետո:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը գագաթնաժողովը որակել է «անկեղծ քննարկում»։ Նա նշել է, որ պետք է ուժեղացնել նաև Եվրոպայի պաշտպանությունը՝ ասելով. «Այժմ մեզ համար չափազանց կարևոր է մեծացնել ծախսերը. պետք է նախապատրաստվել վատագույնին»:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին էլ գագաթնաժողովից հետո շեշտել է ՆԱՏՕ-ի և Արևմուտքի միասնության անհրաժեշտությունը: Իտալիայի վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է հասնել կայուն խաղաղության, ցանկացած փխրուն համաձայնագիր կարող է խախտվել:
Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ եվրոպական երկրները համակարծիք են պաշտպանական ծախսերն ավելացնելու և Ուկրաինային օգնությունն ավելացնելու հարցում: Դոնալդ Տուսկը հավելել է, որ Լոնդոնի գագաթնաժողովի բոլոր մասնակիցները ցանկություն են հայտնել ամրապնդել Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները: Նա հույս է հայտնել, որ մարտի 6-ին ԵՄ առաջնորդների հանդիպումը «հստակ ազդակ» կլինի, որ ոչ ոք չի ենթարկվի ռուսական շանտաժին և ագրեսիային:
Լոնդոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի օգնությունը Կիևին, քանի որ Վաշինգտոնը դժվար թե ցանկանա օգնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա հավելել է, որ պատրաստ է ստորագրելու ԱՄՆ-ի հետ հազվագյուտ մետաղների համաձայնագիրը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի հետ:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված Ուկրաինայի հարցով հանդիպումն ավարտելուց հետո զրուցել է թուրքական մամուլի ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ վերջերս հայտարարված ԱՄՆ քաղաքականությունը որոշ հարցեր է առաջացնում եվրոպացի առաջնորդների մոտ, հատկապես՝ Ուկրաինայի և ընդհանրապես եվրոպական անվտանգության հետ կապված։ Նա նշել է, որ նման խորհրդակցություններ նախատեսվում է անցկացնել երկու-երեք շաբաթը մեկ՝ իրավիճակն արագ քննարկելու համար։
«Մենք ակնկալում ենք անհապաղ զինադադար, որին կհետևի անցում՝ դեպի կայուն խաղաղություն: Տարբեր երկրներ տարբեր տեսակետներ ունեն այս գործընթացի պայմանների վերաբերյալ»,- նշել է Ֆիդանը` ընդգծելով, որ հանդիպումների ձևաչափն ավելի հաճախակի է դառնալու նախորդ վեցամսյա կամ երկամսյա պարբերականության համեմատ։ Ֆիդանը մատնանշել է, որ եվրոպացի առաջնորդների միջև առկա են տարաձայնություններ՝ Վաշինգտոնի վերջին քայլերի գնահատման հարցում: «Մենք վերլուծում ենք խաղաղության համաձայնագրի հեռանկարները և Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության հնարավոր ձևավորումը։ Թուրքիան պատրաստ է նպաստել՝ ինչպես դիվանագիտական կարգավորմանը, այնպես էլ՝ ԵՄ-ի կայունության ամրապնդմանը»,- ասել է նա։
Այս ամենի ֆոնին, թեև ռուս-թուրքական հարաբերությունները և համագործակցությունը շարունակվում է, վերջին տարիներին կա էական անվստահություն այս հարաբերություններին, որով պայմանավորված, թեև Անկարան սպասում է, սակայն այդպես էլ տեղի չի ունենում Պուտինի այցը Թուրքիա։ Պատահական չէ թերևս, որ այս ամենի ֆոնին ռուսական Ria Novosti գործակալությունը, հղում անելով իր թուրքական աղբյուրներին՝ հայտնեց, որ Անկարայում սպասում են Վլադիմիր Պուտինին։ Ռուս-ամերիկյան բարդ բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ-Եվրոպա-Ուկրաինա տարաձայնությունների ֆոնին Անկարան փորձում է հաստատել իր դիրքերն Ուկրաինայում։ Իբրև թե պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ Թուրքիան իր շահերի հետևից է պատրաստվում «գնալ» Ուկրաինա։ Վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, թե Ղրիմը պետք է վերադառնա Ուկրաինային, և դա միջազգային իրավունքի պահանջ է։
