Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել Մերձավոր Արևելքից եկող ռազմական սպառնալիքները։ Այս մասին Փեզեշքիանն ասել է Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ազ-Զայդիի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կոչ արեցի ԱՄՆ-ին հեռացնել ռազմական սպառնալիքները մեր տարածաշրջանից. շիականության ուսմունքի հետևորդներին հնարավոր չէ բռնի ուժով պարտադրել», – գրել է նա X-ում։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ազ-Զայդին հայտարարել է, որ Բաղդադը պատրաստ է հյուրընկալելու Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները և նպաստելու խնդիրների լուծմանն ու պատերազմների դադարեցմանը։
«Մենք այս քայլը համարում ենք մեր ուսերին դրված մարդասիրական, իրավական և քաղաքական պարտականություն», – նշել է նա։
Իր հերթին Փեզեշքիանը նշել է, որ Իրանը հակամարտություն չի փնտրում տարածաշրջանի երկրների հետ։
«Մենք որևէ հակամարտություն չենք փնտրում տարածաշրջանի մեր եղբայրների հետ։ Սակայն դառը իրականությունն այն է, որ տարածաշրջանի որոշ երկրներում տեղակայված ամերիկյան բազաներն…. օգտագործվել են մեր դպրոցները, հիվանդանոցները և ենթակառուցվածքները ռմբակոծելու համար», – նշել է նա։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերջին օրերին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի համար իր նոր անվտանգության ծրագիրը նպատակ ունի կանխել զենքի և զինամթերքի անցումը ջրային ուղիով դեպի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներ։