Այս գործընթացներն ուղիղ վերաբերում են նաև Հարավային Կովկասին, որտեղ ազդեցության համար մրցակցում են Թուրքիան, Ռուսաստանն ու մի փոքր էլ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիան իր պատմական շահերի բոլոր գոտիների ուղղությամբ ներկայումս ակտիվ գործընթացներ է նախաձեռնել ու ծավալում. խոսքը Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, ինչպես նաև Ուկրաինայի մասին է, մասնավորապես՝ Ղրիմի։

Ըստ նրա, Թուրքիան ոչ թե խաղաղության հեռանկարով է շահագրգռված, այլ այն հնարավոր շահերով, որոնք կարող է ստանալ իր միջնորդության հետևանքով։
«Սա մի միջնորդություն է, որն առաջ է մղում բրիտանական կողմը, որը հետևում է Թուրքիայի բանակցություններին թե սիրիական, թե ուկրաինական ուղղությամբ, թե նաև հարավկովկասյան ուղղությամբ։ Այս պահին, թերևս, ավելի ակտուալ են առաջին երկու ուղղությունները, և նրանք օգտվում են այն զարգացումներից, որոնք առաջանում են ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումների հետևանքով։ Թրամփն ասում է, որ կարող է բանակցել լուծում, սակայն դա է ասում նաև Թուրքիան, թեև ուժերը հավասարազոր չեն։ Սակայն սա ցույց է տալիս Թուրքիայի հավակնությունները և աշխարհաքաղաքական իրավիճակից ճիշտ պահին օգտվելու ունակությունը։ Բնականաբար, ԱՄՆ ներկայիս դիրքավորման ֆոնին Զելենսկին հայտնվել է բարդ իրավիճակում և ակնկալում է աջակցություն նաև Թուրքիայից, թեև այստեղ հաշվի չի առնում, թե որոնք են Ուկրաինայում Թուրքիայի շահերը։
Կարծում եմ՝ Լոնդոնի հանդիպումը չափազանց կարևոր էր ներեվրոպական քննարկումների մեկնարկը տալու տեսանկյունից, սակայն դրանք դեռ նոր են սկսվում։ Երևում է, որ շատ հարցերի շուրջ դեռ պետք է համաձայնության հասնեն»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ Թուրքիան պարզապես օգտվում է իրավիճակից, փորձելով հաստատվել այնտեղ, որտեղ որ հնարավոր է։ Նա, ըստ վերլուծաբանի, զուգահեռաբար քրդական ուղղությամբ է փորձում վերջնական հաղթանակ արձանագրել։
«Սակայն այստեղ էլ դեռ վաղ է գնահատականներ տալ, քանի որ Օջալանի՝ զենքերը վայր դնելու կոչից հետո Սիրիայի քրդերը հայտարարել են, որ դա իրենց չի վերաբերում։ Սա ամեն դեպքում ցույց է տալիս, որ թուրքական դիվանագիտությունն ինտենսիվ աշխատում է Սիրիայում տեղի ուժերի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ իր ամենամեծ խնդիրներից մեկը՝ քրդական հարցը լուծելու համար։ Ուկրաինայում էլ միջնորդական դերը ևս Թուրքիային աշխարհաքաղաքական առևտրի հնարավորություն կտա, սակայն այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք այդ դերը կընդունվի միանշանակորեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից։ Ռուսաստանում լավ են հասկանում, թե այդ միջնորդության ցանկության հիմքում ինչ վտանգներ են թաքնված»,- ասաց վերլուծաբանը։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է՝ ավելորդ է ասել, որ այս աշխարհաքաղաքական բանակցությունները տարբեր թեմաների շուրջ վերաբերում են Հարավային Կովկասին ևս։ «Բանակցողները նույնն են, թեմաները՝ տարբեր։ Ուստի սա նշանակում է, որ կան թե հնարավորություններ, թե վտանգներ, քանի որ ընթանում է մեծ առևտուր։ Ռուսաստանի դիրքերն ամրապնդվում են, դրանից շատ բան է կախված նաև Հարավային Կովկասում, քանի որ ավանդաբար ամենամեծ ազդեցությունն այս ռեգիոնում ունեցել է Ռուսաստանը, և կարծում եմ՝ առավել ևս ներկայումս ՌԴ-ն պատրաստ չէ զիջել իր բոլոր դիրքերը, այլ փորձելու է հակառակն անել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։



